Տաղավարները 1999-2001թթ. ժամանակահատվածում անհատ ձեռներեցների կողմից կառուցվել են ծաղկի բիզնես իրականացնելու նպատակով: Տաղավարների տերերը դեռ տարիներ առաջ օրինական կարգով թույլտվություն են ստացել տաղավարների կառուցման համար, ունեն նաեւ քաղաքաշինական բոլոր նորմերը հաստատող համապատասխան փաստաթղթեր: Երեւանի նախկին եւ ներկա քաղաքապետերի որոշումներով ճանաչվել է տաղավարների սեփականատերերի սեփականության իրավունքը, սպասարկման համար անհրաժեշտ հողը վարձակալության հիմունքներով 5-15 տարի ժամկետով հատկացվել է անհատ ձեռներեցներին: Մեր ձեռքի տակ են հողի վարձակալության, տաղավարների օրինականությունը հաստատող եւ մի շարք այլ փաստաթղթեր: Տաղավարների տերերն այժմ հայտնվել են անելանելի վիճակում: Բանն այն է, որ կառավարության որոշմամբ` այդ հողատարածքը 50 տարի ժամկետով վարձակալել է «ԲԱՄՕ» ՍՊԸ-ն: Տաղավարների սեփականատերերը ներկայացրին նաեւ մոտ 650քմ տարածություն զբաղեցրած հողատարածքների հատակագծերը, որը տրամադրել է Երեւանի քաղաքապետարանի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունը: Սակայն մեկ այլ հատակագծի համաձայն՝ նույն տարածքն ընդգրկված է Մարզահամերգային համալիրին կից «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ-ի գլխավոր հատակագծում: Տաղավարներից մեկի սեփականատեր Աշոտ Նազարյանը վստահեցնում է, որ համալիրի նախկին տնօրեն Ա. Բաղդասարյանը տարիներ առաջ փորձեր է արել համալիրին հարող տարածքներից մի հատված օբյեկտ կառուցելու նպատակով սեփականաշնորհել: Սակայն թե՛ Աջափնյակ, թե՛ Կենտրոն համայնքների թաղապետերը մերժել են նրա խնդրանքը: Մարզահամերգային համալիրի կանաչապատ տարածքը պատկանում էր «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ-ին, Կենտրոն թաղապետարանին: Համալիրին կից «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ-ն կառավարության որոշմամբ վարձակալությամբ տրվել էր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր պետական ոչ առեւտրային կազմակերպությանը, իսկ ներկայումս՝ «ԲԱՄՕ» ՍՊԸ-ին: Գործից անտեղյակ տաղավարների սեփականատերերն էլ միայն հիմա են իմացել, որ քաղաքապետարանի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ, գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ-ի հատակագծում ընդգրկել է նաեւ իրենց զբաղեցրած տարածքը: Ստեղծվել է մի իրավիճակ, որ միեւնույն 650քմ հողատարածքը երկկողմանի օրինական վարձակալ ունի՝ տաղավարների սեփականատերերը եւ «ԲԱՄՕ» ՍՊԸ-ն: Ընդ որում, «ԲԱՄՕ»-ն հողի վարձ է մուծում Կենտրոն թաղապետարան, իսկ տաղավարների սեփականատերերը՝ Աջափնյակի թաղապետարան:
Նշենք, որ ծաղկի խանութների վարձակալների պայմանագրային ժամկետները լրանում են 2015թ.: Փաստորեն Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունն իր նախագծած հատակագծի վրա մեկ այլ հատակագիծ է գծել եւ, ըստ այդմ, հավելյալ 650քմ հողատարածքը ՀՀ կառավարության որոշմամբ` տրվել է Մարզահամերգային համալիրին (ՊՈԱԿ), իսկ ավելի ուշ՝ «ԲԱՄՕ» ՍՊԸ-ին: Աշոտ Նազարյանն ասում է. «Ճիշտ է, կառավարության որոշմամբ է տրվել ԲԱՄՕ-ին, բայց կառավարությունում հավանաբար տեղյակ չեն, որ տարածքը մենք տարիներ առաջ 5-15 տարի պայմանագրային ժամկետով վարձակալել ենք, իսկ տաղավարներն ինքնակամ չեն, փաստաթղթեր ունենք: Հիմա ԲԱՄՕ-ի տերերը մեզ առաջարկում են, ասենք, 1000 դոլար իրենց վճարելով` աշխատեցնել խանութները: Ամբողջ խնդիրն այն է, որ Սամվել Դանիելյանն, այդ հողը դիտարկելով որպես ազատ հող, համալիրին կից «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ-ի գլխավոր հատակագծում ընդգրկել է առանց ուսումնասիրելու փաստաթղթերն ու վարձակալների իրավունքները: Ստացվում է՝ հողատարածքն ունի երկու օրինական վարձակալ, որովհետեւ մեզնից հողը զավթել են: Դա եղել է համալիրի նախկին տնօրենի նախաձեռնությամբ, որովհետեւ նա ուզում էր էստեղ օբյեկտ կառուցել: Հիմա նրան հանել են, տարածքը տվել են ԲԱՄՕ-ին, որն էլ, բնականաբար, մեզ նման վարձակալ է, թեեւ հետագայում պետք է գնի հողը»: Եթե հողատարածքը վարձակալությամբ տրվել է ԲԱՄՕ-ին, ապա պարտավոր էին նախկինում կնքած վարձակալության պայմանագրերը չեղյալ համարել կամ դադարեցնել՝ վարձակալներին այլ տարածք կամ փոխհատուցում տրամադրելով, ինչը չի արվել: Թեեւ հիշեցնենք, որ պայմանագրերի ժամկետը լրանում է մինչեւ 2015 թվականը: «ԲԱՄՕ» ՍՊԸ-ին 50 տարի վարձակալությամբ եւ սեփականության իրավունքով գնելու նախապատվությամբ հատկացված հողատարածքի ընդհանուր մակերեսը 19,54 հա է, իսկ ծաղկի տաղավարների զբաղեցրած հողատարածքը 650քմ է կազմում: Տաղավարների սեփականատերերից ոմանց քաղաքապետարանի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Սամվել Դանիելյանը հորդորել է, թե բոլոր դեպքերում իրենց շահերը չեն ոտնահարվի եւ լուծում կգտնվի: Սակայն, երբ տաղավարների տերերը Ս. Դանիելյանին ասել են, որ կառավարությունը ԲԱՄՕ-ին գնման նախապատվությամբ է տարածքը տրամադրել, վերջինս զարմացել է` ասելով՝ «Դա քաղաքաշինության նորմերի եւ օրենքի կոպիտ խախտում է, այդ տարածքը վաճառքի ենթակա չէ»:
Մարզամշակութային համալիրի կոմերցիոն տնօրեն Եղիշե Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «ԲԱՄՕ ընկերությունը ծաղկե տաղավարների տարածքը գնել է պետությունից եւ իրավունք ունի այն օգտագործել՝ ինչպես ընկերությունն է նպատակահարմար գտնում»: Տաղավարների սեփականատերերն էլ, իրենց հերթին, պահանջում են. «Կոպիտ կերպով խախտվել է փոքր բիզնեսով զբաղվող մարդկանց սահմանադրական, քաղաքացիական եւ Հողային օրենսգրքով երաշխավորված իրավունքները: Եթե կատարվածը թյուրիմացություն է, այլ ոչ թե չինովնիկների «բեսպրեդել» կամք, ապա թող օրինական ձեւով հատկացված հողակտորը հանեն ԲԱՄՕ-ին վարձակալությամբ հատկացրած հողատարածքի գլխավոր հատակագծից»:
Հիշեցնենք, որ ԲԱՄՕ շինարարական հոլդինգը ծրագրել է Կ. Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնի շինարարական-վերանորոգման հիմնական աշխատանքները սկսել 2006-ի գարնանը: Այնպես որ, եթե անհատ ձեռներեցների վարձակալած հողատարածքի փաստաթղթերը չվերանայվեն, պետք է ենթադրել, որ տաղավարները ԲԱՄՕ-ն, այնուամենայնիվ, կքանդի: Աջափնյակի թաղապետարանի Առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Արայիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախկինում այդ փողոցի մայթն ու սիզամարգը պատկանում էին Աջափնյակի թաղապետարանին, սակայն այն սկզբում տվել են Կենտրոն թաղապետարանին, հետո՝ ԲԱՄՕ ընկերությանը: Նա նշեց, որ տաղավարներից 3-ն օրինական են, իսկ 6-ը` ոչ, այնպես որ, 3 սեփականատերերի պահանջն օրինական է: «Մենք ոչինչ չենք կարող անել, մենք քաղաքապետի որոշումներով ենք առաջնորդվում: Քաղաքապետի որոշմամբ` պիտի նրանց պայմանագրերը դադարեցվեր,- ասաց նա,- բայց ավելի լավ է էդ գործին ընթացք չտաք, որովհետեւ ոչինչ չի փոխվի, դրա համար դատարան գոյություն ունի: Ի՞նչ ասեմ… հաջողություն եմ մաղթում էդ քյասիբներին»: Թեեւ քաղաքապետարանից խոստացան այս խնդրի շուրջ տեղեկատվություն տրամադրել, այդուհանդերձ, ոչինչ չասացին: