Երեկ Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները հայտարարություններ են տարածել` դատապարտելով հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրությունները: Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը հայտարարել է, թե «Ադրբեջանի օկուպացված տարածքներում ընտրությունների անցկացումը սադրանք է եւ հայկական կողմի փորձը` ամրապնդել ներկայիս ստատուս-քվոն, որի անընդունելիությունը ճանաչվում է միջազգային հանրության կողմից»։ Ըստ Աբդուլաեւի` այդ ընտրությունները վնաս են հասցնում ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Նա հայտարարել է նաեւ, թե Ղարաբաղի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող օտարերկրյա պետությունների բոլոր քաղաքացիները պաշտոնական Բաքվի կողմից կճանաչվեն որպես «անցանկալի անձ»: Թուրքիայի ԱԳՆ-ն էլ` վերահաստատելով աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, հայտարարել է, թե Ղարաբաղում անցկացվող ընտրությունները խախտում են միջազգային իրավունքը եւ նպատակ ունեն «միակողմանիորեն օրինականացնել անօրինական իրավիճակը»: Ըստ նույն հայտարարության, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ ամենալուրջ խոչընդոտը Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության, բարիդրացիական հարաբերությունների եւ համագործակցության հաստատման ջանքերի համար: