Մայրաքաղաքում քաղաքացիներն ավտոտնակներ կառուցում են ուր ասես, անգամ բակային այնպիսի անհարմար տարածքներում, որտեղ ավտոտնակի պատճառով խափանվում է երթեւեկությունն ու երեխաների ազատ տեղաշարժվելու իրավունքը: Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Գրիգոր Մելքումյանին խնդրեցինք որոշ տեղեկություններ տրամադրել, թե մասնավորապես քաղաքացուն ավտոտնակ կառուցելու համար ո՞ր դեպքերում է թույլտվություն տրվում կամ ո՞ր դեպքերում՝ մերժվում, թվով քանի՞ ինքնակամ կառուցվող ավտոտնակ է օրինականացվել:
Ազգային ժողովի կողմից 2002թ. դեկտեմբերի 26-ին ընդունված «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից Երեւանի քաղաքապետարան ներկայացված հայտերի հիման վրա 2003-2005թթ. ընթացքում կայացվել են 43.560 որոշումներ: Նշված որոշումների արդյունքներով 33.028 ինքնակամ շինությունների նկատմամբ ճանաչվել է քաղաքացիների իրավունքը (75,8%), իսկ 10.532 հայտերով իրավունքը չի ճանաչվել (24,2%): Քննարկված հայտերից շուրջ 57%-ը կազմել են ավտոտնակները՝ 24.704-ը, որոնցից օրինականացվել են 18.731-ը, մերժվել են 5. 973-ը:
Ավտոտնակ՝ 1-2 ավտոմեքենայի համար
Եթե քաղաքացին տարիներ առաջ ավտոտնակի համար ինքնակամ տարածք է զբաղեցրել, եւ մեկ այլ քաղաքացի դիմում է նույն այդ տարածքը սեփականաշնորհելու համար, ապա ըստ պրն Մելքումյանի, հարցը քննվում է սահմանված կարգով, հաշվի առնելով, որ տարածքը համարվում է պետական սեփականություն: «Որեւէ մեկի կողմից տարիներ շարունակ հողամասն ինքնակամ զբաղեցնելը եւ օգտագործելը դեռեւս չի նշանակում այդ անձի իրավունքը պետական սեփականություն հանդիսացող հողամասի հանդեպ: ՀՀ օրենսդրության համաձայն՝ այդ կարգի հողամասերը Երեւան քաղաքում տնօրինում է քաղաքապետարանը»,- նշում է Գ. Մելքումյանը: Ըստ այդմ՝ Անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումների կողմից ներկայացված հայտերը քննարկելուց առաջ, քաղաքաշինական նորմերի համապատասխանության, ինչպես նաեւ` կառուցապատման տարեթվի մասին անհրաժեշտ ճշտումներ կատարելու համար համապատասխան հարցումներ են արվում քաղաքապետարանի շահագրգիռ ծառայություններին եւ թաղային համայնքներին: Պատշաճ եզրակացությունների հիման վրա էլ պետք է կայացվի ինքնակամ շինության նկատմամբ քաղաքացու իրավունքը: «Ինչպես հայտնի է, «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետն ավարտվել է 2005թ. ապրիլի 22-ին: Մինչ այդ, այսինքն` օրենքի գործողության ընթացքում, օրինականացվել են միայն այն ինքնակամ շինությունները, որոնք կառուցվել են մինչեւ 2003թ. փետրվարի 22-ը եւ համապատասխանում են իրավական ակտերով քաղաքաշինական նորմերին: Մնացած դեպքերում ինքնակամ շինությունների օրինականացման հայտերը մերժվել են»,- պատասխանում է պրն Մելքումյանը: Ի դեպ, ըստ պրն Մելքումյանի, ավտոտնակի համար նախատեսված տարածքի առավելագույն չափն այն տարածքն է, որտեղ կարող են հանգրվանել 1-2 ավտոմեքենայից ոչ ավելի: