«Տվյալ ուղղությունը ծանրաբեռնված է»

10/12/2005 Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ

«ԱրմենՏելի» ներդրումներից հետո Լոռու մարզի գյուղերի հետ մարզկենտրոն Վանաձորի կապն անմխիթար վիճակում է: 1988թ. երկրաշարժից առաջ այդ գյուղերի բնակիչները կարող էին նույնիսկ Մոսկվա խոսել կապի բաժանմունքների օգնությամբ, մինչդեռ գյուղերում այդ բաժանմունքների վերանալուց եւ գյուղերի հեռախոսակապը կոդավորելուց հետո (կոդերը նախատեսված են միմիայն մարզկենտրոնի հետ կապվելու համար) մարզկենտրոնից գյուղեր զանգահարել փորձողը, թերեւս, պետք է մի ամբողջ արձակուրդ վերցնի եւ անընդմեջ զանգահարելու ընթացքում հույս ունենա, որ «97» կոդը հավաքելուց հետո գոնե մեկ անգամ չի լսի «Տվյալ ուղղությունը ծանրաբեռնված է» արտահայտությունը՝ 3 լեզուներով: Իսկ գյուղերից մարզկենտրոն զանգահարողներն էլ առավելապես կարող են միայն իրենց ասելիքը փոխանցել, քանի որ մարզկենտրոնից խոսողի ձայնը նրանց չի հասնում: Երբեմն էլ պատահում է, որ մի գյուղ զանգողը մեկ ուրիշ գյուղ է ընկնում: Օրինակ՝ Ձորագետավան զանգողները կարող են «հայտնվել» Ձորագյուղում: Ձորագետավանի շարքային բնակիչներին հազիվ թե մխիթարի այն, որ ավանում գտնվող Թուֆենկյան բարձրակարգ հյուրանոցը Երեւանի հետ ուղիղ կապ ունի: