Թող չորս գնդապետ տանեն Համլետին,
որպես զինվորի,
եւ ցույցի դնեն մի բեմի վրա.
Եթե նա ապրեր, եւ փորձի դրվեր,
Հավանական է, որ մեծ թագավոր կհանդիսանար։
Շեքսպիր, «Համլետ»
«Մեր աշխարհում այդժամ բազում արտասովոր բաներ եղան, բայց քչերն էին դառնում Աստծուն ու ապաշխարում»։ Միջնադարի մեր պատմիչներից որեւէ մեկի մոտ նման տողեր կարդալիս դժվար թե պատկերացնենք, թե արտասովոր ի՞նչ բաներ էին կատարվում եւ, թե ի՞նչ մարդիկ էին, որ չէին դառնում Աստծուն ու չէին ապաշխարում։
Մեր օրերն ու ժամերն էլ լի են բազում արտասովոր բաներով, եւ այսօր էլ, կարծես, ոչ ոք չի ցանկանում դառնալ Աստծուն ու ապաշխարել։ Ոչ այն պատճառով, որ բաների արտասովորությունը չեն տեսնում, այլ որովհետեւ չեն տեսնում Աստծուն։ Իսկ Աստծուն չեն տեսնում, որովհետեւ չեն տեսնում իրենք իրենց։ Իսկ իրենք իրենց չեն տեսնում, որովհետեւ իրենք չկան, որովհետեւ ասված է, որ խոսքն առանց գործի մեռած է։
Պատկերացնո՞ւմ եք, օրինակ, Շեքսպիրի Համլետը՝ նույն բովանդակությամբ, նույն սյուժեով, բայց առանց զոհերի։ Եթե չեմ սխալվում` Ռեյգանի նախագահության շրջանում Շեքսպիրի այս գործը հանվել էր ԱՄՆ-ի դպրոցական գրադարաններից՝ արյունալի հեղափոխության գաղափարներ պարունակելու կասկածանքով։ Դե, ամերիկացիները հեղափոխությունից չէր, որ վախենում էին, այլ հավանաբար կայուն զարգացում ունեցող իրենց երկրի աշակերտության համար հակաէսթետիկ էին համարում այն, ինչը կատարվում էր այդ գործում։ Իսկ ի՞նչ էր կատարվում։
Համլետը եկավ ու տեսավ, որ հորեղբայրը՝ սպանելով եղբորն, ամուսնացել է իր մոր հետ։ Սա մի դեպք է, որը, համաձայն միջնադարյան եվրոպական ողբերգությունների կանոնների, անպայման պետք է ավարտվի արյունալի տեսարաններով։ Որովհետեւ համաձայն այդ կանոնների, Համլետը չէր կարող գալ-տեսնել կատարվածն ու, ձեռքը թափ տալով` «մարդ չեք» կամ «մամ, քեզանից չէի սպասում» ասելով հեռանալ։ Մի բան, որը անում են մեր քաղաքական դաշտի բոլոր հատվածներից հավասարապես զզված մարդիկ։
Նույնպես Համլետը չէր կարող մենախոսելով հանգել ոչ թե մահվան, այլ ասել, թե Գերտրուդի եւ Կլավդիոսի ամուսնությունը ճանաչում է անօրինական եւ պատրաստվում է դիմել Եվրոպական դատարան։ Համաձայնեք, որ այս դեպքում, ինչպես եւ նախորդում, ներկայացումը չէր ստացվի։ Համաձայնեք նաեւ, որ խնդիրը լավ ներկայացումը չէ։ Համլետը միամիտ տղա չէր ու գիտեր, որ իր հոր թագավորության բարոյական անկումը սարսափելի է, եւ դրա համար էլ մենախոսելիս ինքն իրեն մտմտում էր. «Տանել գոռ բախտի պարսաքարերը եւ սլաքնե՞րը, թե՞ զենք վերցնել մահ ու վշտերի մի ծովի ընդդեմ»։
Նույնպես Համլետը չէր կարող իր հորեղբորն ու մորը յոթանասուներկու ժամ ժամանակ տալ, որ նրանք անվավեր ճանաչեն իրենց ամուսնությունն ու բնականաբար հեռանան։ Այս դեպքում ներկայացումը ոչ թե յոթանասուներկու ժամ կձգվեր (չնայած Շեքսպիրի ժամանակներում ներկայացումները բավական երկար էին), այլ չէր վերջանա ընդհանրապես։ Պատկերացրեք մի պահ, որ յոթանասունմեկն անց քառասունհինգ բեմ է բարձրանում Կլավդիոսն ու ասում՝ հա։ Չեք պատկերացնում, չէ՞։ Իսկ ես պատկերացնում եմ բոլորովին այլ բան։ Այն ժամանակ, երբ Համլետն իր հորեղբորն ու մորը յոթանասուներկու ժամ ժամանակ է տված լինում, «Դանլուր» լրատվական ծրագիրը ռեպորտաժ է տալիս Էլսինորի Ազատության հրապարակի թարս կողմից ու հեգնանքով ասում, թե «ընդդիմության առաջնորդը հայտարարեց, որ ժամանակը դուրս է եկել իր շավղից, եւ ասաց, որ դժխեմ բախտն իրեն է վերապահել ժամանակն իր տեղը դնելու պատասխանատու գործը»։ Ինչից հետո «Դանլուրը» ցուցադրում է մի փոքրիկ մուլտիկ՝ Համլետի եւ ուրվական հոր հանդիպման զավեշտալի մանրամասներով։ Մուլտիկի վերջում հոր ուրվականն ասում է. «Համլեեե՜տ, յոթանասուներկու ժամը քիչ է»։
Համլետը չէր կարող նաեւ ակնարկել Կլավդիոսին, թե` գալու եմ չորս շարասյունով, իսկ հինգերորդը քո պալատում է։ Չէր կարող, որովհետեւ առանց ակնարկի էլ կլավդիոսներն անգիր իմանում են, որ իրենց շրջապատում վխտում են ամեն տեսակի ծառայություններ մատուցելու պատրաստ արջեր, որոնց մորթին փոխվում է օձի կաշվի հաճախականությամբ։ Կլավդիոսներն այդ արջերին բուծում ու փայփայում են հանկարծահաս փոփոխությունները (նաեւ` սահմանադրական) կարճ ժամանակում վարկաբեկելու համար։ Համլետն այս բանը չէր կարող ակնարկել, որովհետեւ բավականաչափ խելք ուներ։ Նա հասկանում էր, որ «լինել-չլինելը, մեռնել-քնանալը» նրա համար չի, որ տարատեսակ սինլքորներ գան ու միանան իր շարասյուներին ու միանալով էլ ապականեն այն, ինչը կոչվում է հեղափոխություն։
Չէ, Համլետը միամիտ չէր, բայց բարոյական մեր չափանիշներով` հարիֆ էր։ Ախպեր ջան, ի՞նչ ա պետք, որ թուրն առել-ընկել ես մեյդան։ Քեզ համար հանգիստ ապրիր։ Շաբաթը մեկ ասուլիսներ կանես, կհյուրընկալվես «Ազդակ» ակումբում, «Հայելի» ակումբում կմենամարտես Լաերտի հետ, Օֆելիային կուսանոց ուղարկելու փոխարեն` մեկ-մեկ կտանես սաունա, ու սենց մանրից էլ կյանքը կանցնի-կգնա։ Մարդիկ էլ քեզ ամեն անգամ տեսնելիս ու քո անմահ խոսքը լսելիս, կիմանան, որ մի հատ ուրվական կա, եւ կենթադրեն, որ դա հեղափոխության ուրվականն է։