Երեկ ՀՀ Տնտեսական դատարանում տեղի ունեցավ «Ռոյալ-Արմենիա» – Մաքսային պետական կոմիտե (ՄՊԿ) հակամարտությանն առնչվող հերթական նիստը։ Հիշեցնենք, որ ընկերությունը հայց է ներկայացրել ՄՊԿ-ի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել վերջինիս սահմանած մաքսային արժեքները։
Վերջին նիստի ժամանակ «Ռոյալ-Արմենիայի» ներկայացուցիչը՝ իրավաբան Գեւորգ Մինասյանը, 3 էջանոց բացարկ էր հայտնել դատավոր Ե. Խունդկարյանին (նշենք, որ ընկերությունը նախկինում եւս մեկ անգամ նմանատիպ հայց է ներկայացրել ՄՊԿ-ի դեմ, եւ պրն Խունդկարյանը կասեցրել է գործը)։ Բացարկը, ինչպես եւ կանխատեսել էր պրն Մինասյանը, մերժվել էր, եւ դատական նիստը վարում էր նույն պրն Խունդկարյանը։
Այս անգամ նույնպես ավանդույթը չխախտվեց. նիստը նորից հետաձգվեց։ Պատասխանող կողմը՝ ՄՊԿ-ն, չէր ներկայացել դատական նիստին։ Դատավորը նշեց, որ ՄՊԿ-ն 2005թ. դեկտեմբերի 5-ից պատշաճ կերպով ծանուցված է եղել նիստի մասին, սակայն չի ներկայացել եւ որեւէ կերպ տեղյակ չի պահել դատարանին չներկայանալու պատճառների մասին։
Ի դեպ, ինչպես երեւաց, «Ռոյալ-Արմենիայի» իրավաբանն արդեն 5 մատի պես ճանաչում է թե՛ դատավորին, եւ թե՛ պատասխանող կողմին, քանի որ նախապես կանխագուշակել էր, որ ՄՊԿ-ն չի ներկայանալու, եւ համապատասխան գրավոր դիմում էր նախապատրաստել՝ առաջարկելով նիստը շարունակել առանց պատասխանող կողմի։
Դատական նիստը շարունակվեց, եւ պրն Մինասյանը ներկայացրեց իր տեսակետը։ Քանի որ վերջինիս խոսքը բավականին երկար էր, ապա երկու խոսքով ներկայացնենք դրա բովանդակությունը։ «Ռոյալ-Արմենիա» ընկերությունը գտնում է, որ ՄՊԿ-ն ընկերության կողմից ներմուծված սուրճի մի քանի խմբաքանակների նկատմամբ անհիմն, չափազանց բարձր մաքսային արժեքներ է սահմանել։ Ընդ որում, երբ ընկերությունը սուրճի 1 կգ-ն հայտարարագրել է 80 ցենտով, ՄՊԿ-ն սահմանել է $1,80 մաքսային արժեք, իսկ երբ մյուս խմբաքանակը հայտարարագրել է $1,40-ով, ՄՊԿ-ի սահմանած արժեքը կազմել է մոտավորապես $1,5։ Այսինքն, ՄՊԿ-ի կողմից սահմանված մաքսային արժեքները, ըստ պրն Մինասյանի, տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Փաստաբանը նաեւ նշեց, որ իրենք դիմել են ՄՊԿ-ին՝ պահանջելով ներկայացնել մաքսային արժեքները հիմնավորող հաշվարկներ, ինչը ՄՊԿ-ն պարտավոր է անել դիմումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում։ Սակայն 2-3 ամիս շարունակ ՄՊԿ-ն որեւէ հաշվարկ չի ներկայացրել։
«Պատասխանող կողմը ղեկավարվել է ոչ թե օրենքով, այլ` գուշակություններով»,- հայտարարեց պրն Մինասյանը եւ պահանջեց անվավեր ճանաչել մաքսային արժեքները, որոնք սահմանվել են ՄՊԿ-ի կողմից։ Դատավոր Խունդկարյանը հետաձգեց նիստը՝ այն պատճառով, որ անհրաժեշտություն է առաջացել լսել նաեւ պատասխանող կողմին, եւ որոշեց «միջոցներ ձեռնարկել պատասխանող կողմի ներկայությունն ապահովելու համար»։ Մեր այն հարցին, թե մասնավորապես ի՞նչ միջոցներ կարող է ձեռնարկել դատարանը, պրն Մինասյանը պատասխանեց. «Ամենաշատը կարող են նորից ծանուցագիր ուղարկել։ Այլ բան չեն անի, քանի որ պարզապես ազդվում են ՄՊԿ-ից»։ Քանի որ պրն Մինասյանը բացարկ հայտնելով՝ ուղղակիորեն մեղադրում է դատավոր Խունդկարյանին կողմնակալության մեջ, իսկ ՄՊԿ-ի հետ կապված` նշում, որ նրանք լծակներ ունեն եւ ազդում են դատավարության պրոցեսի վրա, լրագրողներին հուզող հիմնական հարցը հետեւյալն էր. այդ դեպքում ի՞նչ ակնկալիքներ ունեք այս պրոցեսից։ Պրն Մինասյանը պատասխանեց, որ որոշ հույսեր ինքն, այնուամենայնիվ, ունի, քանի որ տնտեսական գործերում շատ մեծ դեր են խաղում փաստաթղթերը եւ` «վերջիվերջո, մենք ապրում ենք պետության մեջ եւ ոչ թե ինչ-որ բանդիտական անկլավում»։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին։ Թե այդ ժամանակ ո՞վ կբացակայի, դժվար է ասել։ Պրն Մինասյանը նշեց, որ պատասխանող կողմի բացակայությունն ինքը կբացատրեր պարզապես այն հանգամանքով, որ նա արհամարհում է դատարանին։ Թեեւ նա չբացառեց, որ ՄՊԿ ներկայացուցիչը չի ներկայացել ճանապարհային խցանումների պատճառով։
Իսկ մինչ այդ ընկերությունը շարունակում է իր գործունեությունը։ Պրն Մինասյանը նշեց, որ ի սկզբանե սահմանված բարձր մաքսային արժեքների պատճառով ընկերությունը զգալի վնասներ է կրում եւ ստիպված է արտադրանքի զգալի մասն արտահանել։
Հ.Գ. Ի դեպ, այն ժամանակամիջոցում, երբ Տնտեսական դատարանում ընթանում էր նիստը, մեր թերթի լրագրողներից մեկը փողոցում պատահականորեն հանդիպել է ՄՊԿ ներկայացուցչին, որն ասել է, որ խցանումների պատճառով չի կարողացել ներկայանալ նիստին եւ այդ մասին հեռախոսով տեղյակ է պահել դատավորին։ Վերջինս, սակայն, այդ մասին ոչինչ չգիտեր։