Երեկ Երեւանի պետական համալսարանում (ԵՊՀ) համագործակցության պայմանագիր ստորագրվեց կիսահաղորդչային նախագծման ծրագրային ապահովման համաշխարհային առաջատար «Սինոպսիս» ընկերության՝ ի դեմս «Սինոպսիս Արմենիա» ՓԲԸ-ի եւ «Սինոպսիսը Հայաստանին» բարեգործական հիմնադրամի եւ ԵՊՀ-ի միջեւ:
Համալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանն իրադարձությունը համարեց պատմական, քանի որ սրանով «ստեղծվում է համալսարանական կրթության նոր ձեւ»: «Տեղեկատվական համակարգում մենք որակյալ մասնագետների կարիք ունենք, որոնց պետք է պատրաստենք գործատուի հետ միասին: Այսօր որպես այդպիսի գործատու հանդես է գալիս «Սինոպսիս» ընկերությունը»,- նշեց ռեկտորը: Նրա խոսքերով, ընկերության ներդրումը հիմնված է Հայաստանի որակյալ մարդկային ռեսուրսների վրա:
«Սինոպսիսի» ստրատեգիական շուկաներում զարգացման գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանը, որն, ի դեպ, պարգեւատրվեց Մայր բուհի ոսկե մեդալով, ասաց, որ երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար անհրաժեշտ են կառավարության աջակցությունը, ոլորտի հզոր միջազգային կազմակերպությունների գործունեությունը երկրում եւ համալսարանների հետ համագործակցությունը:
Այս ծրագրի նպատակը ԵՊՀ-ին օժանդակություն եւ ռեսուրսներ տրամադրելն է, որն էլ կնպաստի Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի, Ռադիոֆիզիկայի եւ Ֆիզիկայի ֆակուլտետների հետ համագործակցության միջոցով կիսահաղորդիչների նախագծման եւ համակարգչային գիտության ոլորտում կրթության զարգացմանը: Ծրագրով նախատեսվում է ԵՊՀ-ի տեխնիկական ենթակառուցվածքի զարգացում, լսարանների ու լաբորատորիաների նորացում, ինչպես նաեւ` տեխնիկական օժանդակությամբ եւ առարկայական ծրագրերի մշակմամբ ապահովում, ֆինանսական օժանդակություն եւ կրթաթոշակների տրամադրում: Յուրաքանչյուր տարի ակնկալվում է համալսարանի բակալավրական ծրագրի 2-րդ տարին հաջողությամբ ավարտած ուսանողներից Էլեկտրոնային ճարտարագիտության եւ Էլեկտրոնային ավտոմատացված նախագծման ակադեմիական խմբերի ձեւավորումը: Սպասվում է, որ այս խմբերում սովորելուց հետո ուսանողները կունենան «Սինոպսիս Արմենիայում» աշխատանքի անցնելու հնարավորություն: Ի դեպ, այսօր ընկերության շատ աշխատակիցներ ԵՊՀ-ի շրջանավարտներ են: Խմբերի ձեւավորման առնչությամբ Ռ. Մարտիրոսյանը նշեց, որ ուսանողներն ընտրվում են «Սինոպսիսի» մասնագետների եւ համալսարանի դասախոսների կողմից:
Աշխարհի մոտ 400 համալսարանների հետ համագործակցող «Սինոպսիս» ընկերությունը հեռահար նպատակներ ունի Հայաստանի հետ կապված: Այս մասին նշեց «Սինոպսիս Արմենիայի» գործադիր տնօրեն, «Սինոպսիսը Հայաստանին» բարեգործական հիմնադրամի նախագահ Հովիկ Մուսայելյանը: Ի դեպ, հենց այս հիմնադրամի կողմից են ֆինանսավորվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն ուսանողներին ՀՀ նախագահի կողմից տրված մրցանակները: Ռ. Գոլդմանի հավաստմամբ՝ «Սինոպսիսը» նախատեսում է նաեւ մեկ այլ տեխնոլոգիական ընկերության մուտքը Հայաստան: Իսկ թե ի՞նչ ընկերություն նկատի ուներ՝ Գոլդմանը վաղ համարեց նշել: Նա ավելացրեց, որ 2 օր առաջ «Սինոպսիսը» գնել է «HBL» ընկերությունը, որի շնորհիվ կազմակերպությունը «ձեռք կբերի նոր կարողություններ»: Անդրադառնանք ԵՊՀ-ի ռեկտորի հայտարարությանն այն մասին, որ այս համագործակցությունը համալսարանական կրթության նոր ձեւ է, երբ ընկերություններն աշխատում են բուհերի հետ: Թեեւ Ռ. Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ԵՊՀ-ն նմանատիպ առաջարկներ ունի այլ կազմակերպություններից եւս, այնուամենայնիվ, Հայաստանում գործատու-համալսարան հարաբերությունները դեռ զարգացած չեն: Արտասահմանյան խոշոր բուհերում, մասնավորապես` Մոսկվայի պետական համալսարանում, մեխանիզմը հետեւյալն է: Արդեն 2-3-րդ կուրսի ուսանողների համար ընկերությունների ղեկավարները «հերթի են կանգնած»: Պայմանագիր են կնքում ուսանողի հետ, որ ավարտելուց հետո վերջինս պետք է աշխատի իրենց ֆիրմայում: Փոխարենը` վճարում են ուսանողի ուսման վարձը: Այսինքն, արտասահմանյան գործատուները յուօրինակ վստահություն են տածում համալսարանական կրթության նկատմամբ: Իսկ հայաստանյան գործատուն՝ մասնավորապես «Սինոպսիսը», կադրերին ուսուցում է գրեթե «իր թելադրանքով», համալսարանական բազայի վրա:
Ռ. Մարտիրոսյանն ասաց, որ արդեն մեկ տարի է, ինչ շարունակվում է հայկական 3 բուհերի (ԵՊՀ, ՀՊՃՀ եւ Տնտեսագիտության ինստիտուտ) համագործակցությունը Նյու Յորքի համալսարանի հետ՝ «Ինֆորմացիոն համակարգերը տնտեսագիտության ասպարեզում» ծրագիրն իրականացնելու համար: Իսկ Արիզոնայի համալսարանի հետ համատեղ ԵՊՀ-ն պատրաստվում է բացել նոր մասնագիտացում՝ «Հանրային կառավարում»: