Ըստ ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, կապիտալ շինարարությանը 2005թ. հատկացվել է 3780 մլն դրամ, որը կազմում է ընդհանուրի 42,3 տոկոսը։ ԼՂՀ քաղաքաշինության նախարար Բորիս Ալավերդյանի խոսքերով, 2005 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, կապիտալ ներդրումների ծավալն աճել է մոտ 1,6 անգամ։ Ընթացիկ տարվա առաջին 10 ամիսների ընթացքում ընդհանուր գումարից մոտ 900 միլիոն դրամի աշխատանքներ են կատարվել մայրաքաղաք Ստեփանակերտում, 210 միլիոն դրամի՝ Ասկերանի շրջանում, 270 միլիոնի՝ Մարտակերտի շրջանում եւ այլն։ Զգալի աշխատանքներ են իրականացվել հանրապետական նշանակության կառույցների շինարարության, ճանապարհների խնամքի ապահովման, գազիֆիկացման, ջրամատակարարման համակարգերի կարգավորման ուղղությամբ։
Բնակարանաշինության համար հատկացված 900 մլն դրամից արդեն իրականացվել են 701 միլիոն դրամի աշխատանքներ։
Նախարարի հավաստմամբ, որոշ ոլորտներում արդեն ծախսվել է նախատեսված գումարից ավելին, եւ կատարված աշխատանքները գերազանցում են նախատեսված ծավալները. օրինակ` մշակույթի ոլորտի համար հատկացված 280 մլն դրամի շրջանակներում նախատեսված աշխատանքների փոխարեն 2005թ. առաջին 10 ամիսների ընթացքում արդեն իրականացվել են մոտ 320 մլն դրամի աշխատանքներ։ Ընդհանուր առմամբ, 2005թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին կատարվել են մոտ 3,5 միլիարդ դրամի շինարարական աշխատանքներ։
«Ստեփանակերտում շինարարական աշխատանքներ են իրականացվել միաժամանակ մի քանի բարձրահարկ շենքերի վրա, Մարտակերտում վերանորոգվել է 16 բնակարանանոց մեկ շենք եւ փոխվել, նորացվել են մի քանի բարձրահարկ շենքերի տանիքները։ Զգալի աշխատանքներ են տարվել նաեւ դպրոցների վերականգնման եւ նոր դպրոցների կառուցման համար։ Ստեփանակերտում հիմնական աշխատանքներն ընթացել են թիվ 2 դպրոցի հիմնանորոգման եւ թիվ 7 դպրոցի նոր մասնաշենքի շինարարության ուղղությամբ։ Մեծ ուշադրություն է դարձվել նաեւ մայրաքաղաքի եւ բոլոր շրջանների մշակութային կենտրոնների վերականգնմանը եւ բարեկարգմանը»,- փաստել է քաղաքաշինության նախարարը։ Նա միաժամանակ տեղեկացրեց, որ 2005 թվականին որոշակի աշխատանքներ են իրականացվել՝ ուղղված զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանների բարեկարգմանը։ Այս ծրագրով 2005թ. իրականացվել են մոտ 250 միլիոն դրամի շինարարական աշխատանքներ, որից մոտ 120 մլն դրամը հատկացվել է Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցում գտնվող 45 բնակարանանոց շենքի կառուցմանը, որը նախատեսվում է ավարտել 2006թ.։ Բացի այդ, 20 մլն դրամ է տրամադրվել Ստեփանակերտ քաղաքի զոհված ազատամարտիկների՝ հրետակոծությունից տուժած բնակարանների վերանորոգման համար: Տասը տուն է կառուցվել նաեւ Շահումյանի շրջանի Ականաբերդ գյուղում, 28 մլն դրամի աշխատանքներ են կատարվել Ասկերանի շրջանում, 17 մլն դրամի՝ Մարտունիում եւ այլն։ Նախարարի հավաստմամբ, առաջիկա տարիներին կընդլայնվեն վերոնշյալ աշխատանքների ծավալները։ Գալիք տարում այս ուղղությամբ նախատեսվում է պետբյուջեից հատկացնել մոտ 200 մլն դրամ` 2005-ի 100 մլն-ի փոխարեն։ Ակնհայտ է, որ մայրաքաղաքում առկա է բազմահարկ շենքերի մի մասի հիմնավոր կամ մասնակի վերանորոգման խնդիրը: Այս ուղղությամբ 2005թ. շինարարական աշխատանքներ են տարվել մայրաքաղաքի երեք բազմահարկ շենքերում եւ երկու դպրոցներում, ընթացքի մեջ են ԼՂՀ Ազգային ժողովի եւ կառավարության նոր շենքերի շինարարական աշխատանքները: Մոտ 60 մլն դրամ է հատկացվել որոշ շենքերի տանիքների վերանորոգմանը։
Խոսելով կատարվող շինարարական աշխատանքների որակի շուրջ` նախարարը հավաստիացրեց, որ հանրապետության տարածքում իրականացվող բոլոր աշխատանքները վերահսկվում են իրենց կողմից: «Համապատասխան որակ ապահովելու նպատակով արգելվել է մեկ անգամ օգտագործված շինանյութը կրկին անգամ օգտագործել շինարարության մեջ։ Դա, իհարկե, բավական մեծ միջոցների հաշվին է կատարվում։ Բայց եթե ցանկանում եք ապահովել ժամանակի պահանջներին համապատասխան որակ, ապա նմանատիպ ծախսերն անխուսափելի են: Իհարկե, լինում են դեպքեր, երբ տվյալ կառույցի որակը մեզ չի բավարարում, կամ կատարվող աշխատանքների մեջ նկատում ենք ինչ-որ թերություններ։ Նման դեպքերում նախատեսվում են տուգանքներ եւ տույժեր, որոնց չափը զուտ որակի հետ կապված խնդիրների կապակցությամբ 2004-ին կազմել է 1 մլն 250 հազար դրամ։ Ծայրահեղ դեպքում եւ կոպիտ խախտումների առկայությամբ` հնարավոր է նաեւ տվյալ կառույցի շինարարությամբ զբաղվող կազմակերպությանը զրկել լիցենզիայից»,- հավելել է պարոն Ալավերդյանը։