Հարցաշարն ուղարկեցին

24/07/2012

Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան եւ անմարդկային ծեծի հետեւանքով մահացած ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանի գործով ԱԺ խորհրդարանական խմբակցությունները` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» հարցաշար են կազմել եւ ուղարկել ՀՀ կառավարությանն ու Գլխավոր դատախազությանը: Այդ դիմումին չի միացել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Հարցաշարում մասնավորապես նշված է. «2012թ. հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան եւ անմարդկային հաշվեհարդարի հետեւանքով սպանվեց ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանը: Անպատժելիության մթնոլորտի բնական այս հետեւանքը հասարակության մեջ առաջացրել է լարված իրավիճակ: Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի ը) կետով եւ 7-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով Ազգային ժողովի պատգամավորների նախատեսված լիազորություններից, ստորեւ ներկայացնում ենք մի շարք հարցեր եւ ակնկալում ենք օրենքով նախատեսված ժամկետում դրանց պատասխանները.

1. Ե՞րբ եւ ո՞ւմ կողմից է Ոստիկանությունում ահազանգ ստացվել դեպքի մասին: Ինչո՞ւ մի քանի օր ծանր վնասվածք ստացած սպայի գործով անհապաղ չի հարուցվել քրեական գործ, իսկ նյութերը մի քննչական մարմնից մյուսն են դեգերել:

2. Հայտնի՞ են «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մասնակիցները, կա՞ն դեպքի այլ ականատեսներ, որոնք դեռ հարցաքննված չեն:

3. Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեւակերպվա՞ծ են ապացուցման առարկա հետեւյալ հարցերը.

3.1 ո՞ր ժամանակահատվածում է տեղի ունեցել միջադեպը եւ որտե՞ղ է տեղի ունեցել դեպքի հիմնական մասը: Արդյոք այդ վայրում, բացի դեպքի մասնակիցներից, եղե՞լ են այլ քաղաքացիներ եւ ի՞նչ վարքագիծ են նրանք դրսեւորել,

3.2 ո՞ւմ հրահանգով են ծեծի ենթարկվել Վահե Ավետյանը եւ մյուսները, մեղադրյալներից ո՞վ կամ ովքե՞ր են առավել ակտիվ եղել ծեծի ժամանակ,

3.3 «Հարսնաքար» ռեստորանի կալանավորված աշխատակիցների հեռախոսազանգերն առնչություն ունե՞ն դեպքի հետ եւ ո՞ւմ անուններն են նշվում,

3.4 Ծեծի ժամանակ հայհոյանքներ հնչե՞լ են, թե՞ ոչ, ի՞նչ առարկաներ եւ/կամ գործիքներ են օգտագործվել,

3.5 մեղադրյալների եւ նրանց հագուստների վրա եղե՞լ են ֆիզիկական ուժի, բռնության գործադրման հետքեր,

3.6 հատկապես ո՞վ կամ ովքե՞ր են Վահե Ավետյանին հասցրել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:

4. Հանցագործության կատարման տեղանքներում կա՞ն տեսանկարահանման սարքավորումներ, որոնք արձանագրել են դեպքը: Եթե չեն պահպանվել տեսագրությունները, ապա ինչպե՞ս է դա բացատրվում:

5. Բացի Վահե Ավետյանից եւ նրա ընկերներից, ռեստորանը նույն ժամանակահատվածում այլ այցելուներ ունեցե՞լ է, ճշտվա՞ծ են այցելուների տվյալները: Ինչպես ռեստորանի այցելուները, այնպես էլ աշխատակիցները փորձե՞լ են սրահի ներսում կանխել միջադեպը, անհատապես ովքե՞ր:

6. «Հարսնաքար» ռեստորանի կալանավորված 7 աշխատակիցները ունեցե՞լ են աշխատանքային պայմանագրեր, եւ այդ պայմանագրերով սահմանված եղե՞լ է նրանց ֆունկցիոնալ պարտականությունների շրջանակը:

7. Ի՞նչ իրավական հիմքերով է ապահովվում «Հարսնաքարի» եւ ընդհանրապես հանրային սննդի նմանատիպ օբյեկտների, դրանց աշխատակիցների ու հաճախորդների անվտանգությունը, ովքե՞ր են պատասխանատուները, ի՞նչ պահանջներ են սահմանված նրանց համար (նկատի առնելով այն հանգամանքը, որ «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտնելու միայն 2013թ. հունվարի 1-ից), արդյոք այդ անձինք կամ կազմակերպությունները ֆիզիկական ուժի, զենքի եւ հատուկ այլ միջոցների գործադրման իրավասություններ ունե՞ն եւ ո՞ր դեպքերում:

8. Արդյո՞ք վարվում է հասարակական վայրերում պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների կամ նրանց «թիկնազորի» մասնակցությամբ կատարված ծանր հանցագործությունների հաշվառում-վիճակագրություն: Մինչեւ այժմ քրեաիրավական ինչպիսի՞ պատասխանատվության ու պատժի են ենթարկվել մեղավոր անձինք:

9. Արդյոք համապատասխան առաջարկություններ մշակվե՞լ են «Հարսնաքարում» եւ նմանատիպ այլ հաստատություններում բռնության երեւույթները կանխելու, քաղաքացիների իրավունքների պատշաճ պաշտպանություն իրականացնելու ուղղությամբ: Մասնավորապես, անհրաժեշտ չէ՞ արդյոք այդպիսի տարածքների տեղակայման եւ տարածքներում պարտադիր տեսանկարահանման սարքավորումների կիրառման եւ այլ պահանջներ սահմանելը: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ պատրաստ ենք նաեւ հանդես գալ համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ»: