Ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդում` Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն Վաշինգտոնում հայտարարել է, թե Վրաստանում երկու տարի առաջ տեղի ունեցած «Վարդերի հեղափոխությունն» անհնար կլիներ առանց ԱՄՆ-ի աջակցության: ««Վարդերի հեղափոխությունը» հնարավոր դարձավ միայն այն բանի շնորհիվ, որ ԱՄՆ-ը սատարում էր մեր երկրում քաղաքացիական հասարակության, ոչ կառավարական կազմակերպությունների, ազատ մամուլի զարգացմանը: Որեւէ մեկը չի կարող ասել, թե դա ինչ արժեր՝ ֆինանսական աջակցությունն էական էր, բայց ԱՄՆ-ի համար այն փոխհատուցվել է՝ Վրաստանը դարձել է ԱՄՆ հավատարիմ ու երկարաժամկետ գործընկերը»,- ասել է Բարամիձեն: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` Բարամիձեն նաեւ կարծիք է հայտնել, թե Վրաստանի ժողովուրդը դարձել է աշխարհում ամենաամերիկամետը: