Կարգադրված լավատեսություն

24/07/2012 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«Այս տարվա առաջին կիսամյակում տնտեսության զարգացման արդյունքները գնահատում եմ դրական եւ լավատեսական»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` ավելացնելով, որ իր կարծիքով` մինչեւ տարեվերջ այս դինամիկան կպահպանվի: Նշենք, որ լավատեսության հիմքը այն ցուցանիշներն են, որոնք օրեր առաջ հրապարակվել են Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից։ ԱՎԾ-ն արձանագրել էր, որ այս տարվա առաջին կիսամյակում (նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ) տնտեսական ակտիվությունն աճել է 7.8%-ով։ Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը կազմել է 13%, ինչը ոգեւորության լրացուցիչ առիթ է տալիս մեր պաշտոնյաներին։ Երկնիշ՝ 12%-անոց աճ է արձանագրել նաեւ ծառայությունների ոլորտը։ Գյուղատնտեսության աճը երկնիշ չէ, բայց ցածր էլ չէ՝ 8.1%։ Արտահանման աճի տեմպը առաջին կիսամյակում գերազանցում է ներմուծման ցուցանիշը՝ 13.5 տոկոսը` 6.7 տոկոսի դիմաց։ Միջին ամսական աշխատավարձը, ըստ պաշտոնական վիճակագրության, աճել է 6.2%-ով, իսկ սպառողական գները նույն ժամանակահատվածում՝ 2.2%-ով։ Ասել է թե, ազգի գնողունակությունը բարձրացել է։

Պատկերը փչացնող միակ ցուցանիշը դարձյալ արձանագրել է շինարարության ոլորտը՝ առաջին կիսամյակում` 6.7% անկում։ Սակայն, ինչպես նախկինում էլ նշել ենք, չկա չարիք, առանց բարիքի՝ դա կարելի է ներկայացնել` որպես տնտեսության դիվերսիֆիկացիա։ «Մենք այսօր կարող ենք արձանագրել, որ տնտեսությունն աշխուժություն է ապրում, տնտեսությունը ցույց է տալիս բավականին դրական զարգացումներ, եւ տեղի են ունենում դրական կառուցվածքային փոփոխություններ»,- նշել է Տ. Դավթյանը։

Լավատեսությունը լավ բան է։ Ավելին՝ նախարարը նշել է, որ ընթացիկ տարում ականատես կլինենք նոր, միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող ձեռնարկությունների ու հզորությունների գործարկման. «Այսինքն` մենք վերականգնում ենք տնտեսությունը, վերականգնում ենք արդյունաբերական պոտենցիալը, բայց նոր` ժամանակակից հենքի վրա»,- ասել է նա։

Լավատեսությունը՝ լավատեսություն, բայց պետք չէ մոռանալ, որ ՀՀ տնտեսական բլոկի պատասխանատուներն այլ կերպ չեն էլ կարող լինել։ Հիշեցնենք, որ նորանշանակ կառավարության ծրագրով նախատեսվում է առաջիկա 5 տարիների ընթացքում ապահովել տարեկան 5-7% տնտեսական աճ։ Իսկ նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրել է ընթացիկ տարվա համար ապահովել 7%-ից ոչ ցածր տնտեսական աճ։

Շատերին էր հետաքրքիր՝ կհաջողվի՞ արդյոք կառավարությանը ապահովել այդ ցուցանիշը։ Կասկածները սրվեցին հատկապես վերջին օրերին տարածված այն խոսակցությունների ֆոնին, թե իբր Հայաստանի խոշոր գործարարները հավաքվել եւ որոշել են տապալել տնտեսական ցուցանիշները՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի «ինադու»։ Ինչեւէ, ԱՎԾ այս ցուցանիշները հերթական անգամ ապացուցում են, որ 7% տնտեսական աճը, ամենայն հավանականությամբ, կապահովվի։

Սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Շատ բան կախված է ոչ միայն ներհայաստանյան զարգացումներից, այլեւ՝ արտաքին միջավայրից։ Եվրոյի գոտու ճգնաժամը եւ դրա ռիսկը ՀՀ տնտեսության վրա ազդեցության իմաստով գնալով ավելի իրատեսական է դառնում։ Հիշեցնենք, որ ամսվա սկզբին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ մի ուշագրավ հայտարարություն է արել. «Վերջերս Բրյուսելում մասնակցել եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության` պետությունների ղեկավարների գագաթաժողովին: Քննարկման հիմնական նյութը եվրոգոտում ստեղծված ֆինանսատնտեսական լարվածությունը եւ դրանից դուրս գալու հնարավոր ելքերն էին: Փոքր պետությունների տնտեսությունները հատկապես խոցելի են նման լարումների ժամանակ, եւ մենք ակնկալում ենք, որ որպես Արեւելյան գործընկեր` կստանանք այդ դժվարությունները հաղթահարելուն ուղղված աջակցության մեր մասը»։

Անկախ ամեն ինչից՝ տնտեսական ցուցանիշների դերը գերագնահատել չի կարելի։ Մանավանդ` պաշտոնական, եւ մանավանդ՝ ընթացիկ ցուցանիշների դեպքում։ Ի վերջո, կառավարությունն ինքն էր իր նոր ծրագրով փաստել, որ այսուհետ ավելի շատ ուշադրություն է դարձվելու ոչ թե տնտեսական աճի ցուցանիշին, այլ՝ տնտեսական զարգացման (այսինքն՝ աճի որակին եւ դրա ազդեցությանը)։

Պարզ ասած, եթե արձանագրվի անգամ երկնիշ տնտեսական աճ, սակայն Հայաստանը կամաց-կամաց վերածվի պարզապես հանքահումքային արտադրանք արտահանող երկրի, որտեղից քաղաքացիները գնալով ավելի շատ են արտագաղթում, ապա նման աճն անկումից ավելի վատ է։