Թատերական ինստիտուտի հոբելյանը

12/12/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Սերմն ընկնում է հողի մեջ, ծիլ է դուրս գալիս, աճում-մեծանում է, դառնում է փարթամ մի ծառ: Ծառի հաստ բնի վրա տնակներ են բուսնում, յուրաքանչյուր տնակի բնակիչ` մի քանի տարի ապրելով այդ տնակում, անպայման գնում է ծառի ռեկտորի մոտ եւ, դիպլոմ ստանալով, թռչում-հեռանում է. նրան մեծ աշխարհն է սպասում: Այս պատմությունը մուլտֆիլմ է դարձել, որի հեղինակները Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողներն են: Նրանք այդպիսին են տեսնում իրենց մայր բուհը, որն արդեն 60 տարեկան է: Ինստիտուտը վառ անցյալ եւ հուսադրող ապագա ունի: Եվ, ամենակարեւորը, պահպանել է արվեստի մթնոլորտն ու բարձր ճաշակը: Ինստիտուտի առաջին ռեկտոր Վավիկ Վարդանյանի գործը շարունակող Սոս Սարգսյանն ինստիտուտի հոբելյանական երեկոյի ընթացքում ասաց. «Այս ուսանողները մեր ապրանքն են»: Իսկ ինստիտուտի այսօրվա «ապրանքն» աչքի է ընկնում իր որակով: Դրա ապացույցն էին ուսանողների ելույթները: Նրանք ճկուն էին, լավ երգում ու պարում էին, հումորի զգացում ու առողջ ամբիցիաներ ունեին: Նրանք պատրաստ են ստեղծագործելու: Սովետական կարգերի փլուզումից հետո ինստիտուտի ուսումնական պրոցեսն էլ էր փլուզվել: Բուհը մոտ 10 տարի գոյատեւում էր առանց իր նախկին` բարձր վարկանիշի: Ինստիտուտը մի քանի շենք ու ռեկտոր փոխեց, աշխատեց առանց բեմի ու կարգին փորձասենյակների: Բայց, շնորհիվ Սոս Սարգսյանի, կարողացավ թափ առնել: Ոչ ոք չէր հավատում, որ նախկին Քիմիական ուսումնարանի անհրապույր ու կիսափուլ շենքը կդառնա թատրոնի բուհին համապատասխան: Այսօր այնտեղ ամեն ինչ կարգին է, գործում է հարմարավետ բեմը, եւ ուսանողները պարապում են լավ պայմաններում: Բժշկական ինստիտուտի ռեկտորը` ողջունելով Սոս Սարգսյանին, ասաց, որ ինքը` լինելով բժիշկ, ավելի շատ է զգում արվեստի մարդկանց անհրաժեշտությունը, քան նույնիսկ բժիշկների. «Ոգին կարող է ավելի մեծ ցավ զգալ, քան մարմինը»: Համատարած անճաշակության մեջ գտնվելով, ոգին մաքրվելու կարիք ունի: Եվ եթե նույնիսկ ուսանողներից քչերը լավ դերասաններ կամ ռեժիսորներ դառնան, յուրաքանչյուր ոլորտում աշխատելիս, նրանք աչքի կընկնեն բազմակողմանի գիտելիքներով կամ պարզապես արվեստից մի քիչ հասկացող մարդիկ կլինեն: Շնորհակալական խոսքերն առաջին հերթին դասախոսներին էին ուղղված, որոնք, ինչպես ասաց Սոս Սարգսյանը` անհույս ու անլույս տարիներին, չնչին աշխատավարձով էին աշխատում: Արվեստաբաններ Սուրեն Հասմիկյանն ու Սոնա Ղազանչյանը «Մովսես Խորենացի» շքանշանի արժանացան, իսկ մի քանի այլ դասախոսներ` պատվոգրերի: Հոբելյանը հաշվետվություն եւ նոր սպասելիքներ է ենթադրում: Ինստիտուտն այժմ իր հիմնը եւ սիմվոլիկան ունի: Ինստիտուտի խորհրդանիշը դիմակները, գիրքն ու կինոժապավենն են: Թատրոնը կինոյի հետ է միացել եւ քայլում է առաջ: Ինստիտուտի ջերմ հանդիսությունը թախծոտ երանգ էլ ուներ: Սոս Սարգսյանը հեռանում է ինստիտուտից: Հեռանում է հպարտ, խոնարհ ու գեղեցիկ: Նա վերակառուցեց այս նոր շենքը, ապահովեց անխափան ուսումնական պրոցեսը, կազմակերպեց այս տոնը, որն անհրաժեշտ էր եւ ուսանողներին, եւ դասախոսներին, եւ պատրաստ է հրաժարական տալ: