Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ «Միջտարածաշրջանային ռուս-հայկական համագործակցությունը. իրավիճակը եւ հեռանկարները» անունը կրող կոնֆերանսը։ Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ու ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը։
Ինչպես եւ սպասվում էր, կոնֆերանսն իրենից ներկայացնում էր հիմնականում դեկլարատիվ բնույթի հայտարարություններ՝ անցյալ, ներկա եւ ապագա ձեռքբերումների մասին։ Իսկ որպես հիմնական ձեռքբերում` ներկայացվում էին կնքված պայմանագրերն ու դրանց դինամիկան։ Ս. Միրոնովը կարեւորեց միջտարածաշրջանային համագործակցության կարեւորությունը եւ նշեց, որ այս պահի դրությամբ ռուսաստանյան 15 սուբյեկտներ հայկական գործընկերների հետ համագործակցությանն առնչվող ավելի քան 20 համաձայնագրեր են ստորագրել։ Նրա հայաստանյան գործընկերոջ՝ Ա. Բաղդասարյանի ելույթը գրեթե չէր տարբերվում։ «Ռուսաստանը եղել է եւ կլինի Հայաստանի ամենամեծ առեւտրա-տնտեսական գործընկերը»,- հայտարարեց ԱԺ խոսնակը։ Նա նշեց, որ պայմանագրային-իրավական հիմքը կազմված է ավելի քան 160 միջպետական եւ միջգերատեսչական փաստաթղթերից, եւ կարեւորեց դրանց կյանքի կոչումը։
Եթե այս ելույթներին հետեւեր վերջին զարգացումներին անտեղյակ որեւէ մարդ, ապա նրա մոտ այնպիսի տպավորություն կստեղծվեր, թե ամեն ինչ նորմալ է եւ ռազմավարական դաշնակիցների համագործակցությունն ընթանում է հալած յուղի պես։ Սակայն գազի թեման այս ամենի վրա ստվեր է գցում։ Պատահական չէ, որ անգամ մեր երկրի ԱԺ-ում նշվող Դաշնային խորհրդի օրերին (որոնք, ի դեպ, նախկինում նշվել են միայն Ղազախստանում) մեր պատգամավորներից շատերն իրենց ռուս գործընկերներին այնքան էլ մեծ ոգեւորությամբ չէին դիմավորում։ Անգամ կոալիցիայի անդամներն իրար մեջ դժգոհություններ էին արտահայտում՝ «Գազը թանկացնում են, հիմա էլ համերգ են սարքել»։ Այս վերջին արտահայտությունը վերաբերում էր նախորդ օրն ԱԺ-ում կայացած իրադարձությանը, երբ նիստն ընդհատվել էր միջանցքում կազմակերպված համերգի պատճառով։
Ս. Միրոնովը առանձնահատուկ կարեւորություն տվեց Սոչի-Սուխումի-Թբիլիսի-Երեւան երկաթգծի գործարկմանը։ «Այն մեզ անհրաժեշտ է, եւ այժմ դրա գործարկման համար պայմաններ են ստեղծվում՝ ամենից առաջ ռուս-վրացական հարաբերությունների շրջանակներում։ Իհարկե, ամեն ինչ այնպես սահուն չի ընթանում, որքան կցանկանայինք, սակայն, իմ համոզմամբ, այստեղ գործ ունենք ուղղակի տնտեսական շահի հետ, այդ թվում` եւ Վրաստանի համար։ Կարծում եմ՝ այդ նախագիծը վաղ թե ուշ կիրականացվի, եւ որքան շուտ՝ այնքան լավ»,- ասաց պրն Միրոնովը։
Երկաթուղու խնդրին անդրադարձավ նաեւ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը՝ նշելով, որ երկաթգծի բացակայությունը հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացման հիմնական խոչընդոտներից մեկն է։ «Տարածաշրջանի երկրները ձգտում են Հայաստանին դուրս թողնել ինտեգրացիոն պրոցեսներից։ Իսկ այն միջազգային կազմակերպությունները, որոնց անդամ է հանդիսանում Հայաստանը, այս հարցում մեզ լուրջ աջակցություն չեն ցուցաբերում»,- ասաց Վ. Հովհաննիսյանը՝ առաջին հերթին նկատի ունենալով հենց ԱՊՀ-ն։ Նշենք, որ Վահան Հովհաննիսյանի խոսքը, որն, ի տարբերություն մյուսների, տպագիր ելույթ չէր, վատ թաքնված քննադատական բնույթ ուներ, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ նեղացած տոնով էր։ Անդրադառնալով գազի սակագնի թանկացմանը՝ ԱԺ փոխխոսնակը նշեց, որ սակագնի թանկացումը լուրջ լարվածություն է ստեղծում հանրության շրջանում։ Թեեւ շատերը նշում են, որ այդ քայլը պետք է դիտարկել զուտ շուկայական հարաբերությունների տեսանկյունից, այնուամենայնիվ, բացասական ֆոն է ստեղծվում, որն, ըստ Վ. Հովհաննիսյանի, պետք է վերացնել։
Իսկ թե ինչպե՞ս՝ դրա պատասխանն առայժմ չեն տալիս կամ չեն կարողանում տալ ոչ մեր իշխանությունների ներկայացուցիչները, ոչ էլ ռուսները։ Ամենից հաճախ հնչող արտահայտությունը «շուկայական սկզբունքներ» բառակապակցությունն է, որը պարզապես նշանակում է, որ ՌԴ-ն չի պատրաստվում տեղի տալ հորդորներին ու խնդրանքներին եւ հրաժարվել իր տնտեսական շահերից՝ թեկուզ ռազմավարական գործընկերոջ պարագայում։
Ինչպես եւ ՌԴ վարչապետ Ֆրադկովի այցը, Միրոնովինը նույնպես, գազի հարցում ոչ մի հստակություն չմտցրեց։ Դաշնային խորհրդի նախագահը պարզապես նշել է, որ գազն ԱՊՀ բոլոր երկրներին նույն գնով չի վաճառվում։ Եթե Ուկրաինայի հետ բանակցություններն ընթանում են 1000 խմ-ի դիմաց` 160 դոլար գնի շուրջ, ապա Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հնարավոր է փոխշահավետ պայմանավորվածության ձեռքբերում: Ենթադրվում է, որ համաձայնության վերջնական տարբերակը կորոշվի երկու երկրների ղեկավարների մակարդակով։ Մի խոսքով, մեզ մնում է միայն սպասել ու տեսնել, թե սպասվելիք 110 դոլար գնի մասին հնչող խոսակցությունները որքանով են իրականություն դառնալու։
Ի դեպ, հաջորդ տարի նախատեսվում է ՀՀ ԱԺ օրեր անցկացնել Ռուսաստանում։ Շատ ափսոս, որ մենք Ռուսաստան արտահանվող ոչ մի ստրատեգիական ռեսուրս չունենք, այլապես կարելի էր այդ միջոցառումներից մեկ ամիս առաջ 2 անգամ թանկացնել դրա գինը՝ իսկ հետո զուռնա-դհոլով ուղեւորվել Մոսկվա՝ ռուսների սիրտը շահելու համար։