Երեկվա հանրահավաքում նա հայտարարեց, թե ինքը պատրաստ է նույնիսկ 6 օր նտել նստավայրի մայթին ու սպասել պատասխանին, բայց դա չի անում, որպեսզի «առավել չլարի» Ռոբերտ Քոչարյանի առանց այն էլ «ծանր» ժամանակը: «Համ էլ` ես չեմ տենչում նրա աթոռը, նրա կահույքը, փողը, հարստությունը, այլամերձությունը, նյութապաշտ աշխարհը»: Նա Ռ. Քոչարյանին վստահեցրել է, որ նման հարցաշար կհղվի նաեւ նրա հերթափոխին, մինչեւ ընտրվելը: Իսկ հետո նա հայտարարեց. «Տղամարդկության դեպքում, եթե ձեր պատասխանը լինելու է քաղաքակիրթ եւ ոչ բռնի, եկեք միայնակ, եկեք անզեն եւ պատասխանեք իմ եւ ժողովրդի հարցերին»:
Միացյալ ընդդիմության երեկվա հանրահավաքը սակավամարդ էր, բայց դա, ինչպես նշեց «Ժառանգություն» կուսակցության փորձագետ Վարդան Խաչատրյանը, իրենց չի հիասթափեցնում, քանի որ իրենք պատրաստ են հաղթանակի հասնելու համար նորից անցնել պայքարի բոլոր փուլերը:
Իսկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վստահեցրեց, որ իրենք այլեւս բաց չեն թողնելու հանրաքվեի «պոչը», որը«բռնել» են նոյեմբերի 27-ին: «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ժողովրդին կոչ արեց հանդգնել նոյեմբերի 16-ին ժամը 16-ին հավաքվել ու ցույց տալ, թե ինչպիսի հակակշիռ են իշխանություններին: Դիմելով ոստիկաններին, ԱԱԾ աշխատակիցներին, ովքեր տուն առ տուն ընկած ահաբեկում են ժողովրդին, Ր. Հովհաննիսյանն ասաց. «Մեր երկիրը պատկանում է բոլորին, ոչ թե մի քանիսին, եւ հարկ չէ, որ դուք կատարեք այն հրահանգները, որոնք անբարո, անօրեն են: Այդ հրահանգները ծնվում են վախից, իսկ վախի վրա ազատ, ժողովրդավարական, ազգային պետություն չի հիմնվում»: Նա հատուկ անդրադարձավ նաեւ ԱԱԾ աշխատակիցներին, ովքեր օդանավակայանում իրեն խուզարկելով` պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր էին որոնում: «Ամեն գնալուց ու գալուց ներկայանում եմ մաքսատուն` հայոց շահը, իրավունքները պահպանելով արտասահմանում, մեր երկրում: Այո, կարելի է խուզարկել Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց խուզարկեք հավասար կիրառմամբ գործող նախագահին, պաշտպանության նախարարին, արտգործնախարարին, նրանց մերձավորներին»,- նկատեց Ր. Հովհաննիսյանը:
Իսկ Պետրոս Մակեյանն էլ հայտարարեց, թե Ռոբերտ Քոչարյանն իր գործողություններով ապացուցում է, որ ինքը հայ ժողովրդից վրեժ է լուծում իրեն բազմիցս մերժելու համար: «Ցավոք, նենգությամբ եւ ուժով նա կարողացավ պահել իշխանությունը: Այս անգամ մենք իրեն թույլ չենք տա մարսել նոյեմբերի 27-ը,- ասաց Պ. Մակեյանը։ -Նա ընդունակ է նաեւ փչացնելու իր շրջապատին: Ազգային կոչված Դաշնակցությանը դարձրեց ամենաապազգային կառույցը, ցեղակրոն կոչվող Հանրապետականին դարձրեց անհավատ եւ անկրոն: «Օրինաց երկրի» Արթուր Բաղդասարյանն էլ, կարծեք, փորձում է հետդարձ անել: Նրանք, ովքեր փորձում են հետդարձ անել, պետք է թույլ տանք: Իսկ ինչ վերաբերում է դրոշներ թափ տալուն, ապա, կներեք, կռիվը դեռ չի սկսվել: Կռիվը նոր է սկսվելու, բարիկադի երկու կողմեր են լինելու. մի կողմում` 20.000 պայմանական ավազակախումբը, մյուս կողմում` հայ ժողովուրդը»:
Վ. Խաչատրյանը ժողովրդին տեղեկացրեց, որ դեկտեմբերի 16-ի հանրաքվեն վերջինն ու ամենավճռականն է լինելու եւ, մեջբերելով հին հռոմեացիներին, ասաց. «Միշտ կասկածելի է այն, ինչ խիստ արագ է ձեւավորվում»: «Այն, ինչը ձեւավորվելու եւ հայտարարվելու է դեկտեմբերի 16-ին, լինելու է ֆունկցիոնալ»,- վստահեցրեց նա: «Հանրապետության» նախագահ Արամ Սարգսյանն էլ ժողովրդին կոչ արեց այդ օրն իր հետ մեկ մարդ ավելի բերել: «Տպավորություն է, որ մենք հիմա գնդակի նման ընկել ենք գետնին: Երբ կպնում ես գետնին` ցավոտ է, բայց դրանից հետո բարձրանում ես: Ու ես հիմա վստահեցնում եմ, որ մենք հիմա բարձրանում ենք, ոտքի վրա ենք: Հիմա որեւէ մեկը չի կարող մեղադրել ինձ, որ ասում եմ` հեղափոխություն է պետք անել, որովհետեւ այլ ճանապարհ գոյություն չունի»,- ասաց նա` ժողովրդին հորդորելով չհոգնել շարունակական հանրահավաքներից: «Մենք չենք վախենում նաեւ փոքրաքանակ միտինգներից, դրանք անհրաժեշտ են հակառակորդ թիմի դիմադրությունը թուլացնելու համար: Տեսեք, թե ինչ է կատարվում այնտեղ. իրար մեջ տարբեր ձեւի ռազբորկաներ են լինում: Եթե իշխանության միջից որեւէ մեկն ասում է` ընտրությունները կեղծվել են, իրենք ասում են` կա՛մ դուրս արի իշխանությունից, կա՛մ սուտ ասել սովորի: Այսինքն` այս ստի իշխանությունը փորձում է իրեն ապահովել, նորանոր կուսակցություններ ստեղծել 2007թ. ընտրությունների համար: Իշխանական ճամբարում գզվռտոց է, մեր հավաքականությունն այդ գզվռտոցը հասցնելու է իր հանգրվանին: Իշխանական բուրգը փուլ է գալու, եւ մենք Բաղրամյան պողոտա գնալու ենք հենց այդ ժամանակ: Ինչքան պետք լինի` հավաքվելու ենք, հավաքվելու ենք` ցույց տալու համար, որ մենք չենք ընդունում այս հանրաքվեն»:
Ա. Սարգսյանը վստահեցրեց, որ միասնական ընդդիմությունը լուրջ շարժում է սկսում, որի նպատակը ոչ միայն իշխանություններին փոխելն է, այլեւ` իշխանափոխությունից հետո երկրում կայունություն պահպանելը: «Հաջորդ հանրահավաքին մենք հաշվետվություն կներկայացնենք ձեզ, թե ինչ ենք արել, ինչ ենք անում եւ ուր ենք տանելու ձեզ: Դրանից հետո ձեզ համար այլեւս էական չի լինի, թե ինչքան ժամանակում է լինելու իշխանափոխությունը»,- ասաց Ա. Սարգսյանը` չբացառելով, որ հենց դեկտեմբերի 16-ը կարող է լինել հեղափոխության օրը: «Պատրաստ եղեք գործընթացների, պատրաստ եղեք նույնիսկ մինչեւ ամսի 16-ը լրացուցիչ կանչի, պատրաստ եղեք ամեն ինչի»,- եզրափակեց նա:
Հ.Գ. Երեկվա հանրահավաքից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը ոտքով գնացել է դեպի նախագահական նստավայր: Այնտեղ, սակայն, նրան արդեն սպասում էին 3 ոստիկանական «Գազել», 3 մարդատար ավտոմեքենա, 2 «Վիլիս»: Ոստիկանության բարձրագույն սպաները նամակների բաժնի մոտ Ր. Հովհաննիսյանին տեղեկացրել են, որ ուրբաթ օրերին բաժինն աշխատում է մինչեւ ժամը 17.00-ն եւ արդեն փակ է: Րաֆֆի Հովհաննիսյանը հարցրել է. «Իսկ փոստ կա՞», ու կոնկրետ պատասխան չստանալով` նամակը դրել է նստավայրի ճաղերից այն կողմ: Ծրարին գրված էր` «ՀՀ նախագահի պաշտոնակատար Ռոբերտ Քոչարյանին»: Ոստիկաններից մեկը զգուշորեն վերցրել է նամակը եւ թաքցրել: