Հանցագործին վնասազերծել են

14/12/2005

Դեկտեմբերի 10-ին, ժամը 23.50-ի սահմաններում Ոստիկանության Երեւանի վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Դավիթաշեն 10 փողոցի 14 տանն ավազակային հարձակում է կատարվում: Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները: Դեպքի վայրում պարզվել է, որ զինված հանցագործը հանդիսանում է 2003թ. նոյեմբերի 8-ից ավազակային հարձակում կատարելու համար Ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվող, Գեղարքունիքի մարզի Սոտք գյուղի բնակիչ 1974թ. ծնված Կարեն Ալեքսանդրի Օհանյանը: Վերջինս ինքնաձիգով զինված պատանդ էր վերցրել բնակարանի տիրոջը` Ալբերտ Եդիգարյանին, նրա կնոջը, 2 աղջիկներին եւ տղային` պահանջելով 3000 ԱՄՆ դոլար: Շուրջ 2 ժամ բանակցություններ են ընթացել Օհանյանի եւ իրավապահների միջեւ, ինչի արդյունքում Օհանյանը համաձայնել է ամեն մի պատանդի փոխանակել Ոստիկանության 1 օպերատիվ աշխատակցի հետ: Օպերատիվ քննչական խումբը` հաշվի առնելով մարդկանց կյանքին սպառնացող վտանգը` ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում Օհանյանին վնասազերծել է: Զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվել եւ առգրավվել է մարտական վիճակի բերված ԱԿՄ տիպի ինքնաձիգը պահունակով` լիցքավորված 7.62մմ տրամաչափի 14 փամփուշտով, եւս 1 փամփուշտ լիցքավորված փամփշտակալի մեջ եւ 7.62մմ տրամաչափի 7 պարկուճ: Ինքնաձիգն ուղարկվել է ՀՀ Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչություն` ձգաբանական-հետքաբանական փորձաքննության: Հարուցվել է քրեական գործ: Քննությունը վարում է Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դատախազությունը:

Մեր տեղեկություններով` Կարեն Օհանյանը դեկտեմբերի 1-ին ժամը 03.30-ի սահմաններում Կոտայքի մարզի Արզնի գյուղի 10 փողոցի 72 տանը նույնպես կատարել է ավազակային հարձակում: Օհանյանն ինքնաձիգով խոհանոցի պատուհանի ապակին հանելու միջոցով մուտք է գործել նշված բնակարան եւ զենքի սպառնալիքով հափշտակել 150 հազար դրամ եւ 25 գրամանոց ոսկյա շղթա, որից հետո իր մոտ եղած ինքնաձիգով կրակել եւ գոտկատեղին հրազենային վնասվածք է պատճառել 1936թ. ծնված թոշակառու Բալաբեկ Լեւոնի Նաղդալյանին: