Ինտերնետային լրահոսում երեկ բավականին հետաքրքիր նյութ հայտնվեց Վրաստանի մասին։ Վրաստանի կառավարությունը պայմանագիր կկնքի երկրի յուրաքանչյուր բնակչի հետ, որում ընդգրկված կլինեն իշխանության բոլոր խոստումները:
Այդ մասին Թբիլիսիի ծայրամասային թաղամաս Գլդանիի բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։ Խոսքը, մասնավորապես, Վրաստանի բոլոր քաղաքացիների բժշկական ապահովագրության մասին է, զբաղվածության խնդրի լուծման, յուրաքանչյուր ընտանիքին հազար լարիի (625 դոլար) չափով բաժնետոմսերի բաշխման մասին: «Այդ պայմանագիրը կկնքենք ես եւ վարչապետ Վանո Մերաբիշվիլին»,- ասել է Վրաստանի ղեկավարը` խոստանալով, որ պայմանագրի բոլոր կետերը կկատարվեն:
Հիշեցնենք, որ առաջիկա աշնանը Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Այնպես որ, շատերը Վրաստանի իշխանությունների այս քայլը կհամարեն սովորական շոու։ Այս տեսակետն, ի դեպ, ավելի է հիմնավորվում, եթե նկատի ունենանք, որ գլխավոր ընդդիմադիր ուժի՝ «Վրացական երազանքի» առաջնորդը միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին է։ Վերջինս խոստացել է ստեղծել, այսպես կոչված, «միլիարդանոց հիմնադրամ»` գյուղատնտեսությունը խթանելու համար։ Իշխանությունները վերջինիս մեղադրել են ընտրողներին կաշառելու մեջ։ Եվ դրան զուգահեռ՝ ներկայացրել իրենց այլընտրանքը՝ 1000 լարիանոց վաուչերն ու պայմանագիրը։ Պայմանագիրն, ի դեպ, ավելի շատ հոգեբանական ազդեցություն ունի։ Երեկ մենք որքան խնդրեցինք, չկարողացանք գտնել, թե պարտավորությունները խախտելու դեպքում կառավարությանը ինչ է սպառնում։ Ի դեպ, Հայաստանում ովքեր լսում էին այս լուրը, առաջին արձագանքը հետեւյալն էր՝ «հետո ո՞նց են տակից դուրս գալու»։ Այսինքն, ի սկզբանե եզրակացնում ենք, որ Վրաստանի ներկայիս իշխանություններն ընտրվելու դեպքում չեն կարողանալու կատարել իրենց խոստումները։ Ինչպես ասում են, աչքը տեսածից է վախենում (խոսքը վերաբերում է հայերիս)։ Սակայն «Սահակաշվիլիի պայմանագիրը» շատ ավելի կոնկրետ ու առարկայական բնույթ ունի, քան մեր իշխանությունների ոչինչ չասող «Հավատանք, որ փոխենքը» ու գեղեցիկ ելույթները։ Այլ կերպ ասած, Վրաստանի իշխանության նախընտրական խոստումները շատ ավելի իրատեսական են, քան Հայաստանի պարագայում։ Օրինակ՝ վրացիները խոստանում են առաջիկա 4 տարիների ընթացքում ստեղծել 50 հազար նոր աշխատատեղ։ Մերոնք խոստացել են 100 հազար։ Կամ, օրինակ՝ Սահակաշվիլին խոստացել է, որ Վրաստանում տնտեսական աճն ընթացիկ տարում կկազմի 8%, հետագա տարիներին՝ դրանից ոչ պակաս: Հայաստանի իշխանություններն այս հարցում ավելի համեստ գտնվեցին՝ նախատեսել են տնտեսական աճ տարեկան 7%-ի շրջանակներում։ Սակայն, միեւնույն ժամանակ, պետք է նկատի ունենալ, որ Վրաստանը 2011թ. ունեցել է 7% տնտեսական աճ, իսկ 2010-ին՝ 6.3% (ըստ Համաշխարհային բանկի տվյալների)։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանում 2011թ. տնտեսական աճը 4.6% էր, 2010թ.՝ 2.1%։ Այսինքն, վրացիների բազան ավելի լավն է։
Եթե ըստ ոլորտների վերլուծենք՝ թե՛ ներդրումային միջավայրի, թե՛ կոռուպցիայի դեմ պայքարի, թե՛ գների տեսանկյունից, ապա կգանք այն եզրակացության, որ վրացիներին կհաջողվի կատարել իրենց պայմանագրի կետերը, նաեւ` ի հաշիվ մեզ։ Պարզ օրինակ բերենք՝ ասվածը հիմնավորելու համար։ Երեկ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ իրենց գնացքներով մեկ ամսվա ընթացքում (հունիսի 15-ից մինչեւ հուլիսի 15-ը) վրացական հանգստավայրեր է մեկնել 6 հազար 173 մարդ: Դա 27 տոկոսով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, երբ տեղափոխվել է 4 հազար 848 ուղեւոր: Իհարկե, ուղեւորների թիվը վերաբերում է միայն երկաթուղուն, սակայն աճի ցուցանիշի հիման վրա կարող ենք պատկերացում կազմել, թե այս տարի որքանով է ավելանալու դեպի վրացական լողափեր մեկնող հայաստանցիների թիվը։ Իսկ որքան շատ զբոսաշրջիկ, այնքան լավ՝ վրացական տնտեսության համար։
Ի դեպ, 1000 լարիանոց վաուչերի գաղափարն ինքնին բավական հետաքրքիր է։ 2013 թվականից սկսած յուրաքանչյուր ընտանիքի կբաժանվի 1000 դոլարանոց վաուչեր, որով 4 տարիների ընթացքում հնարավոր կլինի վճարել էլեկտրաէներգիայի, գազի, ջրի կամ կենցաղային այլ ծառայությունների վարձերը, ձեռք բերել դեղորայք, դասագրքեր, վառելիք, գյուղտեխնիկա: «Դեռեւս կան մի շարք խնդիրներ, որոնք անհանգստացնում են յուրաքանչյուր ընտանիքի։ Այդ իսկ պատճառով՝ ես հանդես եմ գալիս նոր նախաձեռնությամբ՝ յուրաքանչյուր ընտանիքի հատկացնել 4 տարվա համար նախատեսված վաուչեր՝ 1000 լարի արժեքով։ Մենք ցանկանում ենք, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք ինքը որոշի՝ ո՞ր խնդիրների լուծման համար ծախսել այդ գումարը»,- ասել է Սահակաշվիլին։
Առաջին հայացքից սա պարզունակ պոպուլիստական քայլ է, որը պարզապես կարող է որոշ չափով թեթեւացնել վրացիների սոցիալական վիճակը։ Ավելին, որոշ ընդդիմադիրներ կարող են նշել, որ վրացիների այդ քայլը կարող է գնաճի հանգեցնել։ Սակայն սա ավելի կոնցեպտուալ մոտեցում է նշանակում։ Այսինքն՝ վրացական իշխանություններն առաջարկը խթանելու փոխարեն` նախապատվությունը տալու են պահանջարկի խթանմանը։ Ի դեպ, Հայաստանում նման մոտեցում որդեգրելու կոչով բազմիցս հանդես է եկել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Նա, օրինակ, նշում է, որ կառուցապատողներին արտոնություններ տրամադրելու փոխարեն` ավելի ճիշտ կլինի աջակցել գնորդներին։ Իհարկե, խոշոր հաշվով, մոտեցումների տարբերությունը կարող է երկար ու անվերջ բանավեճի պատճառ դառնալ։ Սակայն Հայաստանում պահանջարկի խթանման օգտին խոսող մի կարեւոր փաստարկ կա՝ կոռուպցիան։ Երբ պետությունը հայտարարում է, որ, օրինակ, շահութահարկի կամ ԱԱՀ-ի գծով արտոնություններ է տրամադրելու որոշ ընկերությունների, ապա դա շատ լուրջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ Քչերն են հավատում, որ «արտոնյալներն» ընտրվելու են բացառապես արդար ճանապարհներով։
Թե որ մոտեցումն է ավելի ճիշտ՝ ցույց կտա ժամանակը։ Սակայն մի բան գնալով ավելի ակնհայտ է դառնում. Վրաստանն ընդգծված կերպով սկսում է տարբերվել տարածաշրջանի բոլոր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։ Իսկ դա երբեմն բերում է աննախադեպ արդյունքների։