ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ընդդիմության նախաձեռնած ստորագրահավաքը համարում է ժամանակավրեպ եւ ոչ իրավական: Նրա խոսքերով, ընդդիմությունը հերթական սխալ ճանապարհով է առաջնորդվում: «Եթե իրենք պետք է ստորագրահավաք անցկացնեին, ապա շատ ավելի ճիշտ կլիներ, որ նրանց անդամները ընտրահանձնաժողովներում աշխատեին ու արձանագրություններ կազմեին»,- ասել էր Տ. Թորոսյանը: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այս առնչությամբ ասաց. «Բազմիցս կրկնել ենք, որ ընտրությունների արդարության երաշխավորը գործող իշխանությունն է: Իրենք ունեն դատական համակարգ, Ոստիկանություն եւ Դատախազություն, ու իրենք են պարտավոր ապահովել արդարությունը: Ի՞նչ է` իրենք արդարություն մեզնի՞ց են սպասում Այդ դեպքում թող տեղները զիջեն մեզ, մենք կգանք ու արդար Հայաստան կապահովենք: Բացի այդ, իշխանությունների, առավել եւս` Տ. Թորոսյանի ասածներն այնքան անհեթեթ է, որոնց պատասխանելն ուղղակի անիմաստ է: Իրենք ասում են` 1,5 մլն-ով հանրաքվեն անցել է, դատական համակարգն անկախ է, Հայաստանը կովկասյան վագր է, եւ այլն: Իսկ թե ում ասածներն են իրականությանը մոտ, ժողովուրդը լավ գիտի»: