«Դուք` ԼՂՀ-ում կամ Հայաստանում իշխանավարման ընթացքում, պատերազմի ճակատային գործողություններից դուրս մարդ սպանե՞լ եք, կամ պատճառե՞լ եք մարդու սպանություն, կամ նախօրոք տեղյակ եղե՞լ եք մարդու սպանության մասին, կամ ներկա եղե՞լ եք մարդու սպանության»: «Անմեղ մարդկանց ազատազրկե՞լ եք, կամ պատճառե՞լ եք նման ազատազրկում, կամ նախօրոք տեղյակ եղե՞լ եք նման ազատազրկման մասին»: «1991թ. ի՞նչ սեփականության (ֆինանսական, նյութատեխնիկական, փայատիրական, կալվածային եւ այլ` թե անձնական եւ թե որպես բիզնես, թե ուղղակի եւ թե այլոց անուններով ձեւակերպված) տեր էիք Դուք, Ձեր ազնվափայլ տիկինը, Ձեր եւ նրա անմիջական ընտանիքը` անդամ առ անդամ»: «Այսօրվա դրությամբ` ի՞նչ սեփականության (ֆինանսական, նյութատեխնիկական, փայատիրական, կալվածային եւ այլ` թե անձնական եւ թե որպես բիզնես, թե ուղղակի եւ թե այլոց անուններով ձեւակերպված) տեր եք Դուք, Ձեր ազնվափայլ տիկինը, Ձեր եւ նրա անմիջական ընտանիքը` անդամ առ անդամ»: «Դուք Ձեզ համարո՞ւմ եք ազնվորեն ընտրված»: «Դուք Ձեր օգտին կատարված ընտրակեղծիքների մասին ի՞նչ տեղեկությունների եք տիրապետում»: «Այդ ընտրակեղծիքների ո՞ր բաժինն է կատարվել Ձեր ցուցումով, եթե այդպես է, ո՞րը Ձեր գիտությամբ, իսկ ո՞րը Ձեր անտեղյակության պայմաններում»: «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը 21 հարցից բաղկացած հարցաշար է ուղարկել նախագահի պաշտոնակատար Ռոբերտ Քոչարյանին, որոնց պատասխաններն ակնկալում է ստանալ մինչեւ դեկտեմբերի 16-ը: Հարցաշարի մեջ ներառված է նաեւ հետեւյալ հարցադրումը` «Ձեր կարծիքով` Հայաստանի քաղաքացին, Արցախցի մարդը, Հայ ժողովուրդը երաշխավորված իրավունք ունի՞ այս հարցերը տալու ու պատասխաններ ստանալու»: