Արթուր Աբրահամը վճռականորեն է տրամադրված

12/12/2005

Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ու նիգերիացի Կինգսլի Իկեկեն այսօր երեկոյան գերմանական Լեյպցիգ քաղաքում կվիճարկեն IBF վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը միջին քաշային կարգում (մինչեւ 72.6կգ)։

Արթուրը լավատեսորեն է տրամադրված։ «Մենամարտից առաջ միշտ էլ դժվար է ինչ-որ բան ասել, այդուհանդերձ, ես ինձ թույլ կտամ ասել, որ իմ մրցակիցը չի լսի եզրափակիչ գոնգի ձայնը։ Նա չի հաղթահարի տարածությունը։ Ծննդյան տոներից հետո ես պատրաստ կլինեմ ընդունել ցանկացած մարտահրավեր։ Լրիվ հավանական է, որ իմ ապագա մրցակիցը կլինի Ֆելիքս Շտուրմը, սակայն միայն այն դեպքում, երբ մենք երկուսս էլ չեմպիոն դառնանք»,- հայտարարել է Աբրահամը։

Հիշեցնենք, որ մեր բռնցամարտիկը IBF-ի տիտղոսի համար պայքարելու իրավունք է ստացել այս տարվա հուլիսին Հովարդ Իսթմենին պարտության մատնելու շնորհիվ։

Այն, որ մենամարտն անց է կացվելու Գերմանիայում, Իկեկեին առանձնապես չի անհանգստացնում։ «Երբ զբաղվում էի սիրողական բռնցքամարտով, շատ անգամ եմ հանդես եկել Գերմանիայում, այնպես որ, ինձ համար ոչ մի նոր բան չկա։ Ռինգում կլինենք միայն ես եւ Աբրահամը, իսկ Գերմանիան եւ մնացած ողջ աշխարհը կլինեն ռինգի սահմաններից դուրս։ Սա այդպիսի մենամարտ է, այնպես որ, այդ հաշվով ես հանգիստ եմ»,- ասել է Իկեկեն։ Նշենք, որ Արթուրն ապրում եւ մարզվում է Գերմանիայում եւ շատ լավ ընդունելություն է գտնում գերմանացի մարզասերների շրջանում, որոնց մեծ մասի համակրանքն այսօր լինելու է հայ բռնցքամարտիկի կողմը։