Ճեմարանի սանը՝ կրիմինալի զոհ

14/12/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը (դատավոր Էդ. Ավետիսյան)՝ վկայակոչելով Քրեական օրենսգրքի 104 հոդվածի երկրորդ մասի 1-ին եւ 6-րդ կետերը եւ 235 հոդվածի առաջին մասի հատկանիշները,15 տարվա ազատազրկման դատապարտեց Վրաստանի Ախալցխա քաղաքի բնակիչ Ստեֆան Սուկասյանին՝ 2004 թվականի հոկտեմբերի 29-ին Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի խաչմերուկում՝ «Մեղեդի» սրճարանի դիմաց հրազենային կրակոցով Ախալցխայի բնակիչ Գրիգոր Պոդոսյանին եւ երեւանաբնակ Ստեփան Ալիխանյանին սպանելու համար:

Տուժողների իրավահաջորդները պատրաստվում են ոչ միայն բողոքարկել դատարանի վճիռը, այլեւ մեղադրում են Դատախազությանը` հանցագործներին հովանավորելու մեջ: Նրանց պնդմամբ` սպանության մասնակից երկրորդ անձը՝ Աշոտ Քանանովն, ազատության մեջ է, եւ դրանում մեծ է Դատախազության դերը: Ասվածը հիմնավորելու համար Ստեփան Ալիխանյանի իրավահաջորդը՝ Ալինա Ալիխանյանը վկայակոչում է Դատախազության երկդիմի վերաբերմունքը Քանանովի հանդեպ: Մի դեպքում՝ նախաքննության արդյունքում ձեռք բերված եւ հիմնավորված ապացույցների հիման վրա Քանանովը մեղավոր է ճանաչվել Ստեֆան Սուկասյանի հետ հանցավոր համաձայնությամբ Գրիգոր Պոդոսյանին սպանելու համար (ՀՀ արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդական Գ.Դանիելյանի 16.12.2004թ. Մեղադրական եզրակացություն), մյուս դեպքում՝ Դատախազության դիրքորոշումը Աշոտ Քանանովի հանդեպ կտրուկ փոխվում է, վերջինիս հանդեպ քրեական գործը կարճվում է ու նա ազատ է արձակվում (15.05.2005թ ՀՀ արդարադատության պետական խորհրդական Ա.Գ.Հովսեփյանի Որոշումը): Ա. Ալիխանյանի համոզմամբ` Դատախազությունը կեղծիքների միջոցով, առանց իրավական փաստերի, ուղղակի վերացրել է խմբակային հանցագործությունը՝ ազատ արձակելով հանցագործության իրական կազմակերպչին, տվյալ դեպքում՝ Աշոտ Քանանովին՝ հերքելով իրենց իսկ կողմից տրված մեղադրական եզրակացությունը: Տեղեկացնենք, որ տուժողների իրավահաջորդների պնդմամբ, սպանությունը եղել է ոչ թե երկու երբեմնի ընկերների թշնամական հարաբերություններից ծագած վրեժի հողի վրա, այլ նախապես ծրագրված է եղել եւ քաղաքական ենթատեքստ ունի: «Գեւորգյան ճեմարանի նախկին սան Գեւորգ Պոդոսյանը, որ մեծ ներդրում ուներ վիրահայ համայնքի հասարակական կյանքում, վրացական կրիմինալի զոհն է, նրա սպանության պատվերը տրված է եղել անմիջապես Աշոտ Քանանովին»,- շարունակում են պնդել Ստեփան Ալիխանյանի ծնողները, որոնց որդին այս դեպքում ուղղակի անմեղ զոհ է (Ստեփան Ալիխանյանը Գրիգոր Պոդոսյանի հորաքրոջ որդին է, դեպքի օրը նրանք միասին են եղել): Ալիխանյանների համոզմամբ` դատական մարմինները շահագրգռված չեն հանցագործության լրիվ բացահայտմամբ, հակառակ դեպքում չէին անտեսի այնպիսի փաստեր, ինչպիսիք են վկաների ցուցմունքները: Դատարանն արժանահավատ է համարել վկաների միայն վերջին ցուցմունքները, որոնք բխել են զուտ մեղադրյալի շահերից եւ հակասել են իրենց իսկ տված նախնական ցուցմունքներին: Բացի այդ, դատական մարմինները ոչինչ չեն ձեռնարկում հայտնաբերելու գործով մեկ այլ վկայի՝ Հակոբ Պետրոսյանին, որը դեպքի պահին եղել է Գրիգոր Պոդոսյանի եւ Ստեփան Ալիխանյանի հետ եւ դեպքի վայրից փախուստի է դիմել: Հակոբ Պետրոսյանի անունն ընդհանրապես ոչ մի տեղ չի հիշատակվում: Տուժողների իրավահաջորդները բազմաթիվ այլ իրարամերժ փաստեր են նշում, որոնք բացահայտման կարիք ունեն: