«Բաց նամակ «Օրենքին» վերնագրված նամակում անհայտ նամակագիր(ներ)ը բուհի ղեկավարությանը մեղադրում են բուհը «ոչ թե օրենքի եւ բարոյականության պահանջներով» ղեկավարելու, այլ «ղեկավարի քմահաճույքներով եւ շահադիտական նկրտումներով»:
Նամակում մասնավորապես նշվում է, որ Մանկավարժական համալսարանում օրենսդրական խախտումներով ղեկավար պաշտոններ են զբաղեցնում 65-ն անց դեկաններ եւ ամբիոնի վարիչներ, ովքեր «15-20 տարի է զոդված են այդ աթոռներին»:
Ինչպես տեղեկացրեց Մանկավարժական համալսարանի մամլո քարտուղար Սիլվա Ասրյանը, 65-ն անց դեկաններ ու ամբիոնի վարիչներ համալսարանում կան, սակայն քանի որ մինչ այս գործել է ղեկավար այդ պաշտոններում ընտրության ժամանակավոր կանոնակարգ, բուհը մրցույթի հայտարարությունները հետաձգել է՝ սպասելով նոր կանոնակարգի ընդունմանն ու հաստատմանը: Նոր կանոնակարգը օրերս է միայն հաստատվել եւ համաձայն այդ կանոնակարգի՝ բուհում շուտով նոր ընտրություններ կլինեն:
«Բաց նամակը», որ հասցեագրվել է ոչ միայն մեր թերթին, որոշ լրատվամիջոցներ նաեւ հրապարակել են այն, համալսարանի դասախոսների վրդովմունքն է միայն առաջացրել: Համենայնդեպս, կարծում ենք, համալսարանի բոլոր դասախոսներն են ծանոթ այս նամակի բովանդակությանը, քանի որ նամակը քննարկվել է նաեւ համալսարանի գիտխորհրդի նիստում, եւ մեր ունեցած տեղեկություններով` ոչ մի դասախոս նամակագիրների պնդումները օրինախախտության վերաբերյալ չի պաշտպանել, ավելին՝ մեր հարցման արդյունքներում նամակի հեղինակ «մի խումբ դասախոսներից» ոչ մեկին չկարողացանք հայտնաբերել, որպեսզի պարզեինք` նամակում նշված մնացած «բազմաթիվ այլ խախտումներն» ինչին են վերաբերում: Եթե կան այդպիսիք, սիրով կլսենք նրանց եւ միասին կպայքարենք «բազմաթիվ այլ խախտումների» դեմ:
Համալսարանի Բանասիրական ֆակուլտետի դեկան Մարտին Գիլավյանը զարմացած է. «Ինչի՞ համար է այդ աղմուկ-աղաղակը, դեկանների ընտրության կանոնակարգում հստակ ասված է, որ դեկանի թեկնածու կարող է լինել նաեւ 65-ն անց մարդը, եթե ֆակուլտետների եւ ուսանողության երկու երրորդը դեմ չեն նրա թեկնածությանը»: Այս առումով պրն Գիլավյանը` նշելով, որ համալսարանում 65-ն անց դեկանները 4-ն են, վկայակոչում է Գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի դեկան Արկադի Շեկունցի օրինակը. «Հետո ինչ անենք, որ էս մարդը 65-ն անց է, նրա արտաքինին ու շարժուձեւին որ նայում ես՝ 40-ից ավել չես տա, առավոտից իրիկուն մարդը շարժման մեջ է՝ ցուցահանդեսներ է անում, համերգներ է կազմակերպում, բա էդ նամակագիրները էդ միջոցառումներին չե՞ն մասնակցել, բա էդ ժամանակ ինչի՞ չեն մտածում՝ 65-ն անց մարդը ոնց է այդքանը հասցնում»: Նույն Արկադի Շեկունցի մասին մի ուսանողուհի ասեց՝ «Որ իր հոժար կամքով գնա էլ՝ չենք թողնի»:
Ռեկտոր Ա.Ղուկասյանը բաց նամակի առիթով ոչինչ չասաց, միայն ակնարկեց, որ նամակի հեղինակը մեկն է եւ «ձեռագիրն իրեն ծանոթ» է: Նա առաջարկում է բոլոր թերությունների, բացթողումների մասին իրեն տեղյակ պահել, միասին քննարկել եւ լուծման ճիշտ ուղիներ գտնել: Իսկ անանուն նամակի առիթով բանասիրականի դեկանը հիշեց Խնկո-Ապոր առակներից մեկը. «Գորտը գետի մի ափից մյուսը՝ շալակած անց է կացնում կարիճին, հենց ափին իջեցնում է՝ կարիճը խայթում է, եւ մահամերձ գորտի զարմացած հայացքին ի պատասխան` ասում՝ բնությունս է այդպես, որ չխայթեմ՝ կպայթեմ…»:
Կրկին առաջարկում ենք Մանկավարժական համալսարանի եւ դասախոսներին, եւ ուսանողներին՝ եթե իսկապես բուհում օրենք է ոտնահարվում, խնդրում ենք՝ նշել, թե որ օրենքը, օրենքի որ կետը, քննարկեք դա ձեր բուհի ղեկավարության հետ, եւ եթե իսկապես որեւէ արդյունք չտա, դիմեք մեզ, մենք պատրաստակամ ենք ստուգել ձեր նշած օրինախախտման փաստերը եւ միասին պաշտպանել Օրենքը: