Սյունյաց գազի «հմայքը»

24/07/2012

Վերջերս անդրադարձել էինք ԼՂՀ-ում վաճառվող բենզինի գներին, որոնք 30 դրամով թանկ էին, քան Երեւանում:

Այժմ գազալցակայաններում (ԱԳԼՃԿ) վաճառվող գազն էլ մոտ 2 անգամ թանկ է երեւանյան գազից:

Այսպես` Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում գործող գազալցակայաններում գազի մեկ լիտրն արժե 165-170 դրամ, միեւնույն գազի մեկ լիտրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գազալցակայաններում արժե 315 դրամ: Թե ինչո՞ւ է Արցախում բնական գազը կրկնակի թանկ, առանձին նյութի թեմա է։

Այժմ նշենք մի ոչ պակաս հետաքրքիր փաստի մասին։ Պարզվում է՝ Երեւանի եւ Ստեփանակերտի գնային տարբերությունից օգուտ են քաղում «միջանկյալ» գազալցակայանները, որոնք գտնվում են Երեւան-Ստեփանակերտ մայրուղու վրա։ Մասնավորապես, Սյունիքի մարզի գազալցակայանում գազը վաճառվում է ոչ վերոնշյալ 250-260 դրամով: Երեւանից ԼՂՀ մեկնող վարորդները սովորաբար լիցքավորում են իրենց մեքենաները այդ կետում, որպեսզի ստիպված չլինեն Ստեփանակերտում թանկ գազ գնել։ Տեղի գազալցակայանն էլ, դե ֆակտո հանդիսանալով «լոկալ մոնոպոլիստ», վաճառում է թանկ եւ անորակ գազ։

Փորձեցինք պարզել, թե ի՞նչ է մտածում այս հարցի վերաբերյալ «ՀայՌուսգազարդը»։ Ընկերության լրատվական ծառայության պետ Շուշան Սարդարյանը մեզ ասաց, որ իրենց ընկերությունը մեծածախ վաճառք իրականացնող ընկերություն է, եւ յուրաքանչյուր տնտեսվարող ինքն է որոշում իր գազի գինը: «Միեւնույն ժամանակ իրենք վաճառում են գազն այն գնով, որ գնով պայմանավորվածություն է ձեռք բերվել «ՀայՌուսգազրդի» եւ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջեւ: Վաճառքի գինը տնտեսվարողի հայեցողության դաշտում է: Իրենք իրենց կողմից վաճառված բնական գազը սարքավորումների միջոցով վերածում են սեղմված գազի եւ ապա վաճառում այն: Այդ գործընթացը բավական աշխատատար գործընթաց է»,- նշեց Շ. Սարդարյանը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամլո քարտուղար Մարիամ Ստեփանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց կարգավորման դաշտում են բնական գազի սպառման ծավալները, գազի որակը, կալորիականությունը, սպառողին ցուցաբերվող վերաբերմունքը եւ այլն։ «Մեր հստակ եւ աչալուրջ վերահսկումն է, որ ստիպում է նրանց 10 օրը մեկ տալ կալորիականության ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն»,- ասաց Մ. Ստեփանյանը: Սակայն ԱԳԼՃԿ-ների գների վերահսկողությունը, վերջինիս խոսքերով, իրենց կառույցի իրավասություններից դուրս է։

Այս հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք նաեւ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովին (ՏՄՊՊՀ), քանի որ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, եթե ոչ մոնոպոլ դիրքի չարաշահում (թեկուզ դա լինի տեղական մասշտաբով)։ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանն այսպես մեկնաբանեց. «Գազի հետ կապ ունեցող բոլոր իրավասությունները հանձնվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, եւ գազի հետ կապ ունեցող որեւէ բան իրենք չեն կարող ոչ մեկնաբանել, ոչ էլ պատճառաբանել»: Ինչպես տեսնում եք, ստացվում է «կարուսել», որտեղ հարցին նորմալ պատասխան գտնել չի հաջողվում։

Արդյունքում՝ տուժում են սպառողները, որոնք «բախտ են ունենում» մեքենան լիցքավորել նշված ճանապարհին։ Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը այդ հարցում մեղավոր է համարում ՏՄՊՊՀ-ին։ «ՀՀ-ում գոյություն ունի «Տնտեսական մրցակցության մասին» օրենք, որը սահմանում է բոլոր չարաշահումների պատժման ձեւերը: Այդ ոլորտը, ըստ էության, վերահսկվում է ՏՄՊՊՀ-ի կողմից, որը եւ պետք է վերահսկի գները: Այն, որ ՏՄՊՊՀ-ն իր գործառույթը փոխանցել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, դա մեկ այլ` մեր տան բնական գազի մասին է, եւ ոչ` լցակայանների տրամադրած գազի: Դա իրենց գործառույթն է, եւ իրենք են պատասխանատու ամենի համար` ինչքան էլ որ ժխտեն: Եթե գազալցակայանները մի քանիսն են, եւ մենաշնորհային չէ այդ ոլորտը, պետք է կարգավորվի ՏՄՊՊՀ-ի կողմից, անկախ ամեն ինչից»,- ասաց Ա. Պողոսյանը:

Ելենա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ