Մասնավորեցումից հետո «Հայֆիլմ» կինոստուդիան արդեն սկսել է որոշակի աշխատանքներ իրականացնել: Հիշեցնենք, որ օգոստոսին կայացած մասնավորեցման մրցույթում կինոստուդիայի սեփականատեր դարձավ «Արմենիա ստուդիոզ» ՓԲԸ-ն, որը հանդես էր գալիս Գաֆէսճեան հիմնադրամի անունից: Ստուդիան այսօր նոր անուն ունի՝ «Սի Էս ֆիլմզ»: Վերջին հանգամանքը «Հայֆիլմի» տնօրեն Գեւորգ Գեւորգյանը բացատրեց օրենքի պահանջով. «Մասնավորեցվող կազմակերպության նոր սեփականատերը 2 տարի իրավունք չունի օգտագործել ընկերության հին անվանումը»: Գ. Գեւորգյանի հավաստմամբ՝ Գաֆէսճեան հիմնադրամը գնել է նաեւ կինոստուդիայի լոգոն եւ անվանումը, եւ 2 տարի հետո ընկերությունը կրկին կկոչվի «Հայֆիլմ»:
Վերջին շաբաթվա ընթացքում Գաֆէսճեան հիմնադրամն արդեն ավարտել է մասնավորեցման հետ կապված բոլոր պետական գրանցումները, իրականացրել է բոլոր վճարումները: «Փաստորեն,«Հայֆիլմ» կինոստուդիան, այսուհետ որպես մասնավոր կառույց՝ հիմնադրամի ներդրումային ծրագրերով սկսում է վերափոխվել եւ դառնալ գերժամանակակից կինոֆաբրիկա»,- նշում է Գ. Գեւորգյանը՝ խոստանալով ապացուցել, որ Հայաստանում կազմակերպությունը կարող է մասնավորեցվել եւ միաժամանակ «ծառայել իր նպատակին»: Հասկանալի է, որ որքան էլ տնօրենի ու մեր բոլորիս ցանկություններն այս հարցի շուրջ համընկնում են, այնուամենայնիվ, որոշողը Գաֆէսճեան ընտանիքն է: Կինոարտադրության բյուջետային ֆինանսավորումը պահպանվելու է: Գ. Գեւորգյանի խոսքերով, 2006թ. մոտ 260 մլն դրամ հատկացվելու է գեղարվեստական, իսկ 120 մլն դրամ՝ մուլտիպլիկացիոն ֆիլմերի արտադրությանը: Պետբյուջեից ֆինանսավորվող բոլոր ծրագրերը կիրականացվեն կինոֆաբրիկայի տեխնիկական բազայի վրա:
Ի՞նչ է կատարվել այս ամիսների ընթացքում: Միայն «Հայֆիլմի» սեփականաշնորհումից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի ազգային կինո-հարստությունը երբեք չի էլ գտնվել Հայաստանում: Մինչեւ 1995-96թթ. նկարահանված բոլոր ֆիլմերը պահպանվել են Մոսկվայի պետական ֆիլմադարանում: Կա որոշում, որի համաձայն` բոլոր այդ ժապավենները համարվում են «խորհրդային հարստություն» եւ որեւէ հանրապետության չեն տրամադրվում: Իսկ ֆիլմերի «վերածնունդի» թվայնացման ու պահպանման համար անհրաժեշտ են օրիգինալ նեգատիվները: Գ. Գեւորգյանի խոսքերով, ԱՊՀ երկրներից միայն Հայաստանին է հաջողվել վերջին 3 ամիսների ընթացքում բացառության կարգով ստորագրել մի պայմանագիր, որով հայկական կինոյի բոլոր նմուշներն իրավունք են ստացել տեղափոխվել Հայաստան եւ թվայնացվել: Ի դեպ, Գ. Գեւորգյանը չհերքեց, որ այդ հաջողությունը կարող է պայմանավորված լինել իր անձնական կապերով: Ներդրումային ծրագրի համաձայն, թվայնացման նպատակով պետք է ձեռք բերվեն մի քանի միլիոն դոլար արժողության գերժամանակակից սարքավորումներ: Նախապես պլանավորված է եղել, որ դրանք Հայաստան կհասնեն ոչ շուտ, քան 2006թ. մայիս-հունիս ամիսներին: Սակայն, Գ. Գեւորգյանի հավաստմամբ՝ շուրջ 3 ամիս ընթացող բանակցությունների ընթացքում, արդեն հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում կներդրվի ֆիլմերի թվայնացման ու վերականգնման ԱՊՀ տարածքում եզակի «Դա Վինչի» համակարգը: Վերջինս հնարավորություն կտա շտկել 1924թ. մինչեւ այսօր նկարահանված բոլոր հայկական ֆիլմերի գունային համակարգը, վերացնել ժապավենի վնասվածքները, կադրի թրթռոցը եւ այլն: «Յուրաքանչյուր կինոնկարի մշակումից հետո «Հայֆիլմը» կազմակերպելու է հասարակական ցուցադրումներ՝ հնարավորություն տալով մեր հասարակությանը եւս մեկ անգամ վայելել սիրված ֆիլմերը, հերոսներին, մեր տաղանդաշատ դերասանների խաղը՝ նոր լուսավոր եւ գունավոր արտահայտությամբ: Իսկ մշակույթի այս եզակի նմուշներն արդեն կպահպանվեն թվային կրիչների վրա»,- ասում է Գ. Գեւորգյանը: Հունվարին Հայաստան են ժամանելու «Դա Վինչի» ընկերության մասնագետները, ովքեր վերապատրաստման դասընթացներ կանցկացնեն հայ աշխատողների հետ, կտեղադրեն սարքավորումները եւ կիրականացնեն առաջին թվային աշխատանքները:
«Հայֆիլմը» պայմանագիր է կնքել նաեւ համաշխարհային «Thomson» ընկերության հետ: Վերջինս հաջորդ տարվա առաջին եռամսյակում հայկական կինոստուդիային կտրամադրի նոր կինոխցիկներ՝ հարակից սարքավորումներով: Հայ կինոյի պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն կստեղծվի միեւնույն ժամանակ զբաղվել մի քանի ֆիլմերի նկարահանմամբ: Նյույորքյան ճարտարապետական ֆիրման արդեն սկսել է «Հայֆիլմի» շենքերի եւ ստուդիաների վերանորոգման ծրագրի ճարտարապետական հաշվարկները: Գարնանը կսկսվեն շինարարական աշխատանքները:
Գ. Գեւորգյանը վստահեցրեց, որ 2006թ. վերջին մեր կինոարտադրությունը «պտուղներ» կտա: Հայկական կինոստուդիայի բազայի վրա հաջորդ տարի սկսվելու են Գերմանիայի, Իռլանդիայի, Անգլիայի եւ Հայաստանի համատեղ արտադրության «Մուսա լեռան 40 օրը» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, որոնց 99%-ը կկատարվեն Հայաստանի տարածքում: Ֆիլմի բյուջեն 35 մլն դոլար է: Գ. Գեւորգյանի խոսքերով, ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանն այժմ աշխատում է նոր ֆիլմի սցենարի վրա: Վերջինս նույնպես էկրան կբարձրանա հաջորդ տարվա ընթացքում:
Գ. Գեւորգյանը վստահ է, որ «Հայֆիլմի» նոր սեփականատերերի համար ամենակարեւոր խնդիրը հայկական կինոյի զարգացումն է: Այդ նպատակով «Սի Էս ֆիլմզը» կազմավորելու է նոր գեղարվեստական խորհուրդ, որը բաղկացած է լինելու հանրապետության առաջավոր մասնագետներից, կինոյի գործիչներից, մշակույթի ոլորտի վաստակաշատ անձանցից: Սակայն Գ. Գեւորգյանը նշեց, որ դեռ վաղ է որեւէ մեկի անունը տալ:
Ինչ վերաբերում է «Հայֆիլմի» անձնակազմին, ապա հոկտեմբերի 12-ից կինոստուդիայի 167 աշխատողները համարվում են «Սի Էս ֆիլմզի» աշխատակիցներ: Երեկ նրանք ստացել են 3 ամսվա աշխատավարձ: Գ. Գեւորգյանը տեղեկացրեց, որ մինչեւ հունվարի 12-ն աշխատավարձերի տարբերակում չի լինելու: Հավաքարարն ու տնօրենը ստանում են պայմանագրով նախատեսված նվազագույն գումարը՝ 50 հազար դրամ: Եվ միայն հունվարից առանձին մասնագետներ տարբեր ձեւով կվարձատրվեն: