Երբ կուզեն, ոնց կուզեն՝ միայն թե վճարեն

10/12/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Օրերս «Հրաչյա Աճառյան» համալսարանի 4-րդ կուրսի մի ուսանողուհի ինքնասպանություն էր գործել՝ իրեն նետելով 7-րդ հարկից: Ուսանողուհին իր այդ արարքը երկտողում պատճառաբանել էր ուսման վարձը մուծել չկարողանալու փաստով: Այս դաժան լուրը մեզ անհանգստացրեց, եւ որոշեցինք հետաքրքրվել բուհերի ուսման վարձերի վճարման կարգով: Այս համալսարանի պրոռեկտոր Արա Խաչատրյանը մեզ հետ զրույցում միայն ասաց, որ ինքնասպան եղած ուսանողուհին ոչ ակադեմիական քննության, ոչ էլ վարձավճարի պարտքեր չուներ: Այնուամենայնիվ, փորձեցինք մի քանի բուհերից ճշտել, թե վարձավճարների պարտքերը որքանով կարող են ճակատագրական լինել ուսանողների համար:

Գազի հնարավոր թանկացման մասին լուրերը մտորելու տեղիք են տվել նաեւ վճարովի ուսուցում իրականացնող հաստատությունների ղեկավարներին ու դրանցից օգտվողներին: «Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր բուհ վարձավճարները սահմանելիս նախահաշիվը կազմում է՝ ելնելով տվյալ բուհի ծախսերից, որի շուրջ 70 տոկոսը կազմում են աշխատավարձերը, իսկ մնացած 30 տոկոսը՝ կոմունալ ծախսերը, որի մեջ մտնում են ոչ միայն յուրաքանչյուր մասնագիտությանն անհրաժեշտ լաբորատոր նյութերն ու սարքավորումները, այլեւ` յուրաքանչյուր ուսանողին ընկնող քառակուսի մետրի վերանորոգման եւ այլեւայլ ծախսեր, եւ, Աստված չանի, օրինակ հիմա, եթե գազը թանկանա, բնականաբար կբերի էներգիայի արժեքի զգալի փոփոխության, ջեռուցման ծախսերի զգալի աճի, սա էլ` իր հերթին, ուզած թե չուզած, կանդրադառնա ուսման վարձաչափերի վրա»,- հաշվարկում է Երեւանի Պետական ճարտարագիտական համալսարանի Ֆինանսատնտեսական գործունեության, սոցիալական ծրագրերի եւ ուսանողական հարցերի գծով պրոռեկտոր Լաերտ Հովհաննիսյանը:

Այսպիսով, վճարելով պրոֆեսորադասախոսական կազմին եւ հոգալով տվյալ բուհի կոմունալ ծախսերը՝ վճարովի համակարգում սովորողները հարյուր հազարավոր դրամներ են մուծում: Ամենաէժան համարվող Պետական մանկավարժական համալսարանում «ամենաէժան» մասնագիտության տարեկան վարձավճարը 170.000 դրամ է: Որքան էլ բուհերի ղեկավարները վարձավճարների մուծման համար նախապես որոշակի ժամկետներ են սահմանում, հետագայում, այնուամենայնիվ, ստիպված են լինում իրենք իրենց իսկ սահմանած կարգերը խախտել, որպեսզի չզրկվեն ֆինանսավորման ամենամեծ աղբյուրներից: Ուստի այնքան էլ տարօրինակ չէ, որ բուհերում կրթության համար սահմանված բարձր վարձավճարների պատճառով ուսումը կիսատ թողնող ուսանողների թիվն այնքան էլ մեծ չէ: Համենայնդեպս, այդպիսին էին մեր հարցման արդյունքները Երեւանի պետական Բժշկական, Ճարտարագիտական, Մանկավարժական համալսարանների եւ ոչ պետական «Գալիք» համալսարանի տվյալներով:

Այսպես՝ 2004-2005թթ. ուսումնական տարում Բժշկական համալսարանից ուսման համար չվճարելու պատճառով բուհից դուրս են մնացել 6, «Գալիք» համալսարանից՝ 12 հոգի: Ճարտարագիտական եւ Մանկավարժական համալսարաններում բացառեցին վարձավճարների պատճառով ուսանողին բուհից հեռացնելու դեպքերը: «Դեռ ոչ մի ուսանող ուսման վարձի պատճառով մեր բուհից դուրս չի մնացել, մենք ամեն ինչ անում ենք, որ մի ձեւով փակենք այդ վարձը՝ զեղչելով կամ հովանավորներ գտնելով»,- հավաստիացնում է Ճարտարագիտականի պրոռեկտոր Լ. Հովհաննիսյանը: «Մեր ռեկտորն էլ անընդհատ հրահանգում է դեկաններին ուշադիր լինել ուսանողների հանդեպ, որովհետեւ, ի վերջո, այդ վարձավճարների շնորհիվ են նրանք վճարվում, հնարավորության սահմաններում զեղչեր ենք սահմանում, թույլ ենք տալիս մաս-մաս վճարել, առայսօր վարձի պատճառով որեւէ ուսանող բուհից դուրս չի մնացել»,- պնդում է նաեւ Մանկավարժական համալսարանի մամլո քարտուղար Սիլվա Ասրյանը: Բժշկական համալսարանում 2005թ. ուսման վարձավճարների պատճառով բուհից հեռացված 6 ուսանողներից 5-ը արտասահմանցի ուսանողներն են: Բժշկական համալսարանի ուսումնական բաժնի վարիչ Գեւորգ Ադամյանի հավաստմամբ` ՀՀ քաղաքացի ուսանողներն ավելի պարտաճանաչ են վճարումների խնդրում, քան արտասահմանցիները:

Վճարովի համակարգի ուսանողներին դուրս թողնելը ձեռնտու չէ նաեւ այլ առումներով: «Համակարգն այնպիսին է, որ ուսանողի պարտքը բուհի վրա հաշվվում է որպես դեբիտորական պարտք: Եթե ուսանողը չի կարողանում վճարել եւ հեռացվում է բուհից, պետությունը, միեւնույն է, պահանջում է այդ գումարը վերականգնել, այդ պարտքը առնվազն մեր վրայից դուրս կգա այն դեպքում, երբ մենք դիմենք դատարան, եւ դատարանը որոշում կայացնի, որ դա անհուսալի պարտք է»,- պարզաբանում է Ճարտարագիտականի պրոռեկտորը: Թերեւս սա էլ է պատճառ, որ ուսանողներին ընձեռում են բոլոր հնարավորությունները՝ միայն թե վճարեն եւ սովորեն: Բուհերի վրա դեբիտորական պարտք կուտակելու գործում, պարզվում է, մեծ է արտասահմանցի ուսանողների դերը, ովքեր հանկարծակի կարող են ուսումը թողնել, զանազան պատճառներով մեկնել իրենց երկիրն եւ այլեւս չվերադառնալ: «Այս դեպքում էլ հարց է առաջանում՝ ո՞նց գտնել էդ ուսանողներին, ո՞նց էդ գումարը վերականգնել, ո՞ր դատարանում էդ հարցը լուծել»,- բողոքում է Լ.Հովհաննիսյանը:

Տարբեր բուհեր վճարովի համակարգի ուսանողների բեռը թեթեւացնելու նպատակով վարձավճարների տարբեր զեղչեր են սահմանում՝ մինչեւ 80 տոկոսի չափով: Ճարտարագիտական համալսարանն, օրինակ, բավականին արտոնություններ է սահմանել ուսման մեջ առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար՝ 3-4 կիսամյակ հարվածային եւ գերազանցիկ առաջադիմությամբ ուսանողների վարձավճարները զեղչվում են 50-80 տոկոսի չափով: Տարբեր բուհեր նաեւ ֆինանսավորման տարբեր աղբյուրներից կարողանում են կրթաթոշակի հնարավորություն ստեղծել վճարովի համակարգի ուսանողների համար: Այդպես՝ Ճարտարագիտական համալսարանում վճարովի համակարգի շուրջ 90 ուսանող 100 դոլարին համարժեք դրամ կրթաթոշակ է ստանում բարերարների շնորհիվ: Սակայն, ինչպես ասում են, դրանից վերք չի փակվում: Ճարտարագիտական համալսարանի պրոռեկտորի կարծիքով` օրենքով սահմանված վարձավճարների զեղչման կարգը վերանայման կարիք ունի. «Օրենքը սահմանում է զեղչեր թույլ տալ ուսանողների ընդհանուր թվի 10 տոկոսի չափով միայն, եւ եթե բուհն անգամ հնարավորություն ունենա 11 տոկոսի համար զեղչեր կիրառել, ստիպված է լինելու դա փակել իր շահույթի հաշվին, օրենքի այս կետը փաստորեն սահմանափակում է զեղչային համակարգի հնարավորությունները»:

Ուսման վարձի պատճառով դուրս մնացած ուսանողներին բուհերը հետագայում վերականգնվելու հնարավորություն են ընձեռում՝ բնականաբար պարտքը փակելուց հետո միայն: Այսինքն՝ երբ կուզեք, ոնց կուզեք, միայն թե վճարեք: