Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով գործող նախագահ Բակո Սահակյանը վերընտրվեց նախագահի պաշտոնում` ստանալով 47.085 ձայն (66,70%):
Երկրորդ տեղում էր պատգամավոր, գեներալ Վիտալի Բալասանյանը, ով ստացել էր ձայների 32,50%-ը կամ 22.966 ձայն: Մյուս թեկնածուի` Արկադի Սողոմոնյանի օգտին քվեարկել էր 0,8%-ը կամ 594 ընտրող: Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել են շուրջ 80 միջազգային դիտորդներ` ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Չեխիայից, Իռլանդիայից, Լեհաստանից, Կիպրոսից, Հունգարիայից, Բուլղարիայից, Իսրայելից, Արգենտինայից, Ուրուգվայից, Մեծ Բրիտանիայից եւ այլ երկրներից, ինչպես նաեւ` պաշտոնատար անձանցից բաղկացած պատվիրակություններ Հայաստանից: Ընտրությունները լուսաբանել են մի քանի տասնյակ միջազգային առաջատար ԶԼՄ-ների լրագրողները: Հայաստանի ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորներից բաղկացած 9 հոգանոց խորհրդարանական պատվիրակությունը բարձր գնահատական է տվել ընտրություններին: Միջազգային դիտորդները եւս բարձր գնահատականներ են տվել ընտրությունների ընթացքին: Չնայած ընտրություններին մարդկանց ակտիվ մասնակցությանը, ընտրությունները շատ խաղաղ ու հանգիստ էին անցնում: Որեւէ լարվածություն չկար:
«ԼՂՀ նախագահի ընտրությունները լիովին համապատասխանում են արեւմտյան երկրներում անցկացվող ընտրություններին»
«Մատաղ, մունք էնքան ուրախ ընք, վըր էսօր պրեզիդենտ ընք ընտրում: Թող սաղ աշխարհը գիդան, վըր Ղարաբաղն ազատ ա, վըր Ղարաբաղում անկախություն ա: Մինակ պատերազմ տըսած մարդը կարե գիդա էդ: Պրեստավլյայե՞շ` հի՜նչ ուրախություն ա, վըր խաղաղություն ա, ու մունք էսօր հանգիստ քինում ընք նախագահ ընտրինք: Թող սաղ աշխարհը գիդան, որ մունք պրեզիդենտ ընք ընտրում»,- հյուրանոցի փոքրիկ խոհանոցում ասում էր աշխատակիցներից մեկը` արտասահմանցի դիտորդների համար արագ-արագ պատրաստելով սուրճը: Կնոջ աչքերի աննկատ հուզմունքը վերածվել էր հպարտության: Նրա խոսքով` ընտրությունն ամենակարեւոր օրն է իրենց կյանքում, որովհետեւ այդ օրը աշխարհին ապացուցում են իրենց երկրի անկախությունը: Արցախում ամեն ինչ խաղաղ է, բացի, թերեւս, հայ-ադրբեջանական սահմանագծից, ուր ժամանակ առ ժամանակ իրավիճակը լարվում է: Հուլիսի 19-ին ԼՂՀ նախագահի ընտրությունների մասին հիշեցնում էին փողոցների տարբեր հատվածներում փակցված` «Հունիսի 19-ը Արցախի նախագահի ընտրության օրն է» գրություններով ժապավենները եւ ընտրական տեղամասեր գնացող մարդկանց ակտիվ հոսքը: Ընտրական տեղամասերի ներսում էլ մթնոլորտը, կարծես, նույնն էր` շատ հանգիստ, խաղաղ: Այգեստան գյուղում տեղակայված 3-րդ ընտրական տեղամասում ընտրությունների ընթացքին հետեւող Արգենտինայից ժամանած դիտորդ, լրագրող Ֆաբիան Բոսոերի փոխանցմամբ` Լեռնային Ղարաբաղը նախագահական ընտրություններով մեկ քայլ առաջ անցավ: «Սա նաեւ քայլ էր, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Արցախի Ինքնավար Հանրապետությունը: Կարծում եմ` շատ դժվար է խոսել աշխարհաքաղաքական բարդ հարցի` ղարաբաղյան հիմնահարցի մասին: Մենք պետք է խոսենք մարդկանց իրավունքների մասին: Մենք առավոտից հետեւում ենք ընտրությունների ընթացքին, եւ կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր են անցնում: Մենք տեսնում ենք շատ ազատ, պարզ ընտրություններ: Ակնհայտ է նաեւ, որ լուրջ մրցակցություն չկա առաջադրված թեկնածուների միջեւ, եւ այդ տեսակետից փոքր-ինչ դժվար է խոսել տարբերությունների մասին: Ընտրությունները դեռ չեն ավարտվել, բայց արդեն երեւում է` ներկա նախագահը վերընտրվելու է»,- ասաց Ֆ. Բոսոերը, ում խոսքով` Արցախը մեծ պատմություն է կրում իր քաղաքականության մեջ, ինչը նաեւ պատասխանատվություն է ստեղծում նրանց համար: Իսկ Ուրուգվայի Խորհրդարանի պատգամավոր Սյուզաննա Պերերիայի խոսքով` ինքը մաս է կազմում Հայաստանի եւ Ուրուգվայի պառլամենտական-բարեկամական խմբի, հետեւաբար, պատահական չէ, որ այցելել է Արցախ: «Ես այցելել եմ Արցախի տարբեր շրջաններ, եւ շատ տպավորված եմ ընտրությունների ընթացքով: Ես հասկացա, որ ժողովուրդը գալիս է ոչ միայն ընտրության, այլեւ իր պատմությունն ու իրավունքները պաշտպանելու համար: Ուրուգվայն այն երկրներից է, որ եղել է հայության իրավունքների ճանաչման կողքին, եւ եղել է առաջին երկիրը, որ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչ վերաբերում է Ղարաբաղի հիմնահարցին, ապա Ուրուգվայը միշտ կողմ է հարցի խաղաղ լուծմանը, որտեղ պետք է բացառվի ուժի կիրառումը: Հարցը պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով»,- նշեց Ս. Պերերիան: Վերջինիս գնահատմամբ` ընտրություններն ընթանում են ազատ եւ արդար: Մեր զրուցակից` անգլիացի դիտորդների խոսքով` ընտրությունների ընթացքում կային փոքրիկ թերություններ, ինչպես, ասենք` մի քանի ընտրատեղամասերում քվեատուփերը պատշաճ ձեւով կնքված չէին, կնիքն անուշադրության էր մատնված` դրված լինելով սեղանին: Այս ամենը նրանք համարեցին չնչին թերություններ` նշելով, որ իրենց փորձից ելնելով` կարող են ասել, որ ԼՂՀ նախագահի ընտրությունները լիովին համապատասխանում են արեւմտյան երկրներում անցկացվող ընտրություններին: Ընդ որում` իմ այցելած ընտրական 4 տեղամասերում այս գնահատականը տալիս էին նաեւ ԼՂՀ նախագահի երկու թեկնածուների` Բակո Սահակյանի եւ Վիտալի Բալասանյանի վստահված անձինք` բացառելով որեւէ ընտրախախտում կամ ընտրացուցակային անճշտության դեպք: Նշենք, որ նախագահի երրորդ թեկնածուն` Արկադի Սողոմոնյանը, վստահված անձինք չուներ նշյալ ընտրատեղամասերում: Սա բացատրում էին այն հանգամանքով, որ այդ օրը Ա. Սողոմոնյանին թոռնիկ է ծնվել, եւ վստահված անձինք գնացել էին հիվանդանոց:
Ժամը 20:00-ին ընտրական տեղամասերը փակվելուց հետո մենք այցելեցինք նաեւ ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի կենտրոնական շտաբ, որը գտնվում էր կենցաղային տեխնիկայի խանութի երկրորդ հարկում: Շտաբ հասնելու համար պետք է անցնեինք գազօջախների, լվացքի մեքենաների կողքով, ինչը նույնիսկ շփոթմունքի տեղիք տվեց: Մեր այցելության պահին Վ. Բալասանյանը խոսում էր հեռախոսով: Շտաբում էր նաեւ ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու Մասիս Մայիլյանը, եւ այլք: Հեռախոսազրույցի ավարտից հետո խնդրեցինք պատասխանել մի քանի հարցերի` մասնավորապես, հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է գնահատում ընտրությունների ընթացքը, խախտումներ եղե՞լ են, թե՞ ոչ, արձանագրություններ կազմվե՞լ են, թե՞ ոչ: Որքան էլ տարօրինակ էր` Վ. Բալասանյանն ի պատասխան հարցի` ասաց, թե ընտրությունների ընթացքի մասին մեր հարցին կպատասխանի այն ժամանակ, երբ ընտրությունների արդյունքները պարզ կլինեն: Իսկ հարցին, թե պարտության դեպքում կշնորհավորի՞ ԼՂՀ նախագահի հաղթող թեկնածուին, Վ. Բալասանյանը պատասխանեց. «Եթե խախտումներ լինեն` չեմ շնորհավորելու»: Իսկ հարցին, թե տվյալներ ունե՞ն` խախտումներ գրանցվե՞լ են, թե՞ ոչ, Վ. Բալասանյանը պատասխանեց. «Տենց ինֆորմացիա կա` կճշտենք, կասենք: Քվեարկողներից կան բացակա մարդիկ` մանավանդ Քաշաթաղի, Շահումյանի, Մարտակերտի շրջանում: Ժամանակին, երբ որ մարդիկ արտագաղթել են, եւ կարող է այդ արձանագրությունների մեջ տարբեր թվաբանություններ գրվեն»: Իսկ երբ փորձեցինք մեր հաջորդ հարցը տալ` Վ. Բալասանյանը սկսեց բղավել` ասելով, թե ինքը համաձայնել էր պատասխանել միայն մեկ հարցի: Իսկ ինչ վերաբերում է իրենց կողմից հայտնաբերված ընտրախախտումներին, Վ. Բալասանյանը նշեց, որ իրենք անպայման դիմելու են դատարան:
Պարտված եւ հաղթած թեկնածուների ուղերձները
Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո հայտարարությամբ հանդես եկավ Վ. Բալասանյանը` հայտարարելով. «Հունիս 15-ին գործող նախագահին ուղղված իմ բաց նամակում ես որոշակի մտահոգություններ էի հայտնել ընտրությունները վարկաբեկող գործընթացների մասին: Ցավոք, դրանք հաշվի չառնվեցին: Ես պատրաստ էի արդար ընտրությունների արդյունքում շնորհավորել հաղթած թեկնածուին, սակայն պետք է սահմանափակվեմ ընտրությունների արդյունքները որոշակի վերապահումներով ընդունելով: գԳործող նախագահը եւ նրա թիմը ի վիճակի չեղան ապահովել արդար ընտրություններ: Ընտրություններն ազատ էին, բայց ոչ արդար: Ամբողջ նախընտրական քարոզարշավի ժամանակ եւ ընտրությունների օրը ժողովրդի վրա եղել են ճնշումներ, վարչական ռեսուրսն ամբողջովին ուղղված է եղել գործող նախագահի ձայնահավաքին: Ամենամեծ ճնշումները եղել են Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների բնակիչների վրա: Այս պայմաններում ստացած քվեները համարում եմ լավ արդյունք, ինչը լուրջ հիմք է նոր քաղաքական կառույցի ստեղծման համար»: Վ. Բալասանյանը, սակայն, որեւէ կոնկրետ ընտախախտում, ընտրակեղծիքի կոնկրետ դեպք այդպես էլ չի նշել:
Հուլիսի 23-ին ԼՂՀ վերընտրված նախագահ Բակո Սահակյանը հանդես է եկել ուղերձով, որում ասված է. «Այս ընտրությունները դարձան մեր ժողովրդի նոր հաղթանակը իրավական պետության կառուցման եւ ազգային իղձերի իրականացման ճանապարհին, նրա բարձր քաղաքացիական կեցվածքի ու իմաստնության եւս մեկ դրսեւորումը: Արցախի ժողովուրդը կրկին վերահաստատել է իր հավատարմությունը միջազգային նորմերին ու սկզբունքներին եւ ազատ, անկախ ու արդար պետություն կառուցելու ուղու անշրջելիությանը: Ես խորին երախտագիտություն եմ հայտնում Արցախի բոլոր քաղաքացիներին` ընտրություններին մասնակցելու համար, նրանց, ովքեր իրենց ձայնը տվել են իմ օգտին` բարձր վստահություն հայտնելով ինձ, եւ նրանց, ովքեր պաշտպանել են նախագահի մյուս թեկնածուներին: Որպես ԼՂՀ Նախագահ` ինձ համար չկա ավելի մեծ ու պարտավորեցնող ուժ, քան իմ ժողովրդի վստահությունը եւ պատասխանատվությունը մեր երկրի ապագայի հանդեպ: գԱյս հինգ տարիների ընթացքում մեր երկրում իրականացվել է մեծածավալ աշխատանք, սակայն անելիքներն էլ դեռ շատ են: Մենք հետեւողական ենք լինելու առկա հիմնախնդիրները լուծելու, թերությունները վերացնելու, բացթողումները շտկելու գործում: Կարվի հնարավոր ամեն ինչ պետության հետագա զարգացման ու զորացման, Պաշտպանության բանակի մարտունակության ամրապնդման, մեր ժողովրդի կենսամակարդակի շարունակական բարձրացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ընդլայնման ու խորացման ուղղությամբ: Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կկարողանանք հաջողությամբ իրականացնել մեր համազգային նպատակներն ու ձգտումները եւ անպայման կարձանագրենք նոր հաղթանակներ: Շարունակենք սկսածը` հանուն Արցախի, հանուն մեր ապագայի»:
Անկախ ամեն ինչից, կարելի է արձանագրել, որ այս անգամ Լեռնային Ղարաբաղում կայացան իսկապես ժողովրդավարական ընտրություններ, որոնց նկատմամբ անտարբեր չէր նաեւ միջազգային հանրությունը: Ակնհայտ է, որ այս ընտրությունները կարող են լրջորեն ազդել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների վրա` ամրապնդելով Արցախի դիրքերը` որպես ժողովրդավարական պետություն:
Լուսանկարները` ԳԵՐՄԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ
Ստեփանակերտ-Երեւան