Ղարաբաղում գործող «Բաց հասարակություն» հասարակական կազմակերպության կողմից անցկացվող սոցիալական հարցման ժամանակ ԼՂՀ քաղաքացիների կողմից տարբեր կարծիքներ են հնչում՝ կապված Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ վերջերս Երեւանից հնչող տարբերակների հետ: Karabakh-online.com-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ Հադրութի բնակիչներից մեկը, որն Արցախյան պատերազմի ժամանակ կորցրել է 20-ամյա որդուն եւ ամուսնուն, խոսելով ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի մասին, նշել է. «Երբ որդիս զոհվեց, ամուսինս ասաց. «Յուրաքանչյուր ղարաբաղցի դուրս է եկել պաշտպանելու կանանց, երեխաներին ու տարեցներին, եւ մենք չունենք գոյատեւելու այլ միջոց»: Իսկ հիմա մեր ղեկավարները խոսում են որոշ զիջումների մասին: Մենք առանց այդ էլ Ադրբեջանին շատ բան ենք զիջել: Ինձ նման կանայք շատ կան ԼՂ-ում, եւ դա արդեն զիջում է: Ո՞վ է թույլ տվել խոսել ղարաբաղցիների ճակատագրի մասին` առանց մեզ հարցնելու: Ինչո՞ւ մեր իշխանությունները ժողովրդին չեն տեղեկացնում կարգավորման գործընթացին, ինչո՞ւ ոչինչ չի գրվում թերթերում: Լավ է, որ գոնե հասարակական կազմակերպությունները կան, որոնց ներկայացուցիչներից տեղեկանում ենք կատարվող իրադարձությունների մասին: Ոչ ոք չի կարող բանակցություններ վարել`առանց մեր կարծիքի իմացության: Մեր հարազատները զոհվել են ոչ նրա համար, որ չինովնիկները դրանից կարիերա ստեղծեն»: Բնակիչներից մյուսի կարծիքով, արտերկրի հասարակական որեւէ կազմակերպության կողմից հնչող Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ առաջարկներն աբսուրդ են. «Եվրոպացիները կամ ամերիկացիները որտեղի՞ց գիտեն՝ ինչպես է տեսնում Ղարաբաղի ժողովուրդն իր հիմնախնդրի լուծումը: Եվ ընդհանրապես, ո՞վ է ինչ-որ մեկին իրավունք տվել որոշել ժողովրդի ճակատագիրը: Ո՞վ է որոշել, որ Ղարաբաղի ժողովրդից կարելի է եւ չհարցնել: Այդ հարցերով զբաղվող յուրաքանչյուր մարդ պետք է իմանա, որ ժողովուրդն ինքը պիտի մասնակցի բանակցություններին, կամ իրավասություն տա մեկին, ում վստահում է: Եթե կան որեւէ ուրիշ առաջարկներ` նշանակում է, որ Ղարաբաղի խաղաղությունը ձեռնտու է ոչ բոլորին»: