Պուգաչովայի նոր «կապրիզը»

14/12/2005

Վերջին ժամանակներս Ալլա Բորիսովնայի անվան հետ շատ սկանդալներ են կապվում: Օրինակ, մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ նա վիճել է Լյուդմիլա Գուրչենկոյի հետ: Վերջերս, Կիրկորովի հետ ամուսնալուծությունից հետո, բոլորը քննարկում էին նրա հարաբերությունները Մաքսիմ Գալկինի հետ: Այս անգամ խոսքը «Տարվա երգ» երաժշտական հաղորդման մասին է: Բանն այն է, որ Ալլա Բորիսովնան է կազմել հաղորդման մասնակից կատարողների ցուցակները: Իսկ ամենացնցող նորությունն այն է, որ նա որոշել է նկարահանման չհրավիրել Իոսիֆ Կոբզոնին: Դրա պատճառը, ըստ պիրմադոննայի գործընկեր-երաժիշտների, Կոբզոնի հուշերն են, որտեղ երգիչն իբր այնքան էլ հարգալից չի արտահայտվել Պուգաչովայի մասին: Մինչեւ նկարահանումները դեռ մի շաբաթ կա, այնպես որ, չի բացառվում, որ Պուգաչովան մտափոխվի: Հիշեցնենք, որ Կոբզոնը վերջերս ծանր վիրահատություն էր տարել, եւ շատերը կարծում են, որ Ալլա Բորիսովնայի այս քայլը, մեղմ ասած, անպարկեշտ է: Իոսիֆ Կոբզոնը հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր չմասնակցելը հաղորդմանն արդեն սկզբունքի հարց է. «Ես Պուգաչովային օբյեկտիվ մարդ չեմ համարում երգարվեստի բնագավառում»,- ասել է Կոբզոնը: