«Սահմանադրական փոփոխությունների նպատակը Հայաստանում քաղաքական իշխանության թուլացումն էր»,- «Հայելի» ակումբում ղարաբաղյան թեմայով երեկվա քննարկման ընթացքում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Իգոր Մուրադյանը: Սակայն վերջինս, ինչպես հետո խոստովանեց, չի էլ կարդացել այդ փոփոխությունները: Ի. Մուրադյանը ծանոթ չէր նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` 1997-ի հոկտեմբերին լույս տեսած «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հայտնի հոդվածին: Իսկ քննարկման մեկ այլ մասնակցի` ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանի կարծիքով էլ` Ղարաբաղի հարցի շուրջ տեղի ունեցող գործընթացները զուտ իմիտացիոն բնույթ են կրում եւ այս ֆոնին նա «մանր-մունր» հարց է համարում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի մերձեցման փորձերը: