Կեղծարարներն այս անգամ էլ անպատիժ կմնան

12/12/2005 Արման ԳԱԼՈՅԱՆ

ՀՀ իշխանություններին մեծաթիվ ընտրակեղծիքների գնով միայն հաջողվեց անցկացնել ՀՀ Սահմանադրական փոփոխությունները: Դեկտեմբերի 6-ից ՀՀ նոր (կամ փոփոխված) Սահմանադրությունը պաշտոնապես ուժի մեջ մտավ (մի շարք դրույթներ էլ ուժի մեջ կմտնեն 2008թ. հուլիսից):

Օրերս «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ու դրա արդյունքները որակեց որպես իշխանությունների հաղթանակ: Սակայն ըստ նրա` դա «պյուռոսյան հաղթանակ» է, քանի որ «բացի բաց քվեարկողից» (ի նկատի ունի Ռ. Քոչարյանին.- Ա.Գ.), այսօր ոչ մեկն այդ հաղթանակին տեր չի կանգնում: Ավելին, այս օրերին, բացի միջազգային դիտորդներից, նաեւ իշխող կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչներն իրենք են հրապարակավ հայտարարում, որ հանրաքվեի ընթացքում բազմաթիվ ընտրախախտումներ են եղել: Եվ նրանք բոլորը մեկ մարդու պես նախեւառաջ կասկածի տակ են դնում հրապարակված 1,5 մլն մասնակիցների թիվը: Իհարկե, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե կոալիցիոն ուժերն այդ 1,5 մլն մասնակցության թիվը նկարած Ռոբերտ Քոչարյանին «պադստավկա» են անում, նաեւ հավելում են, որ, այնուամենայնիվ, այդ ընտրախախտումներն էական ազդեցություն չեն ունեցել հանրաքվեի արդյունքների վրա: Իսկ ՀՀ Գլխավոր դատախազությունն այս օրերին զբաղված է հանրաքվեի ընթացքում տեղ գտած ընտրակեղծիքներին անդրադարձած լրատվամիջոցների ներկայացուցիչներին ու ընտրախախտումների վերաբերյալ հայտարարություններ անողներին (այդ թվում` եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին) ծանուցագրեր ուղարկելով, որոնցում խնդրում են Դատախազություն ներկայացնել ունեցած փաստերը: Սակայն, չգիտես ինչու, նույն ջանասիրությամբ իրավապահ մարմինները, այդ թվում` եւ Դատախազությունը, մերժում են ընդունել ընդդիմության կողմից ներկայացված դիմում բողոքները: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանի խոսքերով, իրենք իրավապահ մարմիններին բազմաթիվ դիմում-բողոքներ են ներկայացրել ինչպես հանրաքվեի նախապատրաստական փուլի՝ այսինքն քարոզչության ժամանակ, այնպես էլ` քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ: Սակայն ամենատարբեր պատճառաբանություններով իրավապահ մարմինները կամ չեն վերցրել ընդդիմության ներկայացուցիչների դիմումները, կամ էլ դրանք ետ են ուղարկել: «Բավարար չափով դիմում-բողոքներ, հայտարարություններ, ԶԼՄ-ներում հրապարակումներ եղել են, ու դրանք բավարար են, որպեսզի Դատախազությունը քրեական գործեր հարուցի: Հանրաքվեի ընթացքում տեղ գտած ընտրակեղծիքները բավարար են, որպեսզի առնվազն մեկ դյուժին նմանատիպ հանրաքվեներ անվավեր ճանաչեն: Բայց մեր դիմումները բոլորը մերժվել են: «Այդպես է պետք, այդպես ենք անում» պատճառաբանությամբ` դիմումներին ընթացք չեն տալիս»,- փաստում է Արտակ Զեյնալյանը: Վերջինս համոզված է, որ հանրաքվեի ինչպես նախապատրաստական փուլում, այնպես էլ` բուն քվեարկության օրն այնպիսի ընտրախախտումներ ու ընտրակեղծիքներ են տեղի ունեցել, որ դրանք բավարար են հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու համար: Բայց իշխանություններն այսօր չունեն քաղաքական կամք, որպեսզի ընդունեն իրենց սխալները: Իսկ ընդդիմությունը ոչ միայն հնարավորություն չունի հանրաքվեի արդյունքները բողոքարկելու Սահմանադրական դատարանում, այլեւ դրա իմաստը չի տեսնում: Բանն այն է, որ հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում բողոքարկել կարող է կամ հանրապետության նախագահը, կամ էլ ԱԺ պատգամավորների առնվազն մեկ երրորդը: Հասկանալի է, որ ԱԺ պատգամավորների մեկ երրորդը երբեք չի համարձակվի համաձայնել` ՍԴ դիմելու` ընդդիմության առաջարկին: Դրանից բացի, Արտակ Զեյնալյանի մատնանշմամբ` այստեղ կա մեկ ուրիշ պրոբլեմ: «Եթե ՍԴ անդամները, այդ թվում` եւ հենց ՍԴ նախագահն է խախտում օրենքը, մասնակցում են օրենքով արգելված քարոզչությանը, ապա էլ ինչի՞ մասին է խոսքը: Ի՞նչ իմաստ ունի ՍԴ դիմելը»,- գտնում է Արտակ Զեյնալյանը, որի կարծիքով, հանրաքվեի մասնակիցների 1,5 մլն թիվը ոչ միայն իրենց համար էր անսպասելի, այլ նաեւ հենց իշխանության ներկայացուցիչներն են դրանից անակնկալի եկել: «Այդ թիվն անակնկալ էր կեղծարարների եւ ավելի բարձր էշելոնի խամաճիկների համար: Բայց, կարծում եմ, հետաքրքիր արդյունք ստացվեց»,- գտնում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամը: Բայց քանի որ, այս ամենի հետ մեկտեղ, իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե տեղ գտած խախտումներն էական ազդեցություն չեն թողել հանրաքվեի արդյունքների վրա, Արտակ Զեյնալյանը հակադարձում է. «Ընտրակեղծիքներն ազդեցություն ունեցել են, թե չեն ունեցել, կխոսենք այն ժամանակ, երբ քրեական դատավարություն իրականացնեն այն մարդկանց նկատմամբ, ովքեր ընտրակեղծիքներ են կատարել, ում որ խախտումները մեղսագրվում են: Թող վերցնեն, լցոնումներ կատարած մեկին պատժեն: Այդքան անուններ ենք տվել, այդքան փաստեր ենք մատնացույց արել»: Վերջինս համոզված է, որ փորձելու են նույն ձեւով կեղծել 2007թ. համապետական ընտրությունները: Իսկ այս ամենն, ըստ նրա, նախեւառաջ` ազատ հեռուստատեսություն չունենալու հետեւանք է: Եվ ստեղծված իրավիճակից միակ ելքն ընդդիմության ներկայացուցիչը տեսնում է հեղափոխության մեջ: