Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կարող է կայանալ Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` տեղեկացնելով, որ նման առաջարկությամբ հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք նախատեսում են նաեւ առանձին հանդիպումներ անցկացնել իր եւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանները մեկնարկում են յուրաքանչյուր տարվա սեպտեմբերին: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 18-ին Փարիզում: