Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը երեկ կայացած ասուլիսում հայտարարել է, թե գոհ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից, ով պարտադրեց հրաժարվել պատգամավորական մանդատից: Ըստ Հովհաննիսյանի, այդպիսով, Ծառուկյանն իրեն լավություն է արել, քանի որ այսօր արդեն ինքը հնարավորություն ունի խորհրդարան մտնել որպես միանգամայն անկախ պատգամավոր` առաջադրվելով որպես մեծամասնական թեկնածու Ավանի թիվ 1 ընտրատարածքում: Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ չէր հրաժարվել մանդատից ի սկզբանե` Հմայակ Հովհաննիսյանը պատասխանել է. «Հա, գործնական լեզվով ասած` «քցել» են: Բայց իմ կարգավիճակը հարգվել է: Դուք ուզում էիք ես Վահե Ավետյանի օ՞րն ընկնեի: Չգիտե՞ք, որ օլիգարխների հետ չեն վիճում»: Այդքանից հետո Հովհաննիսյանը խոսքն ուղելով ԲՀԿ-ին` ասել է, թե քաղաքականության մեջ` ի տարբերություն բիզնեսի, «քցողն ա քցվում»: Հովհաննիսյանը հայտարարել է, թե ինքը մշտապես հետեւողական է եղել իր սկզբունքներին, եւ դրանցից մեկն այն է, որ օլիգարխները ԱԺ չմտնեն: «Ես Գագիկ Ծառուկյանի ամենահետեւողական քննադատն եմ, միակ քաղաքական գործիչն եմ, որ հետեւողական զբաղվել է ռուս սպայի սպանությամբ: Այդ հատվածն օրենքից դուրս է»,- ասել է նա` չմանրամասնելով, թե ինչու դրա մասին չէր հիշում ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու ժամանակ: Երեկ Հ. Հովհաննիսյանն անդրադարձել է նաեւ առաջիկա նախագահական ընտրություններին` ասելով, թե իր կարծիքով` ընդդիմությունը չի կարող գաղափարապես միավորվել եւ միասնական թեկնածուով մասնակցել դրանց: Նա ասել է, թե որպես նախագահի ապագաղափարական թեկնածու` ինքը տեսնում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: «Գաղափարայնացված կերպար չի կարող լինել, պետք է լինի ապագաղափարական, եւ այստեղ գալիս է Ծառուկյանի` իբրեւ բարեգործի կերպարը: Գուցե այդ բարեգործը պետք է լինի միասնական թեկնածու մի իրավիճակում, երբ գաղափարական քաղաքական ընդհանրություններ չկան կուսակցությունների միջեւ»,- ասել է նա` ավելացնելով, որ ՀԱԿ-ը չի կարող միասնական թեկնածու առաջադրել, քանի որ գտնվում է թույլ վիճակում: «Միասնական թեկնածուն ընդդիմության համար այս թույլ վիճակում, երբ ՀԱԿ-ից դուրս եկան Դավիթ Շահնազարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արամ Սարգսյանը եւ հայտարարեցին, որ ինչպես իշխանությունն է ոչ լեգիտիմ, նույնքան էլ այսօրվա ընդդիմությունն է ոչ լեգիտիմ` իր գործունեությամբ եւ իր փոխհարաբերությունով: Այս իրավիճակում միասնական թեկնածուն դիտվում է որպես բողոքավոր քվեարկության կազմակերպման լծակ»,- ասել է Հովհաննիսյանը` այդուհանդերձ նշելով, որ միասնական թեկնածու դառնալու հավակնություն ունի նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Դրա համար ինքը հանրահավաքում նշեց, որ պետք է վերջնականորեն խզել հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Նա չի էլ թաքցնում, բացահայտ ասաց` ամեն ինչ պետք է անենք, որ Ծառուկյանը չընկնի Սերժ Սարգսյանի գիրկը, հետեւապես պետք է պոկել նրա գրկից, եթե նա նրա գրկում է: Եթե Ծառուկյանը դառնա թիրախ` ՀՀԿ-ի համար, եւ նրան նեղը գցեն, այս դեպքում կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը»,- ասել է Հ. Հովհաննիսյանը` չբացառելով, որ վերջինիս` որպես միասնական թեկնածու կարող է ընդունել անգամ Լ. Տեր-Պետրոսյանը. «Լեւոն Տեր-Պետրոսյանն այնքան բան է ասել ու հրաժարվել, որ վաղը կարող է Ռոբերտ Քոչարյանին էլ ընդունի` որպես միասնական թեկնածու. Ի՞նչ է պատահել»: Երեկ Հ. Հովհաննիսյանը կրկին քննադատել է ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանին, ասելով. «Երբ ես տեսնում եմ, թե ով է մամուլի պաշտպանի դերում` Ուրիխանյանը, ով կրակել էր իրավապաշտպան Միքայելյանի վրա: Նա Նաիրի Հունանյանից չի տարբերվում, կրակել է հայ մարդու վրա, միայն նրա համար, որ չի կիսում հայացքները, կամ դեմքի արտահայտությունը դուր չի գալիս»: Ավելի ուշ Ուրիխանյանն է պատասխանել Հովհաննիսյանին` զգուշացնելով, որ եթե նա այդպես շարունակի, ապա ինքը ստիպված կլինի ներկայացնել ապացույցներ, թե ինչպես էր ՀՔՄ նախագահը «խնդրում, աղաչում, պաղատում, որ իրեն օժտեն պատգամավորական մանդատով»: «Ես վերջին անգամ եմ անդրադառնում անէական մարդու անէական խոսակցություններին, որը փորձում է ջուր պղտորել եւ այդ ջրում իր համար որեւէ օգտակար բան գտնել»,- news. am-ին ասել է Ուրիխանյանը: