«Մարդակերություն»

14/12/2005 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Անցած շաբաթ Լյուբլենում տեղի ունեցած ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ ԵԱՀԿ-ն մի փաստաթուղթ է ընդունել Վրաստանի մասին, որտեղ բոլոր պատվիրակությունները, այդ թվում` եւ Ռուսաստանի (ինչն անսպասելի էր), հավանություն են տվել նախագահ Միխայիլ Սահակաշվիլու՝ վրաց-հարավօսական հակամարտության կարգավորման ծրագրին: Դրա համաձայն՝ կարգավորումը պետք է տեղի ունենա երեք փուլով՝ հակամարտության գոտու ապառազմականացում, տնտեսության վերականգնում, որը պետք է ֆինանսավորվի եվրոպական դոնորների կողմից, Հարավային Օսեթիայի կարգավիճակի հստակեցում միացյալ Վրաստանի կազմում: Ըստ վրացական կողմի՝ բոլոր երեք կետերն արդյունավետ լուծում կստանան, եթե բանակցային գործընթացին մասնակցի նաեւ ԱՄՆ-ը, իսկ ԵԱՀԿ-ն գործի ավելի ակտիվ ու վճռական: Բանակցությունների ձեւաչափի փոփոխման դեմ հանդես եկող Ռուսաստանն անսպասելի կերպով համաձայնեց՝ զարմացնելով բոլորին:

Նոր առաջարկների միաձայն ընդունումը համընկավ հակամարտության գոտում նոր լարվածության հետ: Մի քանի օր շարունակ հակամարտող կողմերը մարդիկ էին առեւանգում՝ առանց որեւէ պահանջ ներկայացնելու: Ընդ որում՝ երկու կողմերի իրավապահներն այդ կասկածելի ակցիաների մեջ որոշակի դեր ունեին: Երբ իրավիճակը չափազանց սրվեց, ողջամտությունն ի վերջո հաղթեց. մի քանի օր կողմերը պատանդներ էին փոխանակում: Ազատ արձակված չէ ընդամենը մի պատանդ՝ հարավօսական իրավապահ կառույցների մի սպա: Բայց նրան պատանդ չի կարելի համարել. Վյաչեսլավ Կուձիեւին ձերբակալել է վրացական ոստիկանությունը՝ նրա մոտ եղած 15.000 կեղծ դոլարի պատճառով: Կուձիեւով այժմ հետաքրքրվում է նաեւ ԱՄՆ-ի դեսպանատունը:

Լյուբլենում հերթական պարտությունը կրած ռուսական դիվանագիտությունն այժմ փորձում է ինչ-որ կերպ պահպանել դեմքը: Բայց այդ փորձերը ծիծաղելի են ու աշխարհի գերտերություններից մեկի դրությունը ստորացուցիչ են դարձնում: Վրացիներն ու օսերն արդեն փոխանակել են պատանդներին, ապաշրջափակել են բոլոր ճանապարհները, բացի Տրանսկովկասյան մայրուղուց (այդ մասին՝ ավելի ուշ), այսինքն՝ լարվածությունն արդեն թուլացել է, իսկ ՌԴ ԱԳՆ-ի կայքում հայտնվել է հայտարարություն այն մասին, որ Ռուսաստանը, մտահոգված ինքնահռչակ Հարավօսական Հանրապետությունում լարվածության ուժեղացմամբ, որոշել է գումարել Վերահսկող կոմիտեի (ՎԿ) արտահերթ նիստ՝ նվիրված վրաց-օսական հակամարտության կարգավորմանը, ինչի համար հապճեպ Թբիլիսի է մեկնել արտակարգ իրավիճակների դեսպան Վալերի Կենյայկինը: Հայտարարության մեջ պարզաբանվում է, որ նիստի ընթացքում ուսումնասիրվելու են լարվածության սրման պատճառները, վերլուծության է ենթարկվելու իրավիճակը եւ համապատասխան գնահատական է տրվելու: Ռուսաստանի ԱԳՆ-ի բարի նպատակները Թբիլիսիին մի փոքր շփոթեցրին: «Նախ՝ ՎԿ-ն քառակողմ օրգան է, եւ նրա նիստը տեղի է ունենում միայն չորս կողմերի՝ Վրաստանի, Հարավային Օսեթիայի, Ռուսաստանի եւ Հյուսիսային Օսեթիայի համաձայնությամբ: Երկրորդ՝ վրացական կողմի համանախագահ, պետնախարար Գեորգի Խաինդրավան հենց նոր է վերադարձել Սուխումում տեղի ունեցած բանակցություններից, շատ զբաղված է եւ դժվար թե ժամանակ ունենա ՎԿ-ի կազմում աշխատելու: Երրորդ՝ լարվածությունը թուլացել է, եւ արտահերթ նիստի կարիք պարզապես չկա: Չորրորդ՝ անհասկանալի է, թե ինչու չէր կարելի նախ զանգահարել մեզ՝ մինչեւ Կենյայկինին Թբիլիսի գործուղելը,-«168 Ժամ»-ին հայտարարեց պետնախարարի՝ հակամարտության կարգավորման գծով տեղակալ Գեորգի Վոլսկին: Նրա խոսքերով՝ Կենյայկինը սկզբունքորեն կարող է հակամարտության գոտում կոնկրետ գործ գտնել, եթե ցանկանա՝ փորձել համոզել վրացական կողմին, որ անհրաժեշտ է ապաշրջափակել Տրանսկովկասյան մայրուղին:

Վրացիները շրջափակել են ավտոմայրուղին, որ միացնում է տարածաշրջանը Ռուսաստանի հետ, պահանջելով իրենց հանձնել Խաչապուրիձե երեք եղբայրների եւ նրանց ընկերոջ դիակները: Մի քանի ամիս առաջ վերջիններս, որ Հարավային Օսեթիայի վրացաբնակ գյուղերից մեկի բնակիչներ էին, մեքենա գնելու նպատակով մեկնել են Ցխինվալի: Այդ օրվանից նրանց մասին ոչինչ հայտնի չէ: Նրանց ազգականների բազմաթիվ դիմումներն ինքնահռչակ հանրապետության իշխանություններին, խաղաղապահների ղեկավարությանը ոչ մի արդյունք չտվեցին: Իսկ վերջերս նրանց ուղարկել էին Խաչապուրիձե եղբայրների մասնատված վերջույթները եւ պահանջներ դրել՝ մնացած մասերը նույնպես վերադարձնելու դիմաց: Ինչպես «168 Ժամ»-ին հայտնեց հակամարտության գոտում մեր աղբյուրը, ճանապարհի շրջափակումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ սպանվածների դիակները չվերադարձվեն հարազատներին՝ առանց փրկագին պահանջելու: «Մինչեւ վերջ ենք գնալու: Իմիջիայլոց, մեր մեջ կան նաեւ օսեր, որոնք պարզապես սարսափահար են կատարված «մարդակերությունից»: Այդպիսի բան նույնիսկ պատերազմի ժամանակ չի եղել»:

Վալերի Կենյայկինը ճանապարհի ապաշրջափակման խնդիրը լուծել չկարողացավ: Մայրուղին դեռ փակ է: Ակցիայի մասնակիցներն ու վրացական իշխանությունները Հարավային Օսեթիայի դե-ֆակտո իշխանություններից պահանջում են բացահայտել գազանաբարո ոճրագործությունը եւ կատարել բնակիչների պահանջը: Դե-ֆակտո իշխանություններն իբր թե քննչական խումբ են ձեւավորել, եւ անջատողական ռեժիմի ղեկավարությունը պարբերաբար հայտարարություններ է անում, թե շուտով աշխարհը կիմանա Խաչապուրիձե եղբայրների իսկական սպանողների անունները: Իսկ ՌԴ ԱԳՆ-ն լյուբլենյան հանդիպումից մի քանի օր հետո փորձում է ապացուցել, որ Ռուսաստանը չի ստորագրել Վրաստանի առաջարկած՝ հակամարտության կարգավորման նախագիծը, այլ ուրիշ բան է ստորագրել… Թվում է՝ Ռուսաստանի անարդյունավետ, եթե չասենք` անօգնական քաղաքականությունն արդեն «զզվեցրել» է նաեւ նրա վասալներին: Հարավօսական իշխանությունների պաշտոնական հայտարարության մեջ տարակուսանք է արտահայտվում Ռուսաստանի դիրքորոշման առթիվ եւ ասվում է, որ Հարավային Օսեթիան կատարել է իր ընտրությունը, եւ նրա վրա չեն ազդելու ոչ մեկի որոշումները, որոնք ընդունվել են առանց տեղի բնակչության կարծիքը հաշվի առնելու: Ամեն դեպքում, հարավօսական ղեկավարները մեկնել են Մոսկվա՝ պարզելու՝ իրո՞ք Ռուսաստանը լքում է իրենց՝ չդիմանալով միջազգային ճնշմանը: