Ստրկական պայմաններ «Հայֆիլմում»

14/12/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Երբեմնի «Հայֆիլմ» կինոստուդիան իր աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրեր է կնքել: Ըստ սեփականաշնորհման պայմանագրի պահանջի, նոր սեփականատերը պահպանել է նրանց աշխատատեղերն ու պարտավորվել է յուրաքանչյուրին ամսական նվազագույնը 50 հազար դրամ աշխատավարձ վճարել: Աշխատակիցները ստորագրել են միատեսակ՝ հայերեն ու անգլերեն գրված տասը էջանոց պայմանագրեր:

Շատերի հավաստմամբ՝ նույնիսկ չեն էլ կարդացել դրանք, մտածելով՝ կարդանք, թե չկարդանք, միեւնույն է, կինոստուդիայում նկարահանումներ դեռ չեն կատարվում: «Ստորագրենք, հետո կտեսնենք՝ ինչ դուրս կգա»,- ասաց աշխատակիցներից մեկը: Իսկ պայմանագրերը, որ 167 մարդ արդեն ստորագրել են, լրջագույն ուսումնասիրության կարիք ունեն, քանի որ պայմանագրի որոշ կետեր այն ուղղակի դարձնում են «ինքնակամ ստրկության» պայմանագիր:

«Սի Էս ֆիլմզ» ՓԲԸ-ն պարտադրում է իր աշխատակիցներին ուղղորդվել «ընկերության ներքին կանոնակարգերով». նման ձեւակերպմամբ հաշվի չի առնվում ՀՀ օրենսդրությունը:

Մի կողմ դնելով այս պայմանագրի դժվար ու խճճված հեղինակային իրավունքների ու մտավոր սեփականության մասին կետը (ըստ որի, ոչ մի մասնագետ հավելավճար եւ հոնորար ստանալու իրավունք չի ունենա, նույնիսկ, եթե իր մասնակցությամբ նկարահանված ֆիլմը աննախադեպ միջազգային հաջողության հասնի), կարիք կա անդրադառնալ պայմանագրով ամրագրված աշխատանքային պայմաններին: Ընկերությունը իրավունք է ձեռք բերել «ցանկացած ժամանակ ստուգել աշխատողի կողմից նախատեսված աշխատանքների ընթացքը, որակը եւ պարբերաբար նրա աշխատանքի գնահատում կատարել»: Այսինքն, ամեն վայրկյան կարող է հաշվետվություն պահանջել, եւ եթե նման հաշվետվություն չստանա կամ նրա կատարած աշխատանքը ոչ որակյալ համարի, կարող է լուծարել պայմանագիրը: Պայմանագիրը կլուծարվի նաեւ այն պահին, երբ աշխատողը խախտի «Գաղտնիության» դրույթը: Այսինքն` ընկերությունը՝ մշուշոտ ու լղոզված ձեւակերպմամբ՝ կարող է խախտում համարել «մասնագիտական, գործարար, բանկային եւ այլ գաղտնիք հանդիսացող կամ պարունակող տեղեկություն հրապարակելը»: «Մասնագիտական եւ գործարար գաղտնիք» խախտելը շատ հեշտ է, քանի որ ընկերությունը գաղտնիք կարող է համարել յուրաքանչյուր ինֆորմացիա եւ ցանկացած պահին մեղադրել իր աշխատողին այդ գաղտնիքը չպահպանելու մեջ:

Կասկած չկա, որ աշխատանքային պայմանագիրը ստորագրած աշխատակիցները իրենք իրենց ծուղակն են գցել, քանի որ նրանք իրավունք չեն ունենա «շահարկել սույն պայմանագրի որեւէ դրույթի անգործադրելիությունը՝ պայմանագրով սահմանված իր պարտականություններից խույս տալու համար»: Խուսափել չի ստացվի, եթե նույնիսկ աշխատելու պայմաններն ու միջոցները նրանց չգոհացնեն: Աշխատողի եւ հիմնարկի միջեւ ծագած հնարավոր անհամաձայնությունների դեպքում, աշխատողն արդեն իսկ պարտված է լինելու, քանի որ ոչ ոք նրան սույն պայմանագիրը ստորագրել չի ստիպել: Եթե նա համաձայն չլինի գործատուի հետ, չի կարող դիմել դատարան եւ աշխատանքային վեճը չի կարող լուծել ՀՀ օրենսդրության համաձայն: Պայմանագիրը նրանց պարտավորեցնում է դիմել Միջնորդ դատարանի: Այդպես է արձանագրված սույն պայմանագրի՝ «Վեճերի լուծման կարգը» դրույթում: Հնարավոր վեճերի ժամանակ ՀՀ աշխատանքային օրենսդրությունն արդեն ի զորու չի լինի պաշտպանել կինոստուդիայի աշխատակիցներին, քանի որ նրանք կամավոր համաձայնել են Միջնորդ դատարանի տարբերակին: Ընդ որում, պայմանագիրը նրանց առաջարկում է վեճը «լուծել վերջնական եւ պարտադիր մեկ միջնորդ դատավորից բաղկացած Միջնորդ Դատավարությամբ՝ ք. Երեւանում, կիրառելով Ամերիկյան Միջնորդ Դատավարության Կանոնները»: Սակայն դժվար թե որեւէ մեկը հստակ գիտի Ամերիկայում կիրառվող միջնորդ դատարանի ֆունկցիաներն ու կանոնադրությունը:

Աշխատանքից խուսափել հնարավոր չէ այնքան ժամանակ, մինչեւ Միջնորդ դատարանը չկայացնի իր վճիռը: Պայմանագրի համաձայն՝ աշխատակիցը «բարեխղճորեն կաշխատի հայցը ներկայացնելուց հետո հարյուր ութսուն օրվա ընթացքում»: Վիրավորված կամ աշխատել չցանկացող մարդկանց հնարավորություն չեն տա հենց այնպես հեռանալ, քանի որ սրանք իսկական ստրկական պայմաններ են, որոնք, սակայն, վերջնական չեն, քանի որ «Սի Էս ֆիլմզ» ընկերությունն իր վերջին կետում ինքն իրեն հնարավորություն է տալիս փոխել պայմանագրի որոշ դրույթներ: Իսկ այդ փոփոխություններին դեռ անծանոթ աշխատակիցն արդեն իսկ պետք է ընդունի, քանի որ նա ստորագրել է սույն արտահայտության տակ. «Ես կարդացել ու հասկացել եմ Աշխատանքային Ներքին Կանոնակարգը եւ համաձայն եմ դրանում նշված պայմանների հետ, որոնք ժամանակ առ ժամանակ կարող են փոփոխվել գործատուի կողմից»: Ոչ թե երկու կողմերի փոխհամաձայնության դեպքում, այլ՝ միայն գործատուի ցանկության համաձայն: