«Պատճառները եւ սուբյեկտիվ են եղել, եւ օբյեկտիվ: Ես չէի ուզում ձեւական պրեմիերա կազմակերպել, քանի որ բոլորը գիտեն, որ հայ հանդիսատեսը շատ խիստ է»,- ասաց ֆիլմի հեղինակը: Ֆիլմ-օպերան դժվար է նկարահանվել եւ շատ փոքր բյուջե է ունեցել: Սակայն հայ օպերային աստղերի կատարումներն ընդգրկող արվեստի այս յուրահատուկ տեսակը արդեն սկսել է ճանաչում ձեռք բերել: Վիդեոտարբերակի ցուցադրման եւ վաճառքի իրավունքները գնել է հոլիվուդյան հայտնի «Universal» ընկերությունը: «Ողջ աշխարհում վիճում են, թե որն է ֆիլմ-օպերայում ամենակարեւորը՝ երաժշտությո՞ւնը, թե՞ տեսաշարը: Եվ ինչպե՞ս պետք է օպերան ու կինոն ներդաշնակ ներկայացնել»,- ասաց Բ. Հայրապետյանը: Ռուսաստանում ոչ ոք չէր հավատում նման նախագծի հաջողությանը, սակայն Բ. Հայրապետյանը հանդգնություն ունեցավ ու նկարահանեց իր «Նորման»: «Նորմայի» եւ բեմական, եւ կինոտարբերակը ես արել եմ սկսնակի հանդգնությամբ»,- ասաց նա:
Ընդ որում, Երեւանի Օպերայի բեմում մի քանի տարի առաջ արված իր բեմադրությունը նա խնդրել է հանել խաղացանկից, համարելով, որ եթե թատրոնը չունի ամուր խաղացանկ, նա չի կարող ժամանակակից ներկայացում անել: «Դեկորացիաների 30 տոկոսը կորել է, անիմաստ է այն ներկայացնել: Ես համոզված եմ, որ հանրապետությունը կարող է լավ կինեմատոգրաֆիա չունենալ, դա սարսափելի չէ, սակայն պետք է օպերա ունենալ: Մանավանդ, որ այս երկրում միշտ լավ օպերա է եղել, դուք այն կորցրել եք»,- ավելացրեց Բ. Հայրապետյանը: Արյունոտ ու վեհ «Նորմա» օպերայի կինոտարբերակի երեւանյան արձագանքներին նա մեծ հուզմունքով է սպասում:
Ն.Հ.