Այսօր գործում են կազմակերպություններ, որոնք նման ծառայություններ են մատուցում: «Ակունք» կենտրոնի տնօրեն Սյուզաննա Գաբրիելյանի խոսքերով, վերջին ժամանակաշրջանում «մոդայիկ» է դարձել թամադա վարձելը, քանի որ անծանոթ թամադան ու նախօրոք մշակված սցենարը նպաստում են, որ արարողությունն ավելի կազմակերպված ընթանա: Հիմնականում բոլոր վարձովի սեղանապետերը պրոֆեսիոնալ դերասաններ են: Նախքան միջոցառում վարելը նրանք մի քանի անգամ հանդիպում են իրենց հաճախորդների հետ, ծանոթանում են ընտանիքներին, նրանց բարեկամներին ու ընկերներին, սովորույթներին ու ցանկություններին: Այնուհետեւ համատեղ մշակում են միջոցառման ծրագիրը: «Մենք անում ենք ամեն ինչ, որ թամադայի ու ընտանիքի կապը սերտ լինի, որպեսզի միջոցառումն արհեստական ու կեղծ բնույթ չկրի»,- ասում է Ս. Գաբրիելյանը: Ինչպե՞ս են ընտրում թամադային: Հաճախորդին առաջարկվում են մի քանի թամադաների ծառայություններ, ցուցադրում են տեսանյութեր, ծանոթացնում յուրաքանչյուր թամադայի ոճի հետ (հումորային, ավելի անմիջական, պաշտոնական), ապա հաճախորդն իր ընտրությունն է կատարում: Օրինակ, հարսանեկան տոնակատարությունների ժամանակ ոմանք նախընտրում են կենացների սակավություն. այդ դեպքում թամադան վերածվում է միջոցառումը վարողի: Կամ, օրինակ, մի փեսա առաջարկել է «վիրտուալ» թամադայի գաղափարը եւ հարսանիքի ընթացքում լսվել է միայն սեղանապետի ձայնը: Թամադայի ծառայությունների նկատմամբ պահանջարկը, ըստ Ս. Գաբրիելյանի, աճում է նաեւ գյուղերում:
Իսկ ի՞նչ արժե սեղանապետի ծառայությունը: «Գումարի մասին սովորաբար հաճախորդն ու թամադան են փոխհամաձայնության գալիս: Դա կախված է լինում հիմնականում ծրագրի բնույթից ու բարդությունից: Օրինակ, եթե թամադան վարում է երգին զուգընթաց, կամ միջոցառման մասնակիցների ու կենացների թիվը շատ մեծ է, բնականաբար այդ ծառայությունն ավելի թանկ արժե: Կախված միջոցառման բնույթից՝ ծառայության գինը սկսվում է մոտավորապես 50 դոլարից եւ հասնում մինչեւ 300 դոլարի»,- նշում է Ս. Գաբրիելյանը:
«Ակունք» կենտրոնի հետ համագործակցում է նաեւ հանրապետության միակ կին թամադան՝ երիտասարդ Եվգինե Հովսեփյանը: Եվգինեն, որ մասնագիտությամբ պարուհի է, 6 տարեկանից բեմում է: Այժմ «ՎլադԿո» ստուդիայի պարային գեղարվեստական մասի ղեկավարն է: Արդեն 5 տարի Եվգինեն կրում է «Հայաստանի սեղանապետուհի» տիտղոսը: «Տարիներ առաջ հիմնականում վարում էի ռեստորանային համալիրների շոու-ծրագրերը եւ մի օր էլ ինձ առաջարկեցին սեղանապետի գործունեություն սկսել: Տանն այս փաստը լավ չընդունեցին՝ գտնելով, որ աղջիկը գինովցած մարդկանց չպետք է կառավարի: Սակայն մի օր մորս հրավիրեցի միջոցառումներից մեկին, եւ նա տեսավ, որ իմ անվտանգությունը լիովին ապահովված է: Առաջին անգամ որպես թամադա աշխատեցի քյավառցիների հետ, որից մեկ շաբաթ անց ինձ հրավիրեցին Գավառ՝ մկրտության արարողություն վարելու»,- պատմում է Ե. Հովսեփյանը: Նրա խոսքերով, վերջին մեկ տարում մեր հասարակությունն արդեն ընդունում է այն փաստը, որ թամադա կարող է լինել ոչ միայն տղամարդը: Առաջին՝ «Բարով տեսանք», կենացից հետո սովորաբար կնքահայրը ներկայացնում է Եվգինեին, որպեսզի ամեն անգամ մասնակիցները զարմանքով «չբացահայտեն», որ սեղանապետը իգական սեռի ներկայացուցիչ է: Դրությունը փոքր-ինչ բարդանում է պահպանողական համայնքներում: «Շատ եմ սիրում ավանդապաշտ ու հյուրընկալ գյումրեցիներին, որոնք մի անգամ ինձ ասացին. «Ինչը՞խ կեղնի, դու մեզի ղեկավարես»: Այս պարագայում շեշտը դրեցի Գյումրիի ավանդական պարատեսակների վրա ու ցույց տվեցի, թե «ինչըխ կեղնի»: Ի դեպ, վերջերս մարզերից շատ եմ հրավերներ ստանում»,- ասում է Եվգինեն:
Թամադայի գործը հեշտ չէ: Շատ կարեւոր է նախօրոք իմանալ, թե դահլիճում ինչ ոլորտի մարդիկ կան, որպեսզի նույնիսկ հումոր անելիս զգուշությունը պահպանվի: Սցենարը կազմելիս կարեւոր է, թե ինչպես են ծանոթացել նորապսակները, եւ հատուկ մրցանակի է արժանանում ծանոթացնողը: «Շատ սիրում եմ ասմունքել, հիմնականում Սեւակից, Տերյանից, Շիրազից: Տատիկ-պապիկների կենացի ժամանակ արտասանում եմ «Մոր ձեռքերը»: Դա իմ «արքայական» համարն է, որը միշտ ուղեկցվում է իմ արցունքներով: Երբ ասում ես. «Հայկուշ տատի, աչքդ լույս լինի, Սեւակի այս խոսքերը Ձեզ ենք նվիրում», տատիկը հարցնում է. «Բալա ջան, ես քեզ ճանաչո՞ւմ եմ, դու իմ անունը որտեղի՞ց գիտես»: Սա արդեն մեծ հուզմունք է առաջացնում»,-ասում է Եվգինեն: Կին-թամադան ասում է, որ իր նախապապը եղել է Թիֆլիսի Սբ. Գեւորգ եկեղեցու առաջին հայ քահանան: Եվ հենց դրանով է նա բացատրում այն, որ շատ է սիրում Սուրբ Մկրտության ծիսակատարությունների թամադա լինել: