Երբ հիշում եմ, թե ինչպիսին էին հայերը մի քսան տարի առաջ եւ ինչպիսին են այսօր, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այն ժամանակ ինչ-որ մեկը հայերին «զակատ» է արել, որից հետո մենք ազգովի «թթվել» ենք: Ես ամենեւին էլ սնահավատ չեմ: Սակայն տեսնելով վերջին օրերի մառախուղը` հասկանում եմ, որ Հայաստանում անգամ բնությունն է «թթվել»: Իսկ ամենավատն այն է, որ «թթվածությունն» ամենաշատը նկատվում է մարդկային հարաբերությունների մեջ:
Եթե առաջ հիվանդը բուժվելուց հետո ինքն էր բժշկին «լավություն» անում, ապա այսօր բժիշկն այնքան է «թթվում» հիվանդի կամ հիվանդատիրոջ ականջին, մինչեւ վերջիններս փող տան նրան: Եթե առաջ ծնողը երեխային իր հոժար կամքով տալիս էր պարապելու դասախոսի կամ ուսուցչի մոտ, որ երեխան իր գիտելիքները խորացնի եւ ամրապնդի (այն ժամանակ «ռեպետիտորի» մոտ ոչ թե գիտելիք էին ձեռք բերում, այլ այդ գիտելիքները խորացնում էին, քանի որ հիմնական գիտելիքները երեխան ստանում էր դպրոցում), ապա այսօր չօպտիմալացված ուսուցիչներն այնքան են «ծնողներին յազվություն անում», մինչեւ ծնողը երեխային տալիս է պարապելու: Եթե առաջ պետական չինովնիկը կաշառքը վախենալով էր վերցնում, ապա այսօր վերցնում է «թթված» դեմքով, որովհետեւ այդ կաշառքի չափը նրան միշտ չի բավականացնում: Եթե առաջ հեռուստատեսության հաղորդավարը ամեն ինչի մասին խոսում էր ժպիտով, ապա այսօր իշխանությունների մասին խոսում են սիրահարված հայացքով (անկախ հաղորդավարի սեռից), ընդդիմության մասին` «զզվանքով», մնացած ամեն ինչի մասին` դեմքի «թթված» արտահայտությամբ: Եթե առաջ սիրահարված զույգերը քաղաքում քայլում էին այնպես, որ տեսնողը հասկանում էր, թե ինչ է իսկական սերը, ապա այսօր «սիրահարված» հայ երիտասարդներին չես կարող տարբերել Հոլիվուդի սարսափ-ֆիլմերի մոլագարներից: Եթե առաջ ոստիկանը «թթվում» էր հանցագործին չբռնելու փաստից, ապա այսօր` ժողովրդին չբռնելու փաստից: Անգամ հումորն է դառել «թթված»: Զարմանալ կարելի է, թե ինչպես մի ազգ, որ ծիծաղում եւ հաճույք էր ստանում «Մենք ենք, մեր սարերը», «Հարսնացու հյուսիսից» եւ «Միմինո» ֆիլմերից, այսօր հերիք չէ «վերվարածներ», «պահմտոցիներ» եւ նմանատիպ այլ հիմարություններ է դիտում, ավելին` հաճույքով է դիտում: Իհարկե, այս շարքը կարելի է անվերջ շարունակել, սակայն կարեւորը ոչ թե շարքի երկարությունն է, այլ պատճառը: Ի՞նչը ստիպեց մեր ազգին, որը համարվում էր Խորհրդային Միության ամենակենսախինդ ազգերից մեկը, դառնալ այսպիսին: Չէ՞ որ շատ ժամանակ չի անցել, եւ այսօրվա «թթվածներից» շատ-շատերը նախկինում ուրախ, հումորով եւ լավատես մարդիկ էին: Միգուցե պատճառը 15 տարվա շարունակական հիասթափությո՞ւնն է ազգիս նոր «հերոսներից», որոնք անվերջ «թիթիզ» բաներ էին խոստանում (այսօր էլ են խոստանում, եւ դեռ շատ կխոստանան), սակայն իրականում ժողովրդին ավելի շուտ դեպի մութ անցյալ են տանում, քան լուսավոր ապագա: Կամ, ասենք, նախարար դառած կիսագրագետ լրագրողներն ու «բիզնեսմեն» դառած անգրագետ պահեստապետերը: Բայց չէ՞ որ այդ ամենը կատարվեց նաեւ մյուս այն հանրապետություններում եւ երկրներում, որոնք մեզ նման փորձեցին «սոցիալիզմից» անցնել նորմալ կյանքի: Սակայն, չգիտես ինչու, նրանցից շատերի մոտ դա ստացվեց, իսկ մեզ մոտ փորձը սպառնում է փորձանք դառնալ: Փաստորեն Հայաստանում ստեղծվել է թթվային միջավայր, որից ողջ ազգը «ժոգա» է ստացել: Իսկ ինչպես գիտեք` թթուն քիմիական միացություն է, որը չեզոքացվում է միայն մեկ այլ քիմիական միացությամբ` հիմքով: Այս երկու քիմիական միացությունների ռեակցիայի հետեւանքով առաջանում են աղ եւ ջուր: Այսինքն, եթե մենք բոլորս միասին փորձենք այս «թթված» միջավայրը «հիմնովին» փոխել, ապա կստացվի այն նույն «աղ ու հացով» եւ «Ապարանի» ջրով Հայաստանը (խոսքս «Նիգ-Ապարանի» մասին չէ), որին մենք սովոր էինք (թող տարատեսակ կոմունիստները «չղզղնեն», դա իրենց հետ կապ չունի): Իսկ որ այդ ռեակցիան տեղի կունենա` ես չեմ կասկածում: Չէ՞ որ Հայաստանում քիմիական արդյունաբերությունը միշտ էլ զարգացած է եղել: