1996 թվականից հետո ՀՀ նախագահական ընտրություններում ընդդիմադիր ուժերին երբեք չի հաջողվել ամբողջությամբ համախմբվել եւ պաշտպանել մեկ ընդհանուր թեկնածուի:
Այդպիսով ընդդիմադիր ընտրազանգվածը պառակտվել է մի քանի թեկնածուների միջեւ, որի արդյունքում միշտ պարտվել է: Իհարկե, այս հարցում միշտ էլ հսկայական աշխատանք են տարել իշխանությունները, որոնք նախ փորձել են պառակտել ընդդիմադիր դաշտը եւ դրան զուգահեռ` կեղծ ընդդիմադիր թեկնածուներ են խաղարկել: Օրինակ, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին բավականին երկար ժամանակ` մի քանի ընտրություններում հաջողվեց պահպանել ընդդիմության թեկնածուի տիտղոսը: Եվ իր մասնակցությամբ գրեթե միշտ լավագույնս նպաստեց, որ կիսի ընդդիմադիր թեկնածուների ընտրազանգվածը` նպաստելով իշխանական թեկնածուի հաղթանակին: Բացի այդ, բոլոր ժամանակներում ընդդիմության դիրքերից հանդես եկող նախագահի գրեթե անփոփոխ հիմնական թեկնածուներն ունեցել են սեփական անզիջելի ամբիցիաներ ու դիմացինի նկատմամբ ծայրահեղ անհանդուրժող վերաբերմունք: Ահա արդեն երկրորդ տասնամյակն է` այս հիմնական պատճառներով ընդդիմությանը չի հաջողվում համախմբվել մեկ ընդհանուր թեկնածուի շուրջ եւ հաղթել: Վերջին` 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ հզոր հասարակական շարժում սկսվեց, եւ ընդդիմադիր ուժերի մեծ մասը համախմբվեցին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ: Բայց այդ ժամանակ էլ ընդդիմադիր ընտրազանգվածը կիսեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով արմատական ընդդիմությունից ավելի անխնա քննադատում էր իշխանություններին: Այսօր արդեն կարելի է գրեթե համոզված ասել, որ 2013թ. նախագահական ընտրություններին նույնպես ընդդիմությունը չի ունենա մեկ ընդհանուր թեկնածու: Այսօր ընդդիմադիր դաշտը, առավել քան երբեւէ, պառակտված է, եւ հազիվ թե առաջիկա հինգ-վեց ամիսներին կարողանա համախմբվել մեկ ընդհանուր թեկնածուի շուրջ: 2013-ի ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրելու «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ճիշտ է, հունիսի 2-ին կուսակցության համագումարի ժամանակ նա համեստորեն հայտարարեց, թե «չի ցանկանում առաջադրվել» կամ «նախընտրում է լրիվ ուրիշ թեկնածություն պաշտպանել», այնուամենայնիվ, նրա կուսակիցներն արդեն հայտարարում են նախագահական ընտրություններում իրենց առաջնորդի մասնակցության մասին: ««Ժառանգություն» կուսակցությունն առաջիկա նախագահական ընտրություններում կունենա իր թեկնածուն, եւ այդ մարդը անվերապահորեն կլինի կուսակցության առաջնորդ Ր.Հովհաննիսյանը»,- վերջերս հայտարարել էր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` միաժամանակ բացառելով «գործող եւ արդեն ոչ գործող նախագահների թեկնածուներին սատարումը»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը երեկ մեզ հետ զրույցում հնարավոր համարեց, որ այս ընտրություններում ընդդիմության զգալի հատվածին կհաջողվի ունենալ իշխանությանը մրցակից թեկնածու: Միեւնույն ժամանակ նաեւ կարեւորեց այն հանգամանքը, թե ով է լինելու այդ թեկնածուն: «Եթե թեկնածուն ինքը շատ արժանավոր եւ ժամանակի առումով ճիշտ մարդ լինի, անգամ առանց մեծաքանակ քաղաքական ուժերի աջակցության կկարողանա մոբիլիզացնել ընդդիմադիր էլեկտորատը: Հետեւաբար` տվյալ պատագայում ոչ միայն կամ ոչ այնքան կարեւոր է, թե քանի քաղաքական ուժ պայմանավորվածություն ձեռք կբերեն ընդհանուր թեկնածու ունենալու շուրջ, այլ նաեւ այն, թե որքանով թեկնածուն ինքը կունենա ընդդիմադիր էլեկտորատի համախմբելու այդ պոտենցիալը: Քաղաքական ուժերի համախմբվածությունն անհրաժեշտ պայման է, բայց դեռեւս բավարար չէ»,- ասաց Ս.Սաֆարյանը:
Նրա խոսքերով` նախ անհրաժեշտ է, որ Ր.Հովհաննիսյանը կայացնի առաջադրվել-չառաջադրվելու մասին որոշումը, ինչով էլ պայմանավորված կլինի կուսակցության որոշումը: Սակայն կուսակցությունում շատերն են ցանկանում, որ այս անգամ «Ժառանգությունը» մասնակցի իր թեկնածուով, որը Ր.Հովհաննիսյանն է: «Մենք ունենք մեր տեսակետը եւ բոլոր մեր գործընկերներին փորձելու ենք ապացուցել մեր թեկնածուի հաջողությունների առումով»,- եզրափակեց Ս.Սաֆարյանը: Հիշեցնենք, որ 2007թ. ԱԺ ընտրություններում Ր.Հովհաննիսյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվեց թիվ 15 ընտրատարածքում եւ ստացավ ընդամենը 1220` ձայն այն դեպքում, երբ ընտրություններին մասնակցել էր մոտ 35 հազար ընտրող:
Դեռ հայտնի չէ, թե նախագահական ընտրություններում ում է պաշտպանելու ՀԱԿ-ը` նորից կառաջադրվի՞ Լ.Տեր-Պետրոսյանը, թե՞ Կոնգրեսն իր կազմից մեկ ուրիշի կառաջադրի կամ կպաշտպանի այլ ուժի թեկնածուին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ունեցած Կոնգրեսի համագործակցությունից կարելի է չբացառել, որ նրանք կարող են ունենալ մեկ ընդհանուր թեկնածու, ով կարող է լինել այդ երկու ուժերից մեկի ներկայացուցիչը: Ամեն դեպքում եւ՛ ՀԱԿ-ից, եւ՛ ԲՀԿ-ից առայժմ հայտարարում են, որ նման քննարկումներ չեն ունեցել: Օրինակ, դեռ պարզ չէ, անգամ բավականին ինտրիգային է հարցը, թե դեպի որ կողմն է գնալու առայժմ այլընտրանքային ԲՀԿ-ն: Ավելի մեծ է հավանականությունը, որ նա կպաշտպանի գործող նախագահ Սերժ Սարգսյանին, հատկապես որ, շրջանառվող տեղեկությունների համաձայն` արդեն նման բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այս դեպքում արժե հիշել քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունը, թե ԲՀԿ-ն 3 նախագահներից երկուսին «քցելու է»: Եվ այդ «քցվողներից» մեկը լինելու է Լ.Տեր-Պետրոսյանը»: Եվ այս երեք ուժերի` «Ժառանգության», ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի առկա դիրքորոշումներից արդեն իսկ կարելի է եզրակացնել, որ առաջիկա նախագահական ընտրություններին նույնպես ընդդիմությունը չի ունենա միասնական թեկնածու: Եթե անգամ փորձ անի, իշխանությունները չեն թողնի` կհրահանգեն այդ ուժերից մեկին ներկայացնել մեկ այլ թեկնածու եւ այդպիսով կկիսեն ընդդիմադիր ընտրազանգվածը:
Մի փոքր ավելի համեստ դիրքերից է հանդես գալիս «Դաշնակցություն» կուսակցությունը: ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե թեեւ ՀՅԴ-ն սեփական թեկնածուով հանդես գալու խնդիր չունի, իրենք թեկնածուների պակաս չունեն, եւ ՀՅԴ ԳՄ տրամադրվածությունն էլ եղել է այն, որ մասնակցեն սեփական թեկնածուով, «պարզապես վերջնական վճռահատում չի եղել այն նկատառումով, որ ընդդիմադիր տարբեր քաղաքական ուժերի հետ համաձայնության դեպքում հնարավոր է ունենալ մեկ միասնական թեկնածու»: Ա.Համբարձումյանը երեկ պատասխանեց այս թեմայով մեր մի քանի այլ հարցերին:
– Պարոն Համբարձումյան, Ձեր կարծիքով` ընդդիմադիր ուժերն իրենց ոչ այնքան հաշտ հարաբերությունների պայմաններում կարո՞ղ են ընդհանուր հայտարարի գալ եւ նախագահական ընտրություններին պաշտպանել մեկ ընդհանուր թեկնածուի:
– Ցանկալի ենք համարում:
– ՀՅԴ-ն, օրինակ, կպաշտպանի՞ Ր.Հովհաննիսյանին: «Ժառանգությունից» հնչող հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ նա կառաջադրվի:
– Ես չեմ կարծում, որ արդեն ակնհայտ է, որ «Ժառանգությունն» ունի թեկնածու` ի դեմս պարոն Հովհաննիսյանի: Դրանք ընդամենը ցանկություններ են, որ հայտնվել են կուսակցության ներկայացուցիչների կողմից: Պարզապես, որքան հիշում եմ, նրանց համագումարը նման որոշում չի կայացրել: Այնպես որ, «Ժառանգությունը» չունի նախագահի թեկնածու` հանձին Ր.Հովհաննիսյանի: Եվ այդ հարցին անդրադառնալը ժամանակավրեպ եմ համարում:
– Իսկ հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ն ընդհանուր հայտարարի գա ՀԱԿ-ի հետ եւ պաշտպանի նրա թեկնածուին, ով էլ որ նա լինի:
– Իմ նախորդ պատասխանը վերաբերում է անխտիր բոլորին:
– Այսինքն` ՀՅԴ-ն նախագահական ընտրություններում որեւէ թեկնածուի պաշտպանելու հարց կքննարկի միայն այն ժամանակ, երբ նրանց մասին պաշտոնական հայտարարություննե՞ր լինեն:
– Ես կարծում եմ, որ մինչեւ թեկնածուների ի հայտ գալը պիտի այդ գործընթացը սկսել: Եթե տարբեր քաղաքական ուժեր արդեն անձնավորված, հայտնի թեկնածուներ ունենան, հետո նոր քննարկումներ ծավալվեն, այդ գործընթացը կձախողվի: Կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է վեր կանգնեն իրենց նեղ շահադիտական կուսակցական շահերից եւ փորձեն ընդհանուր հայտարարի գալ քաղաքական պլատֆորմի շուրջ: Մեզ համար անձը կարեւոր չէ: Մենք կարեւորում ենք ընդհանուր քաղաքական պլատֆորմը, եւ դրա շուրջ համաձայնություն ձեռք բերելու պարագայում հնարավոր ենք համարում միասնական թեկնածու ունենալը: Բայց հակառակ կողմից մենք չենք փորձելու գործընթացը սկսել: Եվ բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր կփորձեն մեջտեղ բերել թեկնածու եւ նոր կքննարկեն անելիքները, կնպաստեն այդ գործընթացի ձախողմանը:
– Բայց Սահմանադրության փոփոխության կամ ընդդիմությանը օրենքի մակարդակով որոշակի դերակատարություն վերապահելուն կողմ են արտահայտվել ընդդիմադիր բոլոր ուժերը: Սակայն այդ հարցերի շուրջ միակարծիք լինելը չի նշանակում, որ ընդդիմությունը կունենա մեկ ընդհանուր թեկնածու:
– Ես կարծում եմ, որ ձեր հարցին պատասխանեցի:
– Իսկ որքանո՞վ է հնարավոր մինչեւ նախագահական ընտրություններ այդ քաղաքական պլատֆորմի ձեւավորումը:
– Գաղափարաքաղաքական ընդհանրությունները եթե նկատի ունենանք, դժվարանում եմ ընդհանուր քաղաքական պլատֆորմ պատկերացնել: Բայց այն հնարավոր ենք համարում կոնկրետ երկու խնդրի շուրջ` Սահմանադրության փոփոխության ճանապարհով կառավարական համակարգի փոփոխությունը եւ օրենքի մակարդակով ընդդիմությանը լուրջ դերակատարություն վերապահելը: Ավելի պարզ ասեմ, ՀՅԴ-ն հանդես է գալիս ամբողջական իշխանափոխության դիրքերից, եւ մենք ամբողջական իշխանափոխությունը պատկերացնում ենք գործող քաղաքական կառավարման համակարգի արմատական վերափոխման միջոցով: Եթե այս հարցի շուրջ հնարավոր լինի ձեւավորել ընդհանուր քաղաքական պլատֆորմ, այդ ժամանակ մյուս բոլոր հարցերի պատասխանները պարզ կլինեն:
– Ո՞ր ուժերի հետ քաղաքական պլատֆորմ կկազմեք:
– Անխտիր այն բոլոր ուժերի հետ, որոնք կողմ են մեր երկրում համակարգային փոփոխությունների:
– Դուք նկատի ունեք ընդդիմադի՞ր քաղաքական ուժերին:
– Որեւէ տարբերակում չենք դնում: Եթե իշխանության դաշտում գտնվող ուժերը համաձայն կլինեն քաղաքական պլատֆորմի այն մոտեցմանը, որ ՀՀ-ում ճիշտ պետական կառավարման համակարգը խորհրդարանական հանրապետությունն է, որեւէ խնդիր չունենք:
– Եթե ՀՀԿ-ն ընդունի այդ պահանջը եւ հայտարարի, որ համաձայն է համապատասխան սահմանադրական եւ օրենսդրական փոփոխություններին, այդ ուժի հետ քաղաքական պլատֆորմ կկազմե՞ք:
– Եթե ուզում ենք մեր երկրում լուրջ արմատական փոփոխություններ կատարել, գործող պետական կառավարման համակարգը դա թույլ չի տալիս: Այստեղ անձերի խնդիր չէ, մի անձին մյուս անձով փոխարինելը որեւէ արդյունքի չի հանգեցնի: Դրա համար անհրաժեշտ են ձեւավորված կապերը, օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների հետ կապված զսպման եւ հակակշիռների մեխանիզմների ստեղծումը: Եթե ուզում ենք այդ կծիկը քանդել, պետք է լուրջ եւ արմատական փոփոխություններ իրականացնենք: Իսկ դա մեր պատկերացմամբ` պետական կառավարման համակարգի արմատական փոփոխությունն է:
– Եթե ՀՀԿ-ն համաձայնի այդ տարբերակին, կհամագործակցե՞ք այդ կուսակցության հետ:
– Ցանկացած քաղաքական ուժ, ով հանդես կգա այդ քաղաքական պլատֆորմով եւ հստակ պարտավորություն կստանձնի ջանքեր գործադրել այդ պլատֆորմի իրականացման ուղղությամբ, որեւէ խնդիր չունենք:
– Իսկ եթե Ս.Սարգսյանը մինչեւ ընտրությունները համաձայնի իրականացնել նման Սահմանադրական փոփոխություններ, ՀՅԴ-ն կպաշտպանի՞ նրա թեկնածությունը:
– ՀՅԴ-ի համար կարեւորը սկզբունքն է: Բոլոր քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները եւ հասարակության մեջ ակտիվ դերակատարություն ունեցող անձինք, ովքեր կհամաձայնեն առաջարկված պլատֆորմին եւ դրա շրջանակում իրենց նպաստը կբերեն, մենք որեւէ մեկի հետ չհամագործակցելու խնդիր չունենք: