Սպորտով զբաղվեք, որ հղիանաք

10/12/2005 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Կինն առողջ է, եթե կարող է ծննդաբերել առողջ երեխա: Համենայն դեպս, ժամանակին այսպես է մտածել հայտնի փիլիսոփաներից մեկը: Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է ծնելիության ցածր ցուցանիշ, ու սրա պատճառը ոչ միայն սոցիալական վատ պայմաններն են, այլեւ երիտասարդների առողջական ոչ այնքան լավ վիճակը:

Չբերությունը, կամ, եթե ավելի կիրթ, ամլությունը, նաեւ առաջին հղիության ընդհատումը, այսինքն՝ վիժումը, բավական լուրջ խնդիրներ են դարձել մեր հասարակության համար: «Ամլության խնդիրը միշտ եղել է եւ կա թե՛ զարգացած, եւ թե՛ զարգացող երկրներում,- ասում է Ընտանիքի պլանավորման եւ առողջության կենտրոնի վերարտադրողական բաժնի վարիչ Գեորգի Պողոսյանը։ -Զուտ կառուցվածքային տարբերություններ կան, այսինքն` պատճառներն են տարբեր: Ես չեմ կարող կոնկրետ վիճակագրություն ներկայացնել, կարող եմ ասել, որ շատ հիվանդներ ունեմ: Նաեւ փոխվել է հիվանդության կառուցվածքը, եթե առաջ ավելի հաճախ դիմում էին երկրորդային չբերության համար, ապա այսօր առաջնայինն ավելի տարածված է»: Երկրորդային ամլության պատճառները բժիշկները բացատրում են այսպես. ժամանակին, երբ աբորտներն արգելված էին, կանայք դիմում էին հանցավոր աբորտների, այսինքն` ավտոտնակներում եւ տներում անհայտ ծագումով մասնագետների մոտ աբորտներ էին անում, ինչը հետագայում լուրջ խնդիր էր դառնում նորից հղիանալու համար: Ինչ վերաբերում է առաջնային ամլությանը, սրա պատճառներից մեկն էլ տղամարդկանց արտասահմանում անժամկետ աշխատելն է:

«Ամուսինները, արտերկրից վերադառնալով, այնտեղից բերում են ոչ միայն իրենց աշխատած փողերը, այլեւ` վարակները, որոնք «աշխատել» են առանց պահպանակներ օգտագործելու պատահական սեռական հարաբերությունների ժամանակ: Սրանք վեներական հիվանդություններ չեն եւ կոչվում են` սեռական ճանապարհով տարածվող հիվանդություններ, որոնք առաջացնում են կամ ամլություն, կամ հղիության ընդհատում՝ վիժում»,- ասում է Գ. Պողոսյանը: Այսօր շատացել է սթրեսների հետ կապված ամլությունների թիվը: Սթրեսը տղամարդկանց եւ կանանց մոտ բերում է պրոլակտիտ հորմոնի բարձրացման, որը կանանց մոտ ընկճում է ձվազատումը, իսկ տղամարդկանց մոտ սերմնարտադրությունը: «Սթրեսը տարբեր մարդկանց վրա տարբեր կերպ է անդրադառնում, մեկի մոտ սրտի կաթված է առաջացնում, մյուսի մոտ՝ ամլություն»: Պրակտիկորեն սեռավարակներն ու սթրեսներն ամլության հիմնական` մոտ 70-80 տոկոսն են կազմում:

Ամուլության բուժումը բարդ բան չէ, բարդ է գտնել պատճառը: Իսկ բուժելը ստանդարտ ձեւ է: «Եթե կինն ունի հեշտոց, արգանդ, փողեր, ձվարաններ եւ ամուսին, ըստ բնության օրենքի` նա պետք է հղիանա»:

Այսօր կա կարծիք, հատկապես մեծահասակների շրջանում, որ հակաբեղմնավորիչները երիտասարդ կանանց մոտ հետագա խնդիրների պատճառ են դառնում: Բժիշկները նույնպես չեն հերքում այս փաստը, սակայն անպայման ավելացնում են, որ եթե մարդ գրագետ օգտագործի հակաբեղմնավորիչ պրեպարատը, ապա վտանգի գործոնը շատ աննշան է դառնում: «Որպեսզի կինը չհղիանա, պետք է առաջացնել արհեստական չբերություն: Դա առաջացվում է տարբեր գործոններով,- ասում է Գ. Պողոսյանը։ -Չեմ կարող ասել, որ դրանք 100 տոկոս անվտանգ են: Ամբողջ խնդիրն այն է, որ մարդիկ կարծում են, որ այդ հակաբեղմնավորիչների կիրառումը շատ հասարակ է, եւ օգտագործում են առանց բժշկի հետ խորհրդակցելու: Բժիշկը պետք է որոշի` այս կնոջ համար ի՞նչն է լավ՝ հաբերը, սպիրա՞լը, հեշտոցային հակաբեղմնավորիչնե՞րը, թե՞ նույնիսկ աբորտը»: Կանայք կան, որոնց համար հաբերը կատեգորիկ արգելված են, որովհետեւ նրանք ունեն ուռուցքներ, մաստոպատիաներ, որոշակի խանգարումներ, նույնը վերաբերում է սպիրալներին, որ կարող են հանգեցնել արյունահոսության: Հակաբեղմնավորիչը պետք է լինի անվտանգ, հեշտ կիրառվող եւ հեշտ հրաժարվող: Գ. Պողոսյանը մեզ պատմեց, որ իր աշխատանքային պրակտիկայում եղել են այնպիսի աբսուրդ դեպքեր, երբ կանայք չհղիանալու նպատակով դիմել են անհեթեթ քայլերի, որոնք հետագայում առողջական խնդիրների պատճառ են դարձել: «Կանայք շատ են սիրում հեշտոցը սարքել պարենային խանութ՝ էլ լիմոն, էլ ասպիրին, ինչ ասես չեն մտցնի հեշտոցը, որ թթու միջավայր ստեղծեն ու ընդհատեն հղիությունը»,- պատմում է Գ. Պողոսյանը: Սա, իհարկե, տարածված բնույթ չի կրում, բայց դեպքերն էլ քիչ չեն:

Գ. Պողոսյանը խոսեց եւս մեկ խնդրի մասին, որ նույնպես ազդում է ծնելիության ցածր տոկոսի վրա: «Ծերացել է առաջին երեխան ունենալու տարիքը: Եթե առաջ ունենում էին 21 տարեկան հասակում, ապա հիմա տղամարդիկ ավելի ուշ են ընտանիք կազմում: Սակայն տղամարդու տարիքն այնքան էական չէ, նույնիսկ հիմա ասում են, որ մեծ տարիքում տղամարդն ավելի խելոք երեխա է ունենում: Կարեւոր է կնոջ երիտասարդ լինելը: Իսկ այսօր ընտանիքն ամուսնանալուն պես մտածում է տուն, այլ ոչ թե երեխա ունենալու մասին»:

Սովորաբար բաց փորով աղջիկ տեսնելուն պես` տատիկների մեծ մասն արտահայտվում է ՝«Բա էս բաց փորով աղջիկը մայր կդառա՞»: Բոլոր անհանգստացած տատիկներին հանգստացնում է Գեորգի Կիմիչը եւ հայտնում, որ բաց փորը հղիանալու հետ կապ չունի: «Կանայք մեծ մասամբ մրսում են սառը հոսանքի տակ մնալուց, կամ էլ ոտքերը սառեցնելուց, բայց անգամ այդ դեպքում կարող է լինել պարզապես բորբոքային պրոցես, որն ամենեւին չի ենթադրում չբերություն»:

Ավելի լուրջ խնդիր է այսօր հղիության ընդհատումը՝ վիժումը: «Վիժումների շատացումն ինֆեկցիաների հետ է կապված, որն անմիջապես ազդում է դիմադրողականության վրա»: Օրինակ՝ մարդկանց մեծ մասը՝ 70-80 տոկոսը, ունի հերպեսի խնդիր, սակայն հերպեսով հիվանդ կինը կարող է երեխա ունենալ, որովհետեւ հերպեսը քնած է նրա օրգանիզմում, իսկ եթե մարդու դիմադրողականությունը թուլանում է, հերպեսը գլուխ է բարձրացնում եւ առաջացնում է փոքր ժամկետի վիժումներ: Իսկ ի՞նչ անել առողջ սերունդ ունենալու համար: «Առողջ սերունդ ունենալու համար նախ` մենք պետք է լինենք առողջ: Այսօր երիտասարդները հարցական նշան են դարձել: Եթե ասես` մի 100 մետր լող տուր, 50-ին կխեղդվի: Այսինքն, սպորտով չեն զբաղվում, ծխում են, թմրանյութեր են օգտագործում, այս ամենը թուլացնում է դիմադրողականությունը: Սակայն չգիտես ինչու` հայերը պատճառը սրանում չեն ուզում տեսնել եւ մեղքը գցում են սոցիալական վատ վիճակի վրա: Հնդկաստանում` մի բանան ուտելով, 80 երեխա են ունենում»: