«Հանրապետությունից» անջատվեց մի «ԺՈՒԿ»

10/12/2005 Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ

«Ժողովրդավարական ուժեր» կուսակցության (ԺՈՒԿ) Վանաձորի մասնաճյուղի ղեկավար է նշանակվել «Հանրապետություն» կուսակցության Վանաձորի գրասենյակի նախկին ղեկավարը, որ նախկինում էլ այլ կուսակցությունների (այդ թվում՝ ԱԺՄ) «բովով» է անցել: Մասնաճյուղի հիմնադիր ժողովը կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ նոյեմբերի 29-ին, Լոռու մարզային գրադարանի դահլիճում: Փաստորեն, «Հանրապետությունից» այս անգամ ոչ թե «Ազգային վերածնունդ» գնացին (այսինքն` Ալբերտ Բազեյանի կուսակցություն), այլ՝ բոլորովին ուրիշ կուսակցություն: Թե այսուհետ ո՞վ է լինելու «Հանրապետություն» կուսակցության Վանաձորի գրասենյակի ղեկավարը (եթե, իհարկե որեւէ մեկը չի վախենա հանրապետության թիվ 1 ընդդիմադիրի ներկայացուցիչը դառնալ), առայժմ պարզ չէ: Թերեւս, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը կիմանա: Հատկանշական է, որ ընդդիմադիր դաշինքից մարզային մի բլոկ անջատվում է ներքաղաքական ամենալարված պահին, երբ ընդդիմության գլխավորությամբ ստորագրություններ են հավաքում՝ հանրաքվեին չմասնակցածների կողմից հանրաքվեի արդյունքները չեղյալ համարելու նպատակով: Սա նշանակում է, որ այդ աշխատանքը մարզերում հազիվ թե հաջողություն ունենա (մանավանդ, որ մարզային ընդդիմադիր գրասենյակների ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ տեղական իշխանությունների կողմից «պրոֆիլակտիկ» ճնշումների են ենթարկվում, որի պայմաններում հարկադրված են պարզապես կուսակցական պահակների դեր կատարել՝ ձեւական ներկայություն եւ անդամների որոշակի քանակ ապահովելով եւ ժողովրդավարության պատրանք ստեղծելով, ինչն անհրաժեշտ է իշխանություններին՝ «ժողովրդավարական» պետության իմիջը պահպանել փորձելու նպատակով: