Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» իրոք վատ ժամանակներ է ապրում։ Անգլիայի առաջնության վերջին 4 խաղերում թիմը միայն հաղթանակներ է տարել եւ թվում էր՝ մանկունիացիները վերջապես վերագտել են իրենց խաղը։ Սակայն այն, ինչ տեղի ունեցավ Չեմպոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում, զարմացրեց ոչ միայն «Մանչեսթերի» երկրպագուներին, այլեւ ողջ աշխարհի ֆուտբոլասերներին։ Անգլիական թիմն անգամ ոչ-ոքի խաղալու դեպքում դուրս կգար փլեյ-օֆֆ փուլ, սակայն 2-1 հաշվով պարտություն կրեց պորտուգալական Բենֆիկայից եւ վերջին 10 տարում առաջին անգամ դուրս մնաց հետագա պայքարից։ Ֆուտբոլային աշխարհում սա սենսացիա է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ անգլիացիները զբաղեցրին խմբի վերջին տեղը եւ զրկվեցին անգամ ՈՒԵՖԱ-ի գավաթին մասնակցելու իրավունքից։
Սակայն թիմի անհաջողությունները սրանով չավարտվեցին։ Կիսապաշտպան Կրիշտանու Ռոնալդուի նկատմամբ ՈՒԵՖԱ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել։ Բանն այն է, որ ազգությամբ պորտուգալացի 20-ամյա ֆուտբոլիստին պորտուգալացի ֆուտբոլասերները շատ վատ են ընդունել եւ ամեն անգամ, երբ գնդակը հայտնվել է Ռոնալդուի մոտ, նա արժանացել է սուլոցների։ Ի վերջո, նրա նյարդերը տեղի են տվել եւ նա անպարկեշտ ժեստով է պատասխանել՝ միջնամատը ցույց տալով մարզադաշտում հավաքված հազարավոր երկրպագուներին։
«Մենք բոլորս դա տեսել ենք եւ միջադեպի հետ կապված համապատասխան քայլեր կձեռնարկենք» – ասել է ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչներից մեկը։