Սպեղանի, բայց գրական

14/12/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

ՀԳՄ «Մագնոլիա» պոլիկլինիկան, որ գտնվում էր Կասյան 3 հասցեում, վերջին տարիներին դատական քաշքշուկների առարկա էր դարձել: Դատական վեճից հետո, որն ավարտվել էր հօգուտ Գրողների միության, պոլիկլինիկան սեփականաշնորհվել է, եւ սեփականատեր ՀԳՄ-ն նախաձեռնել է տարածքի հիմնավոր վերանորոգում եւ գործարկում: Բացի պոլիկլինիկայի տարածքից, քաղաքապետարանը եւս 40 քմ տարածք է տրամադրել շենքի բակից` հավելյալ կցակառույցի համար, որը հնարավորություն կտա ավելացնել բուժծառայությունների թիվը: Հավելյալ շինության կառուցումը ստանձնել է Սոցիալական ներդրումների հիմնադրամը: Պոլիկլինիկայի վերանորոգման աշխատանքների համար 10.000 դոլար ՀԳՄ-ն է հատկացրել, եւս 10.000` ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, 10.000 դոլարի ներդրում էլ արել է պոլիկլինիկայի նոր բուժանձնակազմը: Պոլիկլինիկայի տնօրեն Գուրգեն Մուրադյանի խոսքով` այս 30.000-ը բավարար է շենքի վերանորոգման եւ կահավորման համար, իսկ բուժսարքավորումների հարցում կաջակցի Առողջապահության նախարարությունը: Պոլիկլինիկայի նոր տնօրինությունը հույս ունի նոր տարվա առաջին ամսվա վերջից ընդունել առաջին հիվանդներին: Գրողներին խոստանում են անվճար թերապեւտիկ, սրտաբանական, գինեկոլոգիական բուժօգնություն, անվճար միկրո-խիրուրգիական միջամտություն, սոնոգրաֆիա, կգործի ծավալուն լաբորատորիա` նախատեսված ընդհանուր, բիոքիմիական եւ սեռոլոգիական անալիզների համար: Պոլիկլինիկայի ստոմատոլոգիական ծառայությունը, սակայն, անվճար միայն խորհրդատվություն կտա եւ կհեռացնի գրողների հիվանդ ատամները, իսկ բուժման եւ պրոթեզավորման համար նրանք ստիպված կլինեն վճարել: «Բացի այն, որ այդ ծառայությունները ծախսատար են, մեր ատամնաբույժներն իրենք են պատրաստվում իրենց հետ բերել համապատասխան ստոմատոլոգիական սարքավորումները»,- պարզաբանեց պոլիկլինիկայի տնօրենը: Հույս կա, սակայն, որ պետպատվերի շրջանակներում տարեց կամ պատերազմի մասնակից գրողներն այդ ծառայություններից կօգտվեն որոշակի զեղչերով: Պոլիկլինիկայի տարածքն այժմ բավարար չէ բոլոր տիպի բուժծառայություններով ապահովելու համար: Օրինակ, ակնաբուժական եւ քիթ-կոկորդ-ականջի հետ կապված անվճար բուժօգնություն գրողները կստանան այլ կլինիկաներում, որոնց հետ համապատասխան պայմանագրեր կկնքվեն: Այդ պայմանագրերի շրջանակներում կլինիկաները որոշակի զեղչերով կիրականացնեն նաեւ բարդ վիրահատական միջամտություններ: Դեղամիջոցներն ակնկալում են բարեգործական կազմակերպություններից: Պոլիկլինիկան զեղչեր է նախատեսում նաեւ գրողների ընտանիքների անդամների համար: Մասնավոր հիմունքներով գործող պոլիկլինիկան, տնօրենի հավաստմամբ, կապահովի բավարար շահույթ, որպեսզի ապահովի ՀԳՄ անդամներին անհրաժեշտ` թվարկված անվճար բուժօգնությունները:

Վերանորոգված պոլիկլինիկան կգործի նոր անունով` «Սպեղանի գրական»: Անունը թելադրել է ՀԳՄ-ն: «Անկեղծ ասած` մինչ այս «սպեղանի» բառն ինձ ծանոթ չէր»,- խոստովանում է պոլիկլինիկայի տնօրեն, անեստեզիոլոգ-ռեանիմատոլոգ Գուրգեն Մուրադյանը, որը, թեեւ այս պոլիկլինիկայում հնարավորություն չի ունենա իր նեղ մասնագիտությամբ փայլելու, սակայն անգործ չի նստի: «Թերապեւտներին կօգնեմ»,- ասում է նա: Բացի այդ` բառապաշարն անվճար հարստացնելու լայն հնարավորություն կունենա: