Որքան «168 Ժամ» թերթը լուսաբանում է Ընտանեկան նպաստ համակարգի վերաբերյալ կոռուպցիոն փաստեր, այնքան շատանում է այդ համակարգից տուժած քաղաքացիների հոսքը մեր խմբագրություն: Պարզվում է` պետական նպաստ ստանալու համար Սոցիալական աջակցության գրասենյակների պետերին եւ տեսուչներին կաշառելը օրինաչափություն է, եւ մի քանի ամսվա գումարը տեսուչներին թողնելը կատարվում է ոչ թե կամավոր սկզբունքով, այլ` պարտադիր կերպով: Հետաքրքիր է, որ նպաստառուներից ոմանք մինչ մեր հրապարակումները կարծում էին, թե տարվա մեջ երկու ամսվա նպաստը տեսուչին թողնելը օրենքի պահանջ է: Նախ նշենք, որ թերթին դիմող նպաստառուները փաստեր հրապարակելուց հետո Սոցիալական աջակցության գրասենյակների աշխատակիցների կողմից ենթարկվում են ճնշումների, մասնավորապես` նրանց «գործ տվողի» պիտակ են կպցնում, իսկ ոմանց նույնիսկ սպառնում են ընդհանրապես զրկել նպաստից: Ելնելով վերոգրյալից` հարկ ենք համարում հիշեցնել, որ իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիները պարտավոր չեն առանց այդ էլ ծայրաստիճան աղքատության մեջ գոյատեւելով` բյուջեից տրամադրված իրենց հասանելիք գումարները «նվիրել» տեսուչներին: Հետեւաբար, նման փաստերի հրապարակումից հետո նպաստից զրկելու սպառնալիքը ոչ միայն բարոյական չէ, այլեւ համարվում է ոչ իրավաչափ գործողություն, քանի որ նպաստի նշանակման կամ դրանից զրկելու իրավասությունը գրասենյակի պետերի եւ տեսուչների մենաշնորհը չէ: Նպաստի տրամադրման կամ դրանից զրկելու համար գոյություն ունի «ՀՀ պետական նպաստների մասին օրենք», ինչպես նաեւ` Կառավարության որոշումներ: Երեկ իր երկու ծանր հիվանդ անչափահաս երեխաների հետ մեր խմբագրություն էր եկել Պռոշյան գյուղի բնակիչ Սեյրան Մահմուդյանը, ում նույնպես զրկել են նպաստից` անհեթեթ մի պատճառաբանությամբ: Նախ նշենք, որ երեք անչափահասների մայրը բնակվում է սկեսրայրի հետ, երեխաներից փոքրը էպիլեպսիայով հիվանդ է, իսկ աղջիկը արյան հետ կապված հիվանդության պատճառով` տեւական ժամանակ քիմիաթերապիա է ստանում: «Քանի որ երեխաներիս վիճակը ծանր է, իսկ ես չեմ կարողանում հասցնել մանավանդ աղջկաս անընդհատ բերել Մուրացանի հիվանդանոց` քիմիա ստանալու, սկեսրոջս խնդրել եմ, որ ժամանակավոր մեզ հետ մնա` ինձ օգնելու համար: Սկեսուրս գրանցված ա Էջմիածնում, որտեղ եղբոր տանն էր բնակվում: Մի երեք տարի ա, ինչ մեզ հետ ա մնում, որ օգնի ինձ, իսկ ամուսինս Ռուսաստանում ա: Սկեսուրս հիմա մեր մոտի բուժարանում հավաքարար ա աշխատում, որ երեխաներիս մի կտոր հաց հասցնի»,- պատմում է Ս. Մահմուդյանը, ում տեսուչը տեղեկացրել է, որ այլեւս նպաստ չի ստանալու` պատճառաբանելով, որ սկեսուրը պարտավոր է Էջմիածնի գրանցումից դուրս գալ եւ գրանցվել Պռոշյան գյուղի Չարենցի փողոցի բնակարան 4-ում, որտեղ բնակվում է վերոնշյալ ընտանիքը: Վերջինս վստահեցնում է, որ սկեսուրն իր մոտ տեղափոխվել է ժամանակավոր, քանի որ երեխաների խնամքի հարցում երեք երեխաների մորը օգնություն է անհրաժեշտ. «Գնացինք գյուղապետարան, ներկայացրինք խնդիրը, բայց էնտեղից էլ ասեցին, որ եթե սկեսուրս մեր տան վրա գրանցվի` մենք ընդհանրապես կզրկվենք նպաստից, որովհետեւ իրեն կգրանցեն` որպես ընտանիքում աշխատանք ունեցող անձ: Բուժարանում ինքը մոտ 32.000 դրամ աշխատավարձ ա ստանում: Հիմա ես չգիտեմ` ի՞նչ անեմ, ո՞նց պահեմ հիվանդ երեխաներիս, անգամ տրանսպորտի գումար չունեմ, որ տանեմ քիմիայի, ամեն օր սրսկումներ ա ստանում, շատ ծանր վիճակում ենք: Տղաս էպիլեպսիայով հիվանդ ա, ցնցումների համար դեղորայք են նշանակել, բայց մի կոպեկ չունեմ, որ գնեմ. եթե նոպան սկսվեց…»: Ս. Մահմուդյանը հունիս ամսից իրեն հասանելիք 32.500 դրամ նպաստը չի ստացել սկեսրոջ գրանցման պատրվակով: Գյուղապետարանից զգուշացրել են, որ սկեսրոջն իր տան վրա գրանցելուց հետո այս ընտանիքն ընդհանրապես զրկվելու է պետական նպաստ ստանալու իրավունքից: Ընդ որում` Սոցիալական աջակցության գրասենյակի աշխատակիցն անցյալ տարի նույնպես նպաստ չի տրամադրել, որից հետո Ս. Մահմուդյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ. «Փաստաթղթերս վերականգնեց, որովհետեւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից գրություն էր եկել իրենց մոտ, որ նպաստից զրկելն անօրինական ա: Օրինական կարգով ինքը պարտավոր էր ինձ չվճարած 4 ամսվա նպաստը վերադարձնել ինձ, բայց խնդրեց, ինձ ասեց` ի վիճակի չեմ, ինձ աշխատանքից ուզում են հանել: Ես դիմումս հետ վերցրեցի եւ հրաժարվեցի ինձ հասանելիք 120.000-ից: Քանի որ ես դիմել էի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ` ինքը մուռ ա պահել, թե ինչի եմ բողոքել, ու հիմա նորից զրկել ա նպաստից»: Ս. Մահմուդյանը վստահեցնում է, որ օրինական իրավունքների համար պայքարելու դեպքում գրասենյակի աշխատակիցները «թարսվում» են իրենց հետ եւ ամեն ինչ անում են պետական աջակցությունից զրկելու համար: «Գնա ում ուզում ես բողոքի»,- ի պատասխան Ս. Մահմուդյանի պահանջի` հորդորում են Սոցիալական աջակցության գրասենյակից: Ի դեպ, վերջինս վստահեցնում է, որ մինչ այս տարի` տարվա մեջ մեկ ամսվա նպաստի գումարը թողել է տեսուչին, իսկ եթե փորձի հրաժարվել` «Չի լինի, որովհետեւ պահանջում են, տեսուչն ասում ա` շեֆը վրես կխոսա: Նույնիսկ նպաստառու ընտանիքներում դպրոցականներին ուսման տարվա առիթով տրամադրվող 20.000 դրամ պետական գումարից 2000-3000-ը իրենք վերցնում են»: Երեկ մենք նաեւ զանգահարեցինք տարածքը սպասարկող Լիանա անունով տեսուչին, ով Ս. Մահմուդյանին նպաստից զրկելու հիմնավորումը պատճառաբանեց թերի փաստագրմամբ: Մենք հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք նույն փաստագրմամբ Ս. Մահմուդյանի ընտանիքը նախկինում նպաստ չի ստացել: Վերջինս մեկնաբանեց, որ ներկայումս այդ ընտանիքում աշխատող անձ կա` նրա սկեսուրը, հետեւաբար` ինքը չի կարող թաքցնել զբաղվածության փաստը: Այլ կերպ ասած` Ս. Մահմուդյանին ստիպում են սկեսրոջը գրանցել իր տան վրա, եւ, աշխատողի փաստը վկայակոչելով, զրկել նրան նպաստից: Լիանան չմոռացավ նաեւ շեշտել, որ օրենքն է պահանջում փաստագրել ընտանիքի ողջ կազմին: Գաղտնիք չէ, որ օրենքն ու փաստաթղթերի բացակայությունը կարելի է շրջանցել շահառուի 1-2 ամսվա նպաստը գրպանելու պայմանով: «Իսկ օրենքը նաեւ պահանջում է աղքատ ընտանիքների նպաստը տարվա մեջ մեկ անգամ գրպանե՞լ»,- հետաքրքրվեցինք տեսուչից: Վերջինս, ի դեպ, այնքան «կիրթ» էր, որ առաջին անգամ անծանոթ մարդու հետ խոսելիս այսպես էր դիմում` «Լսի ընգերուհի…»: «Լսի ընգերուհի, դու ի՞նչ իրավունք ունես նման անհիմն հայտարարություն անելու: Դու կարա՞ս խոսքիդ տակից դուրս գաս…»: Կոռեկտ խոսելու մեր հորդորներն ապարդյուն էին, Լիանան Լիանան է, ով նման բառապաշարով ու վարքագծով սպասարկում է ամբողջ մի տեղամասի աղքատ խավի պետական աջակցության տրամադրումը: Եվ եթե նա նման կերպ խոսում էր մեզ հետ, արդեն հասկանալի է, թե ինչպես կխոսի շահառուների հետ. գոռալով, վիրավորելով եւ նվաստացնելով, քանի որ պետական գումարներն իր ձեռքերով են հանձնվում նման մարդկանց: Ինքն իր տարածքում շատ կարեւոր մարդ է…
Հ.Գ. Մեր թերթի նախորդ համարներում նաեւ անդրադարձել էինք Հաղթանակի Ամառանոցային 30/7 հասցեի բնակչուհի Անուշ Հարությունյանի ներկայացրած փաստերին, համաձայն որի` նա տարվա մեջ երկու ամսվա նպաստը թողնում է տեսուչին: Երեկ մենք տեղեկացանք, որ Երեւանի քաղաքապետարանից ներկայացուցիչներ են այցելել գրասենյակ եւ փորձել են ուսումնասիրել փաստերը: Ա. Հարությունյանը պնդել է, որ տեսուչին գումար է տվել: Այնուհետեւ նրան հորդորել են դիմում-բողոք գրել, որպեսզի տեսուչի դեմ դատարանում հայց ներկայացնեն։ «Ես հրաժարվեցի, չեմ կարող, դա խղճիս վրա ծանր կնստի: Ինքը երեխաներ ունի, մայր է, ու չեմ ուզում` հայտնվի ճաղերի ետեւում, ես իսկապես նման բան չեմ կարող անել, չեմ կարող իր երեխաներին որբ թողնել, դա մարդկային չի: Թող աշխատանքից հեռացնեն, թող պահանջեն, որ վերցրած գումարը վերադարձնի, բայց, խնդրում եմ, ինձ հասկացեք, դատի չեմ տա, մեղք են երեխաները»,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Հարությունյանը, ում նմաններից նման տեսուչները պետք է շնորհակալ լինեն ու մարդկային խիղճ կոչվածի մասին երբեմն իրենք էլ հիշեն: Ի դեպ, անգամ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն են Ա. Հարությունյանի պայմաններին ծանոթանալով` ապշել, թե ի՞նչ խղճով է տեսուչն այդ աղքատ ընտանիքից գումար վերցրել: