«Ղարաբաղ Տելեկոմն» ունի 15.622 բաժանորդ

10/12/2005 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ԼՂՀ Ազգային ժողովի վերջին նիստում պատգամավոր Արպատ Ավանեսյանն` անդրադառնալով հանրապետությունում կապի միակ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմի» գործունեությանը, նշել է, որ, ըստ հավաստի տվյալների, ընկերությունը մոտ ապագայում չի պատրաստվում ներդրումներ կատարել Ղարաբաղում:

Հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Արմո Ծատուրյանին: Վերջինս տեղեկացրեց, որ ընկերությունը Ղարաբաղում կատարել է բավականին ներդրումներ եւ, ըստ կառավարություն ներկայացված զարգացման ծրագրի, այն շարունակություն կունենա: 2005թ. առաջին կիսամյակում ընկերությունը կատարել է 215.7մլն դրամի ներդրում, այդ թվում` բջջային հեռախոսացանցի ոլորտում 60.0 մլն, ֆիքսված հեռախոսացանցի բնագավառում` 101.0 մլն դրամ:

Ծրագրի համաձայն, ընթացիկ տարում իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ` ուղղված ոլորտի զարգացմանը: Բջջային հեռախոսակապի ոլորտում կատարված փոփոխությունները հնարավորություն են տվել ավելացնել բաժանորդների թիվը: Նոյեմբերի 1-ի դրությամբ բջջային հեռախոսակապի բաժանորդների թիվը` ավելանալով 4857-ով` կազմել է 15.622:

Վերանորոգողական-պահպանողական աշխատանքներ են իրականացվել նաեւ ֆիքսված հեռախոսակապի ոլորտում ինչպես` մայրաքաղաքում, այնպես էլ` հանրապետության շրջաններում, ինչի շնորհիվ բաժանորդների թիվն ավելացել է 1042-ով, որից 215-ը` գյուղական բնակավայրերում:

Հայտնի է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ ընկերությունը կտրուկ (3-6 անգամ) բարձրացրել է ինտերնետ ծառայությունների գները: Չնայած գների կտրուկ բարձրացմանը, ընթացիկ տարում ինտերնետ-բաժանորդների թիվն ավելացել է 155-ով:

Ընկերությունը 2005թ. առաջին կիսամյակում ֆինանսական աջակցություն է ցուցաբերել երկկողմանի ծնողազուրկ երեխաներին, բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամ երեխաների «Զանգակ» միությանը, Շուշիի թիվ 2 միջնակարգ դպրոցին, ԼՂՀ Կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը: 2003-2005թթ. «Ղարաբաղ Տելեկոմը» ցուցաբերել է շուրջ 70 մլն դրամի ֆինանսական աջակցություն: Ընկերության զարգացման ծրագրի համաձայն, ավարտին են հասցվել 2006թ. նախատեսվող 7 բջջային բազային կայանների շահագործման հանձնելու նախապատրաստական աշխատանքները: Գալիք տարում նախատեսվում է աշխատանքներ իրականացնել նաեւ Ստեփանակերտի բարոյապես եւ ֆիզիկապես մաշվածության ենթարկված հեռախոսակայանի փոխարինման, բջջային հեռախոսակապի ծրագրային փոփոխությունների, ինտերնետ ցանցի վերակառուցման եւ այլ ուղղություններով: