«Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկքաղաքացիության ինստիտուտի ներդրման ճանապարհին չկան որեւէ քաղաքական կամ օրենսդրական խոչընդոտներ»,- ԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սահմանադրական օրենսդրության գծով Ռուսաստանի Դաշնության խորհրդի կոմիտեի նախագահ Յուրի Շարանդինը: Նրա խոսքերով, Ռուսաստանի Սահմանադրությունում չկա երկքաղաքացիության ինստիտուտի արգելք եւ Հայաստանի հետ համապատասխան նորմատիվ-իրավական ակտերի ստորագրման դեպքում երկքաղաքացիության ինստիտուտի հաստատման հարցում երկու երկրների միջեւ չի լինի որեւէ խնդիր: Երկքաղաքացիության հաստատման համար չկա որեւէ այլ պայման, բացի երկկողմ պայմանագրի ստորագրումից: Դրա համար ամենեւին էլ պարտադիր չէ ընդգրկվել որեւէ դաշնակցային ձեւաչափի մեջ կամ կատարել այլ պայմաններ. գտնում է Յու. Շարանդինը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանն արդեն համանման պայմանագրեր է կնքել հետխորհրդային որոշ երկրների հետ, եւ դրանք հաջողությամբ գործում են: «Եթե Հայաստանը եւ Ռուսաստանը բարի կամք դրսեւորեն, ապա երկու երկրների քաղաքացիները կապրեն երկքաղաքացիության ռեժիմում առանց որեւէ խնդիրների», – հայտարարել է Յու.Շարանդինը: