Համայն հայության ամառանոցը

10/12/2005 Արա ԳԱԼՈՅԱՆ

Երեւանի անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող գործընթացները փոխում են մայրաքաղաքի ու շրջակա տարածքների պատկերը։ Հինգ-վեց տարի առաջ Քաղաքաշինության նախարարությունը եւ քաղաքի գլխավոր ճարտարապետը հայտարարեցին, որ մշակվել է Երեւանի կառուցապատման նոր հայեցակարգ։ Հարակից տարածքներն անխնա կլանելու փոխարեն, հայտարարվեց, որ Երեւանն այլեւս չի ընդլայնվելու։ Այդ պահին դժվար էր պատկերացնել, որ մայրաքաղաքում շինարարական բում կսկսվի, եւ քաղաքն այսքան անճանաչելի կդառնա անճաշակ, խիտ-խիտ կառուցվող բարձրահարկերի պատճառով։ Այսօր անգամ առանձնատների ավանդական թաղամաս Նորք-Մարաշում են փոքր (4-8 բնակարանանոց) բազմահարկեր կառուցվում։ Երեւանում այսօր մեծ է բնակարանների պահանջարկը։ Անշարժ գույքի շուկան վերլուծող մասնագետները մի քանի հիմնական պատճառ են նշում։ Նախ` 10 տարուց ավելի` 1998-ի երկրաշարժից հետո բնակարանաշինությունն ընդհատվել էր։ Երկրորդ` անկախությունից հետո սփյուռքահայության մի մասը ցանկություն ունի սեփական բնակարան ունենալ պատմական Հայրենիքի մայրաքաղաքում։ Անշարժ գույքի շուկայում այսօր ամենանկատելի խմբերից են պարսկահայերը։ Պահանջարկը չի մեղմվել անգամ արտագաղթի հաշվին։ Հայաստանից եւ հատկապես Երեւանից արտագաղթածները վերջին տարիներին փորձում են բնակարաններ գնել հենց մայրաքաղաքում։ Դարասկիզբը մշակութային հոբելյանների ժամանակաշրջան էր` Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակ, Գրերի գյուտի 1600-ամյակ, Նարեկացու «Մատյանի» հազարամյակ եւ այլն… Այս եւ այլ պատմական տարեդարձների ու տարելիցների արդյունքում Հայաստանը հայտնվեց հայ ու օտար զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում։ Երկրի հյուրանոցային տնտեսությունը պատրաստ չէր նրանց սպասարկելու։ Հին` խորհրդային հյուրանոցները բարեկարգ չեն, իսկ նորակառույցները թանկ են զբոսաշրջիկի համար։ Մայրաքաղաքի անշարժ գույքի շուկայում գործարարության նոր ոլորտը բացվեց։ Շատերը քաղաքի կենտրոնում բնակարաններ են գնում, նորոգում եւ վարձով տալիս զբոսաշրջիկներին։ Անշարժ գույքի գրասենյակների տվյալներով` հենց նրանք են Կենտրոնի նորակառույցների գնորդները։ Բիզնեսի այս տեսակն է, որ բարձր է պահում Կենտրոնի հին շենքերի բնակմակերեսի գինը։ Նորակառույցներում 1 քմ-ն վաճառվում է 1000-1200 դոլարով (ամենաբարձր գինը 1500 է)։ Մոտավորապես նույն գինն ունեն նաեւ հին շենքերը։ Գինը բարձր է անգամ փայտե հարկաբաժին (բաղդադ) ունեցող շենքերում։ Մասնագետները սա բացատրում են նրանով, որ այս բնակարաններն ապրելու համար չեն։ Դրանց էլ է սպասվում նորոգվելու եւ վարձով տրվելու հեռանկարը։ Այս բիզնեսում բավական ինքնատիպ ներգրավված են նաեւ արտագաղթածները։ Հայրենիքում մնացած հարազատներին ամենամսյա օգնություն ուղարկելու փոխարեն` նրանք ուրիշ հնարք են գտել։ Արտագաղթածները Երեւանի կենտրոնում բնակարան են գնում եւ հանձնում հարազատներին վարձով տալու եւ այդ գումարը տնօրինելու նպատակով։ Փաստորեն Երեւանյան անշարժ գույքի շուկայում պտտվող գումարը դրսից է։ Անգամ Աղետի գոտու բնակչությունը կտրոններով տրված գումարի 60-70 տոկոսն, ըստ փորձագետների, ծախսվեց հենց Երեւանյան շուկայում։

Հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ անշարժ գույքի շուկայում մեծ չէ բանկային համակարգի դերը։

Հիպոթեքային վարկերը տարածում չգտան։ Պատճառը ոչ միայն բարձր տոկոսադրույքն ու կարճ ժամկետն է։ Հատկապես նորակառույց շենքերում գրավադրմամբ բնակարաններ չեն վաճառվում։ Պատճառն այն է, որ այդ գործարքների մեծ մասը ստվերային է։ Այսինքն, հարկերից խուսափելու պատճառով` նորակառույց բնակարան վաճառողներն առքուվաճառքի պայմանագրում 4-5 անգամ էժան գին են արձանագրում։ Անշարժ գույքի շուկայում աշխատող գործակալների տվյալներով` միայն 2 կազմակերպություն է հիպոթեքային վարկերով բնակարան վաճառում։

Հաջորդ նկատելի տենդենցը, որ կա այս շուկայում, «գետտոյացումն» է։ Եթե կարելի է այդքան անկեղծ արտահայտվել։ Եթե չի կարելի` կասեմ` «հայրենակցականացումն» է։ Մայրաքաղաքում հայտնվում են շենքեր, որոնց բնակիչներն, ասենք, պարսկահայեր են։ Ազգիս տարբեր հատվածների մեջ սեպ խրելու մեջ չմեղադրվելու համար մյուս հատվածների օրինակները չեմ բերի։ Մինչդեռ ուրիշ հատվածի հետ էլ հենց կապվում է մերձերեւանյան տարածքների շինարարությունը։ Չնայած պաշտոնական որոշմամբ` մայրաքաղաքը շարունակում է ընդլայնվել` համարյա բոլոր ուղղություններով։ քաղաքին հարող բոլոր գյուղերը` Փարաքար, Ջրվեժ, Ձորաղբյուր, Եղվարդ եւ այլն, դառնում են շքեղ առանձնատների թաղեր։ Մինչեւ վերջերս դրանք կառուցում էր հայրենի չինովնիկների դասը։ Հիմա արդեն սփյուռքահայերն են գյուղերում հող գնում եւ առանձնատուն կառուցում։ Ի՞նչ կա որ. կասեք, չէ՞ որ երկքաղաքացիության մասին օրենքի ընդունումը ժամանակի հարց է։ Բայց խնդիրն այն է, որ այս տարածքներում առանձնատների (ավելի ճիշտ` ապարանքների) կառուցման համար տրամադրվում են գյուղատնտեսական նշանակության հողեր։ Գյուղացին այսօր առաջարկված գումարի դիմաց զիջում է իր ապրուստի աղբյուր հողը` հույս ունենալով, որ երեխաները որեւէ մասնագիտություն ձեռք կբերեն ու կապրեն որպես քաղաքացի։ Գյուղատնտեսական հողերի պաշտպանությունն, ի վերջո, նրա գործը չէ, այլ` պետության։

Երեւանյան անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող գործընթացներն անճանաչելիության աստիճանի փոխում են մայրաքաղաքի պատկերն ու դերը։ Պետության մայրաքաղաքից այն վերածվում է համայն հայության ամառանոցի, ուր ամառային հանգիստն անցկացնելու համար հին ու նոր արտագաղթողները հանգստավայր-կացարաններն են կառուցում։ Իրենց պատկերով ու նմանությամբ։