«Ընդհանրապես, եթե մեկը մի բան է պարտավորվում, բայց հետո չի կատարում, մեր ժողովուրդն ինչպե՞ս է որակում նման մարդկանց… ժողովրդական լավ բառ կա, սակայն չեմ ուզում այն կիրառել….»,- ԵՊՀ ուսանողության հետ հանդիպման ժամանակ ընդդիմության որոշ ներկայացուցիչների մասին այսպես արտահայտվեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Երեկ լրացավ 1988-ի աղետալի երկրաշարժի 17-րդ տարելիցը: Ռոբերտ Քոչարյանը խոստացավ սկզբում` մինչեւ 2001, հետո` 2002, հետո էլ՝ 2003 թվականը վերականգնել աղետի գոտին, բայց մինչեւ հիմա իր խոստումը չի կատարում ու Գյումրիում դեռ հազարավոր անօթեւան ընտանիքներ կան:
Իսկ մինչ այդ, երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 1988թ. աղետալի երկրաշարժի 17-րդ տարելիցի կապակցությամբ Գյումրի էր այցելել, ուր ծաղկեպսակներ դրեց երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին: Ընդհանրապես, աղետի գոտու հիմնահարցն այս տարիներին բավական շատ շահարկվեց երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Երկրաշարժի հետեւանքով անօթեւան դարձած ընտանիքների մասին առանձնահատուկ ջերմեռանդությամբ հիշեցին մանավանդ 1998թ., նաեւ 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ, երբ աղետի գոտու վերականգնման հիմնախնդիրը դարձավ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական խոստման ամենահիմնական կետերից մեկը:
1998թ. նախագահական ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանն իր նախընտրական ծրագրում խոստացել էր Աղետի գոտին վերականգնել դեռ 1998-2001թթ. ընթացքում: Այդ նպատակով կազմվեց «1998-2001թթ. Աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագիրը», որը, սակայն, մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով շուտով ձախողվեց: Ռ. Քոչարյանի կողմից վերջին անգամ աղետի գոտու վերականգնման վերջնաժամկետ հայտարարվեց 2003 թվականը: ԱԺ-ի կողմից էլ օրենքի ուժ ստացավ «2001-2003թթ. Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը»: Ծրագրի ավարտից անցել է երկու տարի: Բայց հիմնախնդիրները դեռ մնում են:
Իսկ ի՞նչ արվեց այս 17 տարիներին` աղետի գոտու եւ մասնավորապես հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիի վերականգնման ուղղությամբ:
1988-ի աղետալի երկրաշարժի հետեւանքով Շիրակի մարզում ամբողջովին կամ մասամբ ավերվեց 3677 հազար քառակուսի մետր բնակմակերեսով 30 հազար 298 բնակարան: Նախկին իշխանությունները, չնայած այդ տարիներին առկա սոցիալ-տնտեսական ծանր պայմաններին ու Ղարաբաղյան պատերազմին, իրենց առաջ խնդիր դրեցին վերականգնել կորցրած բնակֆոնդը նախկին ծավալներով, այսինքն` այնքան, որքան վնասվել էր երկրաշարժի ժամանակ: Բայց արդյունքում Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին միայն Շիրակի մարզում հասցրեցին վերականգնել 1525,6 հազար քառակուսի մետր մակերեսով 9410 բնակարան, որը կազմում էր երկրաշարժի ժամանակ կորցրած բնակարանների թվի 31, իսկ բնակմակերեսի առումով` շուրջ 41 տոկոսը:
1998-ի իշխանափոխությունից հետո, սակայն, որոշակի փոփոխություններ մտցվեցին աշխատանքների ծավալների մեջ: Այս տարիների ընթացքում արհեստականորեն շուրջ երկու անգամ կրճատվեցին բնակարանաշինության ծավալները, եւ մոտավորապես 10 հազարով էլ պակասեցվեց անօթեւանների թիվը՝ իհարկե, բոլորին անհայտ պատճառներով: Այնուհետեւ 1999թ. եղավ ՀՀ նախկին (ընդ որում, ծնունդով գյումրեցի) վարչապետ Արմեն Դարբինյանի կառավարության հունիսի 10-ի N 432 որոշումը: Վերջինիս համաձայն՝ աղետի հետեւանքով անօթեւան ընտանիքները պիտի այսուհետ բնակարան ստանային ոչ թե անձերի փաստացի թվին համապատասխան, այլ այնքան, որքան կորցրել էին 1988թ. երկրաշարժի ժամանակ: Եվ աղետի գոտու «վերականգնումը» շարունակվեց հենց այդ տրամաբանությամբ:
1998-2000 թվականներն աղետի գոտու շինարարության առումով անհաջող տարիներ էին: Մի շարք պատճառներով անընդհատ ձախողվում էին պլանավորած շինաշխատանքները. շինարարները չէին կարողանում տեղավորվել ժամկետների մեջ, ու անավարտ շենքերը հաջորդ տարվա համար դառնում էին փոխանցիկ օբյեկտներ: 1998-2001թթ. ծրագրված էր Շիրակի մարզում վերականգնել 16 հազար 40 բնակարան: Սակայն այդ ընթացքում վերականգնվեց սպասվածից անհամեմատ քիչ՝ ընդամենը 1292 բնակարան: Եվ արդյունքում շուրջ 14 հազար 750 ընտանիք կրկին մնաց անօթեւանի կարգավիճակում:
Աղետի գոտու վերականգնման աշխատանքներում աշխուժություն մտավ միայն 2001 թվականից, երբ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանը «Լինսի» հիմնադրամով 155 մլն դոլար դրամաշնորհ տրամադրեց Հայաստանին, որից շուրջ 45 մլն-ը` Աղետի գոտու բնակարանաշինության համար: Բացի այդ, ԱԺ-ի կողմից օրենքի ուժ ստացած «2001-2003թթ. Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրում» մի նորամուծություն եղավ. անօթեւանների բնակարանային խնդիրը փորձեցին մեղմել նաեւ Ամերիկյան Ուրբան ինստիտուտի «Բնակարանների գնման վկայագրերի» ծրագրի օգնությամբ: Սակայն դարձյալ պիտի փաստենք, որ այս անգամ եւս կրճատվեց անօթեւան ընտանիքների թիվը: Չնայած դեռ 14 հազ. 750 ընտանիք անօթեւանի կարգավիճակում էին, ծրագրվեց բնակարանով ապահովել 10 հազ. 359 ընտանիքների: Բայց այսքանից հետո անգամ, ծրագիրը չկատարվեց նախատեսված չափերով: Նախ՝ Գյումրիում նախատեսվածից շուրջ 120 բնակարան պակաս կառուցվեց. մի քանի շենքերի վերջին հարկերը չկառուցվեցին: Եվ 2001-2003 թթ. ընթացքում Շիրակի մարզում վերականգնվեց 3 հազար 595 բնակարան: Թե որքան բնակմակերես վերականգնվեց այս ընթացքում, մեզ ոչ մեկից պարզել չհաջողվեց: Այս խնդրին առնչվող բոլոր գերատեսչություններից մեզ հավաստիացնում էին, որ իրենց մոտ նման թվեր չկան: Ուղղակի կարող են ասել, որ կառուցվել է 3 հազար 595 բնակարան ու վերջ: Իսկ իրականում այդպիսի թվերի մեր պաշտոնյաները «չեն ուզում» տիրապետել, քանի որ Գյումրիում կառուցված բնակարանները բավական փոքր բնակմակերեսներ ունեն: Եվ եթե կատարված աշխատանքները հաշվենք բնակմակերեսով, ապա վերականգնված ծավալները խայտառակ թիվ կկազմեն: Ինչեւիցե, այս ամենից զատ, մոտ 6 հազար 100 ընտանիքի այս ընթացքում բաժանվեց «Բնակարանների գնման վկայագիր» (ԲԳՎ): Բայց այս ընթացքում ԲԳՎ-ով բնակարան է հասցրել գնել հազիվ 4,5 հազար: Այսինքն` նախատեսված 10 հազար 359 ընտանիքի փոխարեն` Շիրակի մարզում բնակարանով ապահովվեցին 8 հազար 95-ին:
Դրանից հետո արդեն 2004 եւ 2005թթ. Գյումրիում այլեւս բնակարանաշինություն չիրականացվեց: Ոչ պետբյուջեից, եւ ոչ էլ ֆինանսական այլ աղբյուրներով ոչ մի բնակարան չկառուցվեց: Անօթեւանների խնդիրները լուծելու փորձեր այժմ կատարվում են միայն պետբյուջեից տրամադրվող գումարներով ԲԳՎ ձեռք բերելու միջոցով: Սակայն այս մեթոդն իրեն ընդհանրապես չի արդարացնում: Ըստ Քաղաքաշինության նախարարությունից ստացված տվյալների` 2005թ. Գյումրիում բաժանվել է 356 ԲԳՎ: Սակայն այդ ծրագրով բնակարան գնել հաջողվել է միայն 23 ընտանիքի: 2006թ. համար էլ պետբյուջեից նախատեսված է 875 մլն դրամ հատկացնել այդ նպատակով: Սակայն խոստովանենք, որ սա էլ ապարդյուն կանցնի:
Եվ այսքանից հետո ուղղակի ցավալի է, որ բազմաթիվ գյումրեցի ընտանիքներ հերթական անգամ հայտնվեցին խաբված վիճակում: Ու, ամենայն հավանականությամբ, պիտի սպասեն, որ Քըրք Քըրքորյանը կամ էլ նրա նման մեկ ուրիշը որոշի նոր գումարներ հատկացնել` խնդրի վերջնական լուծման համար: Քանի որ Պաշտոնական տեղեկատվության համաձայն` միայն Գյումրիում անօթեւանի կարգավիճակ ունի 4 հազար 300 ընտանիք: