Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին չմասնակցեց ժողովրդի ճնշող մեծամասնությունը: Բայցեւ պետք է նշել, որ դրան հաջորդած քաղաքական ընդդիմադիր գործիչների միտինգներին եւս շատ-շատերը չմասնակցեցին: Իսկ դա նշանակում է, որ ժողովուրդը չի վստահում ոչ իշխանություններին, ոչ ընդդիմությանը: Դա իր հերթին նշանակում է, որ ժողովուրդը քաղաքական դաշտում նոր դեմքեր է ուզում տեսնել: Իսկ նոր դեմքերը հենց այնպես չեն ծնվում: Փորձը ցույց է տալիս, որ այդ նորերի շարքերում հաճախ լինում են երիտասարդ, քաղաքական եւ հասարակական կյանք, նոր գաղափարներ եւ նոր շունչ բերող գործիչներ: Ընդ որում, այդ նոր դեմքերը կարող են լինել այսօրվա թե իշխանամետ, թե ընդդիմադիր դաշտերից: Եվ այսպես սկսվում է «նորեր-հներ» պարտիան:
Սպիտակների ճամբար
Թագավոր – 50-ն անց քաղաքական գործիչներ
Թագուհի – Հանրապետական կուսակցություն, Դաշնակցություն (ՀՅԴ)
Նավակներ – աշխարհաքաղաքական ուժեր
Փղեր – օլիգարխներ
Ձիեր – մինչեւ 30 տարեկան երիտասարդներ
Զինվորներ – Պարույր Հայրիկյան, Խոսրով Հարությունյան, Արշակ Սադոյան եւ այլք։
Սեւերի ճամբար
Թագավոր – 30-50 տարեկան քաղաքական գործիչներ
Թագուհի – «Օրինաց երկիր» (ՕԵԿ)
Նավակներ – աշխարհաքաղաքական ուժեր
Փղեր – փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ
Ձիեր – նորաստեղծ կուսակցություններ
Զինվորներ – ամբիցիոզ երիտասարդություն։
Խաղում են սպիտակները
Սպիտակները հասկանում են, որ ամեն դեպքում «տարիքն իրենն ասում է»: Հասկանալով, որ ոչ ոք հավերժ չէ, այնուամենայնիվ, նրանք կփորձեն հնարավորինս երկարաձգել իրենց ներկայությունն իշխանական միջանցքներում: Պարզ գիտակցելով, որ իրենց վերջին հնարավորությունը, թերեւս, 2007թ. խորհրդարանական ընտրություններն են, նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի հաղթող դուրս գան այդ պայքարում: Իսկ այն, որ նրանք ոչ մի բանի առջեւ չեն կանգնի, սպիտակներն ապացուցեցին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ:
Խաղում են սեւերը
Սեւերը համոզվեցին, որ սպիտակներն ամեն ինչ կանեն, որպեսզի մի քանի տարի էլ մնան քաղաքական դաշտում: Սակայն` հասկանալով, որ եթե 2007-2008թթ. սեւերը չկարողանան հաղթանակ տոնել, ապա հաջորդ անգամ արդեն իրենք կդասվեն «հայրերի» շարքին: Իսկ դա նշանակում է, որ շանսերը գնալով կպակասեն: Չհաշտվելով այդ մտքի հետ, նրանք փորձեցին «խաղեր տալ» միջազգային կառույցների հետ, ինչի հետեւանքով ծնվեց Արթուր Բաղդասարյանի հայտնի՝ «Լցոնումներ են եղել եւ պետք է պարզել, թե ո՞վ է այդ արջի ծառայությունը մատուցել իշխանություններին» արտահայտությունը, որը, փաստորեն, կարելի է համարել հաջորդ ընտրությունների համար տրված ստարտ:
Խաղում են սպիտակները
Եթե հիշենք նախագահ Ռ. Քոչարյանի՝ «Ումի՞ց եմ պակաս՝ գիտելիքներով, փորձով…» արտահայտությունը, պարզ է դառնում, որ սպիտակների PR-ի հաջորդ խաղաքարտը լինելու է փորձը եւ, արդեն ավանդական դարձած՝ կայունությունը: Իհարկե, սպիտակներն ունեն մեկ «հաղթաթուղթ» եւս: Վերջին «կլոր սեղաններից» մեկի ժամանակ ՕԵԿ-ի ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանի հետ Հանրապետական կուսակցությունը «ձիով» քայլ արեց եւ այդ հանդիպմանն ուղարկեց կուսակցության երիտասարդական թեւի առաջնորդ Արմեն Աշոտյանին: Դա նշանակում է, որ սպիտակները սեւերի հետ սկսում են խաղալ իրենց իսկ «զենքերով»:
Խաղում են սեւերը
Հաշվի առնելով «Փորձած թանը անփորձ մածնի հետ չեն փոխում» արտահայտությունը, սեւերին շատ դժվար է լինելու առանց այն էլ իներտ ընտրազանգվածին համոզել, որ «ամեն ինչի նորն է լավ, ընկերոջ՝ հինը»: Մյուս կողմից, սակայն, Արթուր Բաղդասարյանն աշխարհաքաղաքական դաշտում խաղեր է տալիս ինչպես ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Ս. Միրոնովի, այնպես էլ` ամերիկյան որոշ ուժերի հետ: Դե, իսկ Ֆրանսիայի կողմից Ա. Բաղդասարյանին աջակցություն ցուցաբերվելու մասին խոսակցությունները վաղուց փակվել-սպառվել են:
Խաղում են սպիտակները
Սպիտակներն, իրենց հերթին, շատ բարդ խնդիրներ ունեն՝ Ղարաբաղի հարցը, այսպես կոչված՝ «բաց եւ թափանցիկ ընտրությունները», քաղաքականության եւ բիզնեսի միահյուսումը, եւ այլն: Եվ սպիտակներն այս ընթացքում փորձելու են սեւերին ներքաշել այս ամենի մեջ (ինչի ականատեսն էինք մենք վերջին հանրաքվեի ժամանակ)՝ այդպիսով զրկելով նրանց կարեւոր հաղթաթղթերից: Բացի այդ, սպիտակների փղերը՝ օլիգարխները, հասկանալով, որ շատ բան կարող են կորցնել, ամեն կերպ կփորձեն պահել անկյունագծերը:
Խաղում են սեւերը
Սեւերը կկարողանա՞ն, թե՞ չեն կարողանա դիմակայել այս կոշտ հարձակմանը՝ ավելի ուշ պարզ կդառնա: Սակայն, մի կողմից՝ իշխանամետ երիտասարդների կլանային համակարգում ընդգրկված չլինելու փաստը, իսկ մյուս կողմից՝ ընդդիմադիր նոր երիտասարդների առայժմ չարված սխալ քայլերը դառնալու են սեւերի PR-ի հիմնասյունը: Իսկ սեւերի տարբեր ֆիգուրներ, հասկանալով, որ սա նաեւ իրենց շանսն էլ է, համալրվելով նորաստեղծ տարբեր կուսակցություններ, կփորձեն անցնել հակագրոհի:
Շախմատային մեկնաբան Կարեն Քոչարյան
Այսպես թե այնպես, քաղաքական դաշտի երկու բեւեռներում էլ տեղաշարժեր են զգացվում: Ընդդիմությունը նոր ձեւաչափ է փնտրում, իսկ իշխանությունը (կոալիցիա) արդեն չի թաքցնում, որ եկել է պահը, երբ ամեն մեկն իր ճանապարհով պետք է գնա: Ամեն դեպքում, «հայրերի» շարքերում կլինեն մարդիկ, ովքեր խաղադրույք կկատարեն երիտասարդների վրա՝ հույս ունենալով, որ հետագայում իշխանության մեջ գոնե փորձառու խորհրդականի կարգավիճակ կունենան (Ալեքսան Կիրակոսյանի օրինակով), իսկ «որդիների» մեջ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր ամեն կերպ կաջակցեն «հայրերին», որպեսզի 2007-8թթ. իշխանությունը մնա նրանց ձեռքում՝ հստակ գիտակցելով, որ հետագայում իրավահաջորդ կդառնան ոչ թե նախկինում աճեցրած եւ արդեն վտանգավոր դարձած երիտասարդները, այլ հենց իրենք: