Ջեքսոնը պատրաստվում է իսլամ ընդունել

14/12/2005

Համաձայն արաբական Khaleej Times հրատարակչության տեղեկության` ԱՄՆ-ում սկանդալային դատական պրոցեսից հետո Ջեքսոնը որոշել է իր երեք երեխաների հետ տեղափոխվել Բահրեյն: Իր տան կողքին նա մտադիր է մզկիթ կառուցել: Այդ նպատակով նա հատկացնելու է բավականին մեծ գումար: Մզկիթում պետք է դասավանդվեն իսլամի սկզբունքներն ու հիմունքները, նաեւ` անգլերեն: Երգիչը որոշել է ընդմիշտ հաստատվել Բահրեյնում:

Մի երկու շաբաթ առաջ Դուբայում գտնվելու ժամանակ Ջեքսոնը նոր սկանդալային պատմության մեջ էր ընկել: Երգիչն արաբական գլխանոցով մտել էր Իբն Բատուտ առեւտրի կենտրոնի կանանց զուգարանը` սարսափահար անելով այնտեղ գտնվող մուսուլման կանանց: Ջեքսոնի խոսքերով` ինքն իրեն հրաշալի է զգում Բահրեյնում, թեեւ դեռ ուշքի չի եկել դատական պրոցեսից հետո: Նա տեղեկացրել է, որ երգ է գրել` նվիրված «Կատրինա» փոթորիկի զոհերին: Սակայն ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով` Ջեքսոնին նոր դատական պրոցես է սպասվում. նրան կարող են մեղադրանք ներկայացնել Կալիֆոռնիայից Բահրեյն թմրամիջոցների ապօրինի տեղափոխման համար: