Երեկ փոխքաղաքապետ Արման Սահակյանը հայտարարեց, որ 2006թ. հունվարի 1-ից Երեւանում արգելվում է շրջիկ կամ շարժական առեւտրի միջոցներով հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկ գազի, սեղմված բնական գազի մանրածախ առեւտուրը: Այդ մասին զգուշացվել են բոլոր տնտեսվարող սուբյեկտները: Բացի այդ, հունվարի 1-ից պարբերաբար խստագույն ուսումնասիրություններ եւ ստուգայցեր են կազմակերպվելու առեւտրի սպասարկման եւ ծառայությունների ոլորտում համապատասխան օրենքի պահանջները կատարելու ապահովման նպատակով: «Խոսքը նաեւ վերաբերում է փողոցային առեւտրին, թեեւ տեղական ինքնակառավարման մարմիններն այս ոլորտում բավականին մեծ լիազորություններ ունեին, այդուհանդերձ, այդ ամենն այսուհետ ամրագրված է օրենքում, ըստ որի` ՏԻՄ-երը գործառույթների կատարման մասով հաշվետու են տարածքային կառավարման մարմիններին, Երեւանում՝ քաղաքապետին, իսկ մարզերում՝ մարզպետերին»,- տեղեկացրեց պրն Սահակյանը: Քաղաքապետի որոշմամբ՝ առեւտրի կանոնակարգման շրջանակներում դեկտեմբերի վերջին օրերին իր դռները կբացի Հակոբյան փողոցում տեղակայված մանրածախ առեւտրի կրպակաշարը, որը բաղկացած է 33 առեւտրի կետերից: Արաբկիր համայնքի եւ Ոստիկանության հետ պայմանավորվածության արդյունքում` հսկողության միջոցով կկանխվի փողոցային առեւտուրը: Այս շաբաթ կհաստատվի նաեւ Կոմիտասի պողոտայի կանոնակարգմանն ուղղված որոշման նախագիծը:
Նոր գերեզմանատուն
«Մեր տեղեկություններով` Ազգային ժողովում արդեն անցել է գերեզմանատների եւ դիակիզարանների մասին օրենքը եւ վավերացումից հետո ցանկանում եմ տեղեկացնել բոլոր այն սուբյեկտներին, որոնք զբաղվում են սգո պարագաների առեւտրով, հունվարի 1-ից դադարեցվելու է այս առեւտրի տեսակը: Առեւտուրը պետք է իրականացնեն գերեզմանատներին հարող տարածքներում»,- ասաց փոխքաղաքապետ Ա. Սահակյանը: Վերջինս նաեւ նշեց, որ շուրջ 43 տարի այս առումով ոչ մի աշխատանք չի կատարվել, հետեւաբար` նոր գերեզմանատներ չեն ստեղծվել: Ներկայումս շահագործման է հանձնվել նոր` «Սպանդարյան» գերեզմանատունը, որտեղ կան նաեւ տիպային գերեզմանատներ, ասել է թե՝ հողահատկացումները լինելու են 2 տարբերակով: Առաջինը ընտանեկան գերեզմանատունն է` 3/4 չափի վրա, իսկ երկրորդը՝ անհատական գերեզմանատունն է՝ 1/2 եւ 2/2 չափերի վրա: Այս տարի պետբյուջեի հաշվին գերեզմանատների աշխատանքների համար ծախսվել է մոտ 147 մլն դրամ: