Հարցազրույց բրիտանական «Հաշտեցման ռեսուրսներ» կազմակերպության («Conciliation Resources») Կովկասյան ծրագրի ղեկավար, քաղաքագիտության դոկտոր Լոուրենս Բրոյերսի հետ, ով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ մի քանի նախագծերի հեղինակ է
– Հայաստանի մի շարք մասնագետների կարծիքով` ԼՂՀ-ն ունի ժողովրդավարական զարգացման որոշակի մակարդակ` մարդկային ազատությունների, մարդու իրավունքների եւ այլ առումներով: Ըստ Ձեզ` միջազգային հանրությունը հաշվի առնո՞ւմ է այս ամենը Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում, եւ ի՞նչ կարծիք ունեք Դուք ԼՂՀ-ի ժողովրդավարական զարգացումների վերաբերյալ:
– Ճշմարիտ է, որ չճանաչված պետությունները հազվադեպ են դիտարկվում որպես առանձին քաղաքական համակարգ կամ միավոր իր իսկ օրենքների շրջանակներում: Որոշ դեպքերում մասսայական տեղահանման ենթատեքստը որոշ հետնապահ երկրների կողմից դիտվում է որպես ցանկացած ժողովրդավարական քննարկման վարկաբեկում դե ֆակտո երկրներում, մինչդեռ մյուսների համար անհրաժեշտությունը ցույց տալու, թե մեկ այլ հետնապահ պետություն է բոլոր որոշումները կայացնում դե ֆակտո երկրում, նշանակում է, որ տեղական քաղաքական գործիչները չեն կարող ճանաչվել մյուսների կողմից: Սակայն, մյուս կողմից, բոլոր գործիչներն էլ ինչ-որ առումով տեղական են: Մասնավորապես` Ղարաբաղում, իհարկե, պետք է լինեն քննարկումներ ժողովրդավարացման, կառավարման համակարգի բարելավման, մարդու իրավունքների եւ այլնի մասին: Այդ քննարկումներն անհրաժեշտ են ցանկացածի համար, ով հավատում է նման արժեքներին եւ ով ցանկանում է կարգավորել հիմնահարցն Ադրբեջանի հետ, ուստի կան բարոյական եւ կառուցվածքային պատճառներ դրա համար: Խաղաղ համաձայնությունն անհնար է առանց համապատասխան ինստիտուտների, իրավունքների վրա հիմնված մշակույթի, պատասխանատվության եւ այլ արժեքների կայացման: Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այսօր ունի իրավունք օրինական ղեկավարություն ընտրելու եւ կազմավորելու, եւ եթե մի օր կլինեն ադրբեջանցի փախստականներ, ովքեր կվերադառնան Լեռնային Ղարաբաղ, ԼՂ-ի տեղական կառավարման ինստիտուտներն անհրաժեշտ կլինեն նրանց անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու համար: Ցավոք սրտի, Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում կա որոշակի միտում շատ հարցերում համեմատություններ կատարել Ադրբեջանի հետ: Այդ մոտեցումը երբեմն այսպիսին է. «Հայաստանում ժողովրդավարությունն ավելի առողջ վիճակում է, քան Ադրբեջանում, ահա թե ինչն է կարեւորը»: Այս մոտեցումը կարելի է անվանել «մրցակցային ժողովրդավարություն», որտեղ ավելի շատ ուշադրություն է դարձվում ընթացակարգերին եւ «տեսքին», քան թե նրա բուն բովանդակությանը: Այս հարթության վրա կա դրական հեռանկար. ընտրությունները ԼՂ-ում անցկացվում են պարբերաբար, եւ այնտեղ կատարվում է նախագահների փոփոխում քվեարկության միջոցով (ինչը երբեմն մենք չենք տեսնում տարածաշրջանի որոշ դե յուրե պետություններում), եւ եթե տեղահանված ադրբեջանցիները բացառվել են այդ ընտրություններից, ապա դա ավելի վատ չէ, քան Բաքվից, Գյանջայից եւ Ադրբեջանի այլ բնակավայրերից տեղահանված հայերի բացառումը Ադրբեջանի ընտրություններից: Սակայն 2005-2006թթ. համեմատությամբ` ես կասեի, որ ԼՂ-ում որոշակի լճացում է նկատվում այս ուղղությամբ: Սա կապված է Հայաստանի ներքին իրավիճակի հետ եւ նաեւ պայմանավորված է միջազգային հանրության` դե ֆակտո պետությունների վրա քիչ ուշադրության ընձեռնմամբ: ԼՂ-ն դեռեւս իր առջեւ ունի լուրջ մարտահրավերներ` ներքին բազմազանության եւ իրական քաղաքական բազմակարծություն ստեղծելու առումով: Սրա պատճառներից են հռետորաբանական կլիման կամ չլուծված կոն ֆլիկտից առաջացած արտաքին վտանգը, որի արդյունքը դարձավ քաղաքականության, այսպես ասած, «անվտանգեցումը» (securitization): Ինչպես ցույց տվեցին Հարավային Օսիայի իրադարձությունները, երբ անվտանգության գործոնը դուրս է մղվում, նույնիսկ ամենափոքր համայնքները Կովկասում ձգտում են քաղաքական նորացման:
– Իսկ ի՞նչ նշանակություն կարող են ունենալ ԼՂՀ-ում հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունները հիմնախնդրի կարգավորման գործընթացի համար:
– Այս ընտրությունների առաջնային նշանակությունն այն է, որ նրանք կարող են ստեղծել մի իշխանություն, որը ԼՂ-ի բնակչության աչքերում լեգիտիմ է: Առանց օրինական ղեկավարության, այս բնակչությունը չի կարող ներկայանալ ավելի լայն աշխարհին իր հայացքներով եւ արժեքներով: Այնպես որ` այս ընտրություններն ամենաքիչը պետք է իրականացնեն այդ ներկայացուցչական ֆունկցիան: Բոլորովին այլ հարց է` արդյո՞ք այս ղեկավարությունը միջազգային հանրության կողմից կդիտվի որպես օրինական, թե՞ ոչ: Հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ասեմ, որ դժվար է պատկերացնել պարզապես խաղաղություն կամ հայ-ադրբեջանական կարգավորում` առանց ժողովրդավարական զարգացումների: Առանց դրա մենք կարող ենք ունենալ միայն «ավտորիտար խաղաղություն», որն, ըստ երեւույթին, ձեռնտու կլինի երկրների իշխանություններին եւ իր հերթին կառաջացնի մի շարք այլ խնդիրներ: Վերցնենք ազատ արտահայտման խնդիրը. հարաբերությունների իրական կարգավորում` նշանակում է` բացել ամենացավոտ հարցերը եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների ամենամռայլ օրերի պատմությունը, եւ դրանք ենթարկել ազատ ուսումնասիրման քննադատական տեսանկյունից: Բայց կա նաեւ ոչ պարզ կամ գծային կապ ժողովրդավարական զարգացումների եւ հիմնախնդրի լուծման միջեւ: Ավելի շատ դեմոկրատիան կարող է իշխանության բերել ավելի ազգայնական ուժերի, ինչպես եղավ 1990-ականների սկզբին, եւ նույնիսկ ստեղծել ավելի վատ միջավայր հիմնախնդրի կարգավորման համար. ի վերջո, ըստ հարցումների` հայ-թուրքական արձանագրությունների գործընթացի ժամանակ Հայաստանի ժողովրդի մեծ մասը դեմ է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ժամանակ եւ աշխատանք է անհրաժեշտ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ ազատ փոխգործակցության համար: Ուստի կարող ենք ասել, որ ոչ թե «ժողովրդավարությունը պատասխանն է», այլ ավելի շուտ` «ժողովրդավարությունը միջոց է» իրավիճակը փոխելու համար:
– Ադրբեջանն ի՞նչ նշանակություն է տալիս այս ընտրություններին:
– Ինչպես գիտեք, Ադրբեջանն այս ընտրությունները համարում է անօրինական. Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ցանկացած մարդ, ով կմեկնի Լեռնային Ղարաբաղ` որպես ընտրությունների դիտորդ, կհայտարարվի պերսոնա նոն գրատա: Սա ցավալի փաստ է, քանի որ ընտրարշավի, ընտրությունների անցկացման եւ նրա արդյունքների մասին ինֆորմացիան կարող է կարեւոր տեղեկություն լինել ԼՂ-ի ներքին կառավարման շարժընթացի եւ հասարակության վերաբերյալ: Թբիլիսիի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դե ֆակտո ընտրությունների բազմակի դատապարտումները չտվեցին ցանկալի արդյունքը եւ, հնարավոր է, նույնիսկ ավելի նվազեցրեցին Վրաստանի ազդեցությունը անջատված տարածքներում: Ղարաբաղի ադրբեջանցիների հարցը մնում է չլուծված: Երբեմն խոսվում է, թե քանի որ Ղարաբաղի ադրբեջանցիները դարձել են Ադրբեջանի քաղաքացիներ, նրանց կարիքները հոգում են: Սակայն այս փաստարկը լայն հարթակ չի տալիս ադրբեջանցիների համար` ներկայացվելու խաղաղության գործընթացում որպես մի համայնք իր առանձնահատուկ կարիքներով: Ներդրումը, որը կարելի է անվանել Ղարաբաղի ադրբեջանական համայնքի «կառավարման կապիտալ» (օրինակ` ընտրված ղեկավարության միջոցով), կարող է դառնալ երկարաժամկետ ներդրում ապագա երկխոսության մեջ նրանց միջեւ, ովքեր «Ղարաբաղում են եւ Ղարաբաղից են»: Սա Ադրբեջանի համար, թերեւս, ուղիներից մեկն է` ստեղծելու մի հարթակ, որտեղից կարելի է դրականորեն ազդել ԼՂ-ի կառավարման վերաբերյալ քննարկումների վրա ընդհանրապես:
– Ի դեպ, արդեն հայտնի են դարձել ընտրությունների նախնական արդյունքները. ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը վերընտրվել է իր պաշտոնում (ձայների 66,7 տոկոս արդյունքով), սակայն ընդդիմության առաջնորդ Վիտալի Բալասանյանն, իր հերթին, լուրջ արդյունք է ցույց տվել (32,5 տոկոս), ինչն աննախադեպ երեւույթ է ԼՂՀ 20-ամյա պատմության մեջ: Այս արդյունքներն ինչպե՞ս կմեկնաբանեք:
– Դժվար է մեկնաբանել արդյունքներն այն ընտրությունների, որին ես անձամբ վկա չեմ եղել: Առաջին հայացքից` ձայների 67 տոկոս ստանալը քայլ է դեպի ավելի «նորմալ» քաղաքական դաշտի ստեղծում եւ հեռու է խորհրդային իշխանություններին բնորոշ 95 տոկոս արդյունքից: Սակայն վիճակագրությունները միշտ թաքցնում են ավելի բարդ իրողությունները: Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները նույնպես ընտրվել են բավականին «համեստ» մեծամասնության ձայների շնորհիվ, սակայն մենք դա չենք ընդունում որպես «ժողովրդավարության ապացույց»գ Պարզապես վիճակագրության վրա` որպես մեծ փոփոխությունների վկայություն կենտրոնանալու փոխարեն, կարծում եմ` վերլուծաբաններն ու ղարաբաղյան քաղաքականության մասնակիցները պետք է շարունակեն հարցադրումներ կատարել այն մասին, թե արդյոք որքանո՞վ է Լեռնային Ղարաբաղի ներքին քաղաքականությունն ազատ, որքանո՞վ է իրական քաղաքական բազմակարծությունն այնտեղ, որքանո՞վ են իրենց ազատ զգում լրագրողները, ոչ-կառավարական կազմակերպություններն ու քաղաքացիական հասարակությունը: Ի՞նչ աստիճանով է իշխանությունն արձագանքում ԼՂ հասարակության մտահոգություններին` առանց խնդիրները պարզապես Ղարաբաղյան հիմնահարցով պայմանավորելու, ի՞նչ աստիճանով է ԼՂ-ի ժողովուրդը պահանջում ավելին, քան այդ հիմնահարցի լուծումը: Կարծում եմ` սրանք դեռեւս բաց մնացած հարցեր են: